Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բայց համաձայնեք, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ճիշտ է ասում, երբ ասում է՝ բաց հասարակությունը մերկ հասարակությունը չէ: Նա հենց այդպես էլ ասել է՝ այսօր ԱԺ-ում` զուգահեռաբար կոչ անելով պատգամավորներին՝ սեփական առողջության համար մեկ տոն ցածր խոսել: Այս վերջին կոչից ամենաշատն ուրախացել են նրանք, ովքեր ԱԺ-ում առհասարակ չեն խոսում, կամ հազարից մեկ են խոսում, այն էլ՝ միջանցքներում, ծխելիս, գաղափարակից ընկերոջ հետ, ու ԱԺ-ում խոսելու իմաստ չեն տեսնում, թեմա չունեն, եղած թեմաներից էլ բան չեն հասկանում:
Բայց կան նաեւ այնպիսի պատգամավորներ, ովքեր չեն կարող ցածր խոսել: Ավելին՝ այդպիսի ժողովուրդներ էլ կան. Օրինակ` իտալացիները չեն կարող ցածր խոսել, կամ՝ վրացիները, պատկերացնել անգամ դժվար է, թե որքան բարձր են խոսում Իտալիայի կամ Վրաստանի խորհրդարաններում, բայց սա իմիջիայլոց: Մեր բարձ խոսացողների վիճակն է լուրջ, մարդիկ հո չե՞ն կարող ամեն անգամ ելույթ ունենալիս հիշեl տիկին Նաղդալյանի կոչն ու ցածր տոն վերցնեն, կամ էլ, եթե անգամ հիշեն, ինչո՞ւ պետք է խոսեն այնպես, ինչպես խոսելը պատկերացնում է տիկին Նաղդալյանը: Գուցե ուզում են իրենց խոսքով բոցավառեն ԱԺ-ի նիստերի դահլիճը, արթնացնեն հատկապես այնտեղ քնած որոշ պատգամավորների: Խնդիրը թերեւս այստեղ է. Հերմինե Նաղդալյանը պետք է ասեր, որ որոշ պատգամավորներ ոչ թե սեփական առողջության համար, այլ գործընկերների քունը չխանգարելու համար լավ կլինի` մի տոն ցածր խոսեն, կամ առհասարակ չխոսեն: Այս վերջինն ուղղակի ընտիր կլինի` բոլոր օրինագծերը լուռ կընդունվեն, պատգամավորներն էլ հանգիստ կգնան հանգստանալու, մանավանդ, որ դատելով ԱԺ-ի վերջին երկու օրերի քննարկումների որակից` պատգամավորները հանգստի կարիք ունեն, ոմանք՝ սուր արտահայտված:
Բայց խնդիրը դա չէ, խնդիրը մերկանալն է՝ բացվելու փոխարեն: Տեսեք, երբ խորհրդարանում որեւէ հարցի քննարկման ժամանակ տեղի է ունենում քննարկում, այսինքն երբ պատգամավորները խոսում են թեմայի շուրջ, խոսում են լուրջ, մանրակրկիտ, հանգամանալից եւ ամենակարեւորը անկեղծ ու առանց անձնական վիրավորանքների, դա կոչվում է բացվել: Բայց երբ քննարկումների ժամանակ պատգամավորները միմյանց անձնական վիրավորանքներ են հասցնում, օրինակ՝ ստրուկ, այ աղջիկ, արա, …անվանելով, դա արդեն մերկանալ է:
Մենք մերկ խորհրդարան ունենք, բայց դա վատ նորությունը չէ, վատն նորությունն այն է, որ մենք մերկ հասարակություն ենք: Ու մեզ էլ հանգիստ է պետք՝ լավ կլինի սկզբում ծովային, հետո՝ գործող պատգամավորներից:
Հովիկ Աֆյան