կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-09 18:07
Քաղաքական

Քաղաքացու փորը կկշտանա` միայն աշխատելով. փոխվարչապետը բացահայտում է ձգողականության օրենքները

Քաղաքացու փորը կկշտանա` միայն աշխատելով. փոխվարչապետը բացահայտում է ձգողականության օրենքները

Հայտնի է, որ կառավարությունում ստորագրվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի` փոփոխված և լրամշակված պայմանագիրը:

Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ է նշանակում փոփոխված ու լրամշակված պայմանագիր, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ կասկածելի ոչինչ չկա, նկատի են առնվում անցյալ տարվանից ի վեր պայմանագրում արված` որոշ դրույթների փոփոխությունները: Մեր հարցին ի պատասխան, թե ի՞նչ փոփոխություններ են դրանք, փոխնախարարը հորդորեց դիմել էներգետիկայի նախարարությանը:

Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա Որոտանի կասկադի վաճառքը երկրի տնտեսության վրա, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ շատ ուրախ է այդ գործարքի համար: «Շատ ուրախ եմ, որ մեր երկրում խոշոր ամերիկյան ներդրում է կատարվել, և դա ողջունելի է, որ մենք ունենք տարբեր երկրներից ներդումներ: Ընդհանրապես` տնտեսության մեջ դա ևս շատ ողջունելի է, որովհետև բերում են տարբեր տեխնոլոգիաներ»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այս վաճառքով փորձ է արվում դիվերսիֆիկացնել էներգետիկ ոլորտը, որ, ռուսական ընկերություններից բացի, այլ ընկերություններ էլ ներկայացված լինեն:

Իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունի այդ գործարքից, Վաչե Գաբրիելյանը նշեց` տրամաբանությունը հուշում է, որ կլինի վերազինում, և կառավարությունը հույս ունի, որ Որոտանի կասկադը կարտադրի ավելի շատ էլեկտրաէներգիա: «Այդ տեսակետից կարծում եմ, որ դրական է ազդեցությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՅԴ պատգմավոր Արծվիկ Մինասյանը պնդում է, որ վաճառքն իրականացվել է օրենքի խախտմամբ, քանի որ չի ներկայացվել ԱԺ-ին, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե այդ հարցին իրենք բազմիցս են անդրադարձել, և ոչ մի խախտում չի եղել: «Թե\' արդարադատության նախարարի, թե\' նախկին, թե\' նոր կառավարության կողմից արձանագրվել է, որ խախտում, որպես այդպիսին, չկա, որովհետև վաճառվել է ոչ թե որպես ընկերություն, այլ որպես ընկերության գույք, և դա իրավական որևէ խախտում, ըստ մեկնաբանության, չի ներկայացնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե թանկացումից առաջ որևէ կարծիք չի կարող արտահայտել: «Կլինի որոշում, կքննարկենք: Ինչ վերաբերում է Որոտանին, ըստ ծրագրի, որով հաստատված է, այնտեղ ենթադրվում է էլեկտրաէներգիայի արտադրության աճ և վերազինում: Էլեկտրաէներգիայի թանկացումը, որպես կանոն, տնտեսության վրա լավ ազդեցություն չի ունենում, խոսքը վերաբերում է նրան, թե տնտեսության որ ճյուղի վրա և ինչպես: Կան որոշակի խնդիրներ և որոշակի ճյուղերում կարող են առաջանալ խնդիրներ, եթե թանկացումը մեծ լինի: Եթե թանկացումը փոքր լինի` կարող են չառաջանալ էական խնդիրներ: Ես չէի ցանկանա այժմ եզրակացություներ անել` մինչև ՀԾԿՀ-ի որոշում կայացնելը»,- ասաց նա:

Հարցին, թե համակարծի՞ք է այն տեսակետին, որ այս կառավարության աշխատանքը չի կարելի բավարար համարել՝ հաշվի առնելով գնաճի նման չափերն և աշխատավարձի ոչ էական փոփոխությունը, փոխվարչապետը պատասխանեց. «Իսկ դուք համակարծի՞ք եք, որ, նման հարց տալով, իրավիճակը վատացնում եք և, լավը վատ ներկայացնելով, ստեղծում եք տպավորություն, որ որևէ բան չի կատարվում և դրանով իսկ նպաստում եք տնտեսության անկմանը»:

Դիտարկմանը, թե գուցե փոխվարչապետը հուշի, թե ինչ դրական փոփոխություններ են եղել, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Դուք նայել եք տնտեսական թվերը, ասենք` տնտեսության ակտիվության ցուցանիշները, որոնք դրական են առաջին եռամսյակի արդյունքներով: Վիճակը լավագույնը չէ, ես դա չեմ վիճարկում, բայց, միևնույն ժամանակ, ասել, որ ոչինչ չի արվում, և որևէ զարգացում չկա, դա ես կարծում եմ` ևս իրականությունից հեռու է»:

Իսկ թե ի՞նչ է արվում` զսպելու համար գնաճի նման տեմպերը, որն ավելին կլինի էլեկտրաէներգիայի թանկացումից հետո: Վաչե Գաբրիելյանը խորհուրդ տվեց համեմատել այլ երկրների հետ: «Գնաճի ցուցանիշները նայե՞լ եք, համադրե՞լ եք, թե մեզ մոտ ինչպիսին են գնաճի ցուցանիշները, ինչպիսին են գնաճի ցուցանիշները, օրինակ, Ռուսաստանում»,- ասաց նա:

Իսկ թե ինչո՞ւ ենք համեմատում Ռուսաստանի հետ, նշեց. «Որովհետև մենք, ասենք, երկիր մոլորակում չենք ապրո՞ւմ և ձգողականության մասին օրենքերը մեզ վրա չեն ազդո՞ւմ, տարածաշրջանային զարգացումները մեզ վրա չեն ազդո՞ւմ, և, անկախ ամեն ինչից, մեզ մոտ պետք է անշեղորեն ամեն ինչ լավ լինի՞»:

Լրագրողների հարցին՝ թվերով կկշտանա՞ ՀՀ քաղաքացու փորը, փոխվարչապետը պատասխանեց. «ՀՀ քաղաքացու փորը կկշտանա` միայն աշխատելով»: Նա խորհուրդ տվեց լրագրողներին` չտանել խնդիրը բացասական սպասումների դաշտ: