Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Արդեն մեկ ամիս է, ինչ ԱԺ-ն մեկնել է արձակուրդ, որը, թերեւս, ուսանողներին ու դպրոցականներին տրվող արձակուրդներից հետո ամենաերկարն է:
Յուրաքանչյուր խմբակցություն, բնականաբար, խիստ դրական է գնահատել իր գործունեությունը անցած նստաշրջանում:
Թեժ բանավեճեր, բուռն քննարկումներ, էթիկական նորմերի բազում խախտումներ, ժարգոնային ու պատիվ չբերող բառապաշարի գործածություն, թունդ հայհոյանքներ եւ օրենքներ, որոնց մի մասն արժանացավ քննադատելի վերաբերմունքի՝ ուղեկցվելով բողոքի գործողություններով, օրենքներ, որոնք ընդունվեցին հարկադիր կոճակսեղմումով, եւ օրենքներ, որոնք շատ ավելի օգտակար կլիներ, որ ընդհանրապես ընդունված չլինեին:
ԱԺ-ն մեկնել է արձակուրդ՝ օրակարգում թողած 144 նախագիծ: Դրանցից 21-ը ՀՀ նախագահի ներկայացրածներն են, 28-ը՝ պատգամավորների, մյուս մասը՝ կառավարության: Ընդունվել է 270 նախագիծ, որոնցից 38-ը նախագահի ներկայացրածն են, ու ընդամենը 20-ը՝ պատգամավորների: Այսինքն` իրենց հիմնական գործառույթը՝ օրենք հեղինակելը, Ազգային ժողովի պատգամավորները չեն կատարում, փոխարենը Ազգային ժողովը հեշտությամբ հաստատել է կառավարության ներկայացրած օրինագծերը: Խորհրդարանում հաղթում է մեծամասնության ձայնը, իսկ խորհրդարանական մեծամասնության շատ ներկայացուցիչներ ըստ հրահանգի կոճակը սեղմելուց առաջ տեղյակ անգամ չեն լինում, թե որ օրենքի մասին է խոսքը եւ այն ինչ է տալու մեզ, մեր երկրին ու իրենց:
Այս նստաշրջանում եւս, նախորդների պես, բազում պատգամավորների հիմնական գործառույթը հրահանգով կոճակ սեղմելուց զատ, նաեւ հարեւան գործընկերների մոնիտորների վրա դաշնամուր նվագելն էր, քվեարկություն՝ մեկը մյուսի փոխարեն: Պարզապես այս անգամ լրագրողներն այլեւս մեծ ուշադրություն չէին դարձնում այդ հանգամանքին, մանավանդ, որ նախորդ անգամ բարձրաձայնումները որեւէ արդյունք այդպես էլ չարձանագրեցին: Իրենք չեն ներկայացնում օրինագիծ, չեն մասնակցում այդ աշխատանքներին, ավելին` գլուխ չեն էլ հանում, թե ինչ է դա, բայց ուրիշի փոխարեն էլ որոշում են, թե որ օրենքը իրավունք ունի ապրելու, որը` ոչ: Օրինակ` 2011թ. դեկտեմբերի 8-ին, երբ քվեարկության էր դրվել 2012-ի պետբյուջեի օրինագիծը, 64 պատգամավոր էր ներկա, երբ պահանջվում է 66 «կողմ» ձայն: Սակայն օրենքն ընդունվեց շնորհիվ պատվերով կոճակ սեղմողների, որոնց պակաս մեծամասնությունը չի զգում:
Նիստերին ամենաշատը բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է, ով բացակայել է գրեթե բոլոր նիստերին: Ի դեպ, բացակաների տասնյակը համալրվել է հիմնականում այդ խմբակցության պատգամավորներով՝ Աբրահամ Մանուկյան, Գուրգեն Արսենյան, Ռուստամ Գասպարյան, Մուրադ Գուլոյան: Պատգամավորները սովորաբար դիմում են հետեւյալ խորամանկությանը` գալիս են խորհրդարան, գրանցվում եւ հայդե՝ բիզնես գործերով: ԱԺ նախագահն այս ամենից նյարդայնացած խոստացավ աշխատավարձից զրկել նիստերին չմասնակցած պատգամավորներին: Համաձայնենք, սակայն, որ բիզնեսմեն պատգամավորը, որը ԱԺ նիստերից բացակայելու ընթացքում գնում է բիզնեսը զարգացնելու, այդ 275 հազար դրամի կարիքը չունի. նրանցից շատերը այդ գումարը օգնականներին են նվիրում՝ որպես շնորհակալություն իրենց փոխարեն աշխատելու համար:
Եկող նստաշրջանում ԱԺ նախագահը ցանկանում է պատվիրակությունների կազմում չընդգրկել, գործուղումների չուղարկել բացակայողներին: Վատ միտք չէ: Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին խորհրդարանի լիագումար նիստերից, մշտական հանձնաժողովների նիստերից ու խորհրդարանական լսումներից անհարգելի բացակայելու համար 76 պատգամավոր իր աշխատավարձն ամբողջությամբ չի ստացել, հիմնականում՝ երկու խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները: 76 պատգամավորների պահումները միասին կազմել են 2 մլն 466 հազար 300 դրամ: Ի դեպ, պահումներ են արվել նաեւ այն պատգամավորների աշխատավարձից, ովքեր, քաղաքական նկատառումներից ելնելով, չեն մասնակցել նաեւ ՀՀ նախագահի երդման արարողությանը: ԱԺ պատգաավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրինագծով՝ բացակայողների հարցով կզբաղվի ԱԺ էթիկայի հանձնաժողովը:
Ասենք, որ էթիկայի հանձնաժողովը աշխատեց լարված, լսեց մի քանի պատգամավորների հարցեր՝ Հայկ Բաբուխանյանի, Միքայել Մելքումյանի, Մհեր Սեդրակյանի, արտահերթ նիստը բոյկոտած ԱԺ մեծամասնության եւ բազում այլ հարցեր: Սակայն էթիկայի հանձնաժողովը բնավ չի զգաստացնում մեր պատգամավորներին, մանավանդ` նրա որոշումները իրավական պարտադրանք չունեն: Ուստի խորհրդարանը մշտապես աչքի է ընկնում պատգամավորական, քաղաքակրթության եւ, ընդհանրապես, էթիկայի նորմերի կոպիտ խախտման բազմաթիվ դեպքերով: Պատգամավորներ Վարդան Այվազյանի, Արամ Մանուկյանի եւ լրագրող Գոհար Վեզիրյանի՝ հարուստ բառամթերքով բանավեճը՝ մեզ օրինակ:
Ըստ ուսումնասիրության արդյունքների` ամենաշատը «կողմ» քվեարկածները, բնականաբար, միայն ՀՀԿ ներկայացուցիչներն են, ձեռնպահ քվեարկածները՝ ՀՅԴ, ապա՝ ԲՀԿ պատգամավորները: Ամենաշատը «դեմ» են քվեարկել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Ամենաակտիվ պատգամավորը Արծվիկ Մինասյանն է ՀՅԴ-ից:
Արձակուրդի թեժ շրջանն է: Թեեւ պատգամավորների մեծամասնությունը հարցազրույցներում պնդում էր, որ հանգստանալու է Հայաստանում, քանի որ շատ է սիրում մեր երկիրն ու ցանկանում է զբոսաշրջությունը զարգացնել, այնուամենայնիվ, շատերը մեկնել են արտերկիր: Իսկ սեպտեմբերին դպրոցականների ու ուսանողների հետ միասին աշխատանքի կգան: Ոչ բոլորը: Շատերի համար հանգիստ է տարին 12 ամիս:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ