կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-23 11:00
Առանց Կատեգորիա

Ինչպե՞ս վճարել միայն 100 դրամ (ուղեցույց)

Ինչպե՞ս վճարել միայն 100 դրամ (ուղեցույց)

Ինչպե՞ս վճարել միայն 100 դրամ (ուղեցույց)

Նախ պետք է վճարել միայն 100 դրամ կամ երկու հատ 50 դրամ, կամ հինգ հատ 20 դրամ, կամ տասը հատ 10 դրամ: Ոչ մի դեպքում մի վճարեք 100 դրամից մեծ փող, որովհետեւ վարորդը մանրը վերադարձնելիս 50 դրամը կվերցնի առանց ձեր քաղաքացիական տեսիլքների հետ հաշվի նստելու: Հիշեք, որ երթեւեկում եք նույնիսկ տարածաշրջանի համար ամենաքնձռոտ ավտոբուսներով եւ «ԳԱԶել»-ներով: Վճարելով 150 դրամ` դուք ձեզ դնում եք եզոպոսյան էշի տեղը, որին դրանք էլ կարող են շատ համարվել:

 

Ձեր մեկը երկուս մի' դարձրեք

Նստեք միայն այն տրանսպորտը, որը ձեզ տանում է աշխատավայր կամ տուն: Միջնորդ տրանսպորտով երթեւեկելը կարող է թուլացնել ձեր իրավացիությունն այնքանով, որ տեղ չթողնեք այդ տրանսպորտով տեղ հասնողներին դրսեւորվել: Մյուս կողմից` միջնորդ տրանսպորտում դուք պակաս պարտավորված եք 150 դրամ վճարել, ի վերջո, դուք ամեն օր չեք տեսնում այդ վարորդին, որին քիչ առաջ անակնկալի բերեցիք 100 դրամով: Սակայն միջնորդ տրանսպորտի վատը զուտ սոցիալական է՝ դուք եւս մեկ ավտոբուս կամ երթուղային եք նստելու տուն հասնելու համար, արդյունքում վճարելու եք ոչ թե 100 դրամ, այլ առնվազն 200 դրամ:

 

A4 ֆորմատի խոսքը

Տրանսպորտ մտնելիս ձեր պարանոցից կախեք «Ես վճարելու եմ 100 դրամ» A4 ֆորմատի պաստառը: Դա հավելյալ լիցք կտա ձեր վճռականությանը, բացի դրանից` պաստառը տեսնելով, վարորդը հազիվ թե ձեզ հետ գլուխ դնի:

 

Ձեր 100-ը թող չխփի ձեր ընկերոջը

Առայժմ, մոտակա մի քանի օրերին մի վճարեք ուրիշի փոխարեն, թող յուրաքանչյուրն ինքնուրույն ցուցաբերի իր քաղաքացիականությունը, մյուս կողմից` եթե վճարեք ուրիշի փոխարեն, որը ձեզնից շատ ուշ է իջնելու, վարորդը չվճարածը կարող է ջարդել ձեր ընկերոջ կամ ընկերուհու գլխին: Նրա հետեւից է բղավելու վարորդը, ոչ թե ձեր: Ձեզ, լավագույն դեպքում, կարող է «հիշել»:

 

Ձեր խիղճը վատ խորհրդատու է իշխանության դեմ պայքարում

Եթե որոշել եք վճարել 100 դրամ, երբեք կանգառից դուրս կանգառ չպահանջեք, դա կթուլացնի ձեր իրավացիությունը: Որովհետեւ չի կարելի միաժամանակ վարորդից պահանջել խախտել համընդհանուր խաղի կանոնները, որն է «Կանգառից դուրս կանգառ չկա»-ն եւ չվճարել 150 դրամ, որը վարորդը ձեզնից կարող է ուզել` անկախ քաղաքապետարանի որոշումից: Եթե չտաք նրա ուզածը, դուք քաղաքացի չեք, այլ խաբեբա: Երբեք մի ամաչեք, թե ինչ կասի վարորդը 150 դրամ չվճարելու դեպքում, քանի դեռ մեծ է հավանականությունը, որ կարող եք երթեւեկել կռացած, ուրիշի գրկում, առանց օդափոխիչների եւ հովացման համակարգի, չոր աթոռներով տրանսպորտում, կարճ ասած` չինական ավտոբուսներով եւ ռուսական գազելներով, որոնց գծերի տերերն անձամբ են որոշում, թե օրվա մեջ ժամը քանիսից իրենք կարող են դադարեցնել ուղեւորների սպասարկումը: Պետությունը խիղճ չունի, բայց կարող է ապավինել ձեր խղճին:

 

Դրամը ներսի՞ց, թե՞  դրսից

Տրանսպորտից (ավտոբուսների դեպքում) իջնելիս իջեք հետեւի դռնով եւ հետո դրսից մոտեցեք առաջին դռանն ու մեկնեք 100 դրամը: Հակառակ դեպքում, եթե վարորդին գումարը մեկնեք դեռ մեքենայից չիջած, մեծ է հավանականությունը, որ նա դռները կփակի եւ կպահանջի հավելյալ 50 դրամը: Իսկ եթե վարորդը հետեւի դուռը չի բացում, առաջնորդվեք նախորդ կետերով:

 

Մի' խորամանկեք

100 դրամ վճարելիս մի' խորամանկեք` ասելով, թե ուրիշ դրամ չունեք ձեր գրպանում: Սա ակցիա է եւ ոչ թե արդարացում: Եվ դուք ամաչելու ոչինչ չունեք: Ձեզ փորձում են խաբել, իսկ դուք, 100 դրամ վճարելով, տեղյակ եք պահում, որ զգոն եք: Մի' խորամանկեք: Դա ինքնագործունեություն է: Խորամանկել, նշանակում է ապավինել վարորդի հավատին. մի' խառնեք հավատն այս գործին, մի օր ավտոբուսից կամ երթուղայինից իջնելիս հավատը ձեզ պետք կգա, երբ ձեր գրպանում ընդհանրապես դրամ չի լինի: Վճարելիս մի խուսափեք նայել վարորդի աչքերի մեջ, հիշեք, որ այդ պահին նա ներկայացնում է նրանց, որոնք փորձում են թալանել ձեզ: Չմոռանաք, որ նա «իշխանություն» ունի` ասելու` ով 100 դրամ է վճարելու, թող հենց հիմա իջնի իմ մեքենայից: 100 դրամը տալիս մի' մոռացեք վարորդին ասել շնորհակալություն, նախ նա ձեր ճորտը չէ, ձեր շնորհակալությունը նրան կարող է քաղաքացի դարձնել, այդ շնորհակալությունը նրա ըմբռնման լիցքն է:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ