Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսնակ, խոսնակ որ ասում են, դա էն մարդը չի՞, որ ներսում մի թուղթ են տալիս, որ սա գնա դրսում կարդա, թե ինչ եղավ կամ ինչ է կատարվում ներսում: Այսինքն՝ գզիր, որ ընկնում է տնետուն, էլ չի թողնում դուռ կտուր և բոլորին հայտարարարում է, թե ինչ ասաց թագավորը:
Գզիրները, քանի որ տարբեր մարդիկ են, չեն կարող նույն մակարդակն ունենալ: Ասել է, թե գզիրի լավն ու վատն էլ կա: Գզիր կա՝ ճարպիկ է, գզիր կա՝ մոռացկոտ, գզիր կա՝ ցինիկ, գզիր էլ կա՝ ճարպիկ, մոռացկոտ և ցինիկ՝ միաժամանակ:
Նախապես ասեմ, որ կիլոմետրերով հեռու եմ ՀՀԿ խոսնակ Շարմազանովի մասին հասարակական կարծիք ձևավորելու գայթակղությունից: ՀՀԿ-ն Շարմազանովի հետ միասին ինձ չեն հետաքրքրում բացարձակապես: Ինձ հետաքրքրում է այն ժողովուրդը, ում գլխին այս կուսակցությունն ամեն օր մի նոր օյին է բերում, բայց իր գզիրի, ներողություն, պիտի ասեի խոսնակի միջոցով այդ ամենը փորձում է ներկայացնել որպես հարկադրական, երբեմն նույնիսկ իմաստուն քայլերի շարան: Ահավասիկ Շարմազանովը հարկ է համարել, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալ նաև տրանսպորտի ուղեվարձի բարձրացմանը: Քանի որ այս խնդիրը կապված է ավելի վաղ ՀՀԿ-ավարի լուծված մեկ այլ խնդրի հետ, մեզ թույլ տանք նկատել, որ տրանսպորտի ուղեվարձն այսօր չէր բարձրանա, եթե Սերժ Սարգսյանի՝ «գազը չի թանկանա» խոսքերը (հնչեցված ընդդիմության հասցեին՝ ընդգծուն մուննաթով) համապատասխանեին իրականությանը: Այնպես էլ չի, որ ընդհանրապես չհամապատասխանեցին իրականությանը: Պարզապես գազը չթանկացավ մինչև նախագահական ընտրությունների ավարտը: Իսկ դրանից հետո գազի թանկացումը զսպելը կարծես դարձավ անիմաստ զբաղմունք:
Ինչևէ… Շարմազանովը հիմա եկել, նույն կամ համարյա նույն մուննաթով ասում է. «Այն, որ կան սոցիալական խնդիրներ, դա փաստ է, բայց մենք պետք է աշխատենք, նոր աշխատատեղեր ստեղծենք. դրա համար է, որ մինիմում աշխատավարձերը կբարձրանան: Տարածաշրջանում ամենաէժան տրանսպորտը Հայաստանում է: Այլ բան է, որ սոցիալապես անապահով խավեր կան, շատ մարդկանց համար դժվար է վճարել, եթե այլ միջոցներ կան, թող առաջարկեն»:
Չենք կարող չասել, որ այս խառնափնթոր նախադասության մեջ առաջին բանը, որ աչքի է զարնում, գալուստսահակյանական լեզվաբանական դպրոցի խոր և հիմնավոր ազդեցությունն է ՀՀԿ խոսնակի վրա: Բայց հիմա այդ մասին խոսելու ժամանակը չէ: Ավելի լավ է ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ ՀՀԿ-ի պատմաբան խոսնակը տառացիորեն գաղափար չունի տնտեսագիտությունից: Վիրավորվել չլինի, որովհետև ես էլ իմ բանասեր տեղով տնտեսագիտական հարցերից գլուխ հանելում գրեթե նույն մակարդակի վրա եմ, ինչ Շարմազանովը: Բայց չէ՞ որ նույնիսկ ջրի մարդուն է պարզ, որ նորանոր աշխատատեղերի ստեղծումը դեռևս աշխատավարձերի բարձրացում չի ենթադրում: Չի բացառվում, իհարկե, որ Շարմազանովը ցանկացել է ասել՝ երբ աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ աշխատեն, իսկ նվազագույն աշխատավարձերն էլ բարձրացվեն, տրանսպորտի թանկացումը շատ չի զգացվի: Սա խելքին մոտ է, բայց, հարգելի խոսնակին մենք հո չենք ասելու, որ ձին սովորաբար սայլի առջևից են կապում, այլ ոչ թե հետևից: Եթե տրանսպորտը թանկանում է աշխատատեղեր ստեղծելուց, աշխատավարձեր բարձրացնելուց ավելի շուտ, բոլորովին այլ բան է ստացվում, և ընդդիմությունն ու քաղաքացիները սկսում են իրավացիորեն դժգոհել: Ի՞նչ է նշանակում՝ եթե այլ միջոցներ կան տրանսպորտը չթանկացնելու, թող առաջարկեն: Այս մասին առաջինը պետք է մտածի իշխանությունը, իսկ եթե մտածում է ու այլ միջոցներ չի գտնում, պետք է հասկանա, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ինչից էլ ստիպված է ընդունել, որ տրանսպորտը պետք է օբյեկտիվորեն թանկանա:
Մեզ այնքան էլ չի սփոփում այն փաստը, որ հարևան Վրաստանում տրանսպորտն ավելի թանկ է, քան Հայաստանում: Հարևան Իրանում էլ այն ավելի էժան է, քան մեզ մոտ: Դա էլ մեր նախանձը չի շարժում: Մեզ հետաքրքրողն այն է, որ մեր ձեռքի աշխատավարձը, թոշակը կամ դրսից ուղարկված փողն այլևս չեն բավարարում ոչնչի, իսկ այդքան բանից հետո էլ դեռ մեզ վրա են մուննաթ գալիս:
Տրանսպորտի թանկացման հետ կապված ԱԺ արտահերթ նստաշրջան կազմակերպելու` «Բարև Երևան» դաշինքի առաջարկի մասին Շարմազանովն ասում է. «Քաղաքական հնարք է, թող ավագանիում քննարկեն: Նայեք տարածաշրջանային տրանսպորտի գները, նայեք Վրաստանում ինչքան է, Հայաստանում ինչքան է, կա օբյեկտիվ և կա սուբյեկտիվ թանկացում, իսկ եթե մեր ընդդիմադիր գործընկերներն ունեն, թող առաջարկեն, ինչպես անեն որպեսզի տրանսպորտը չթանկանա»:
Նախ՝ հարգելի' խոսնակ, ինչո՞ւ պետք է Հայաստանում տրանսպորտի թանկացման հարցը քննարկի Երևանի քաղաքապետարանը, և ապա՝ չե՞ք զգում, որ Ձեր այս հայտարարությամբ բոլոր թանկացումներն էլ կարող են համարվել օբյեկտիվ թանկացումներ: Ուրեմն էլ ո՞րն է իշխանության դերը, ինչո՞ւ է այդ իշխանությունը խոսում ինչ-որ տնտեսական աճի մասին (7 տոկոս), եթե ամեն թանկացումից ու հետընթացի պարագայում պետք է ասի՝ պատճառն օբյեկտիվ է: Նախորդ տարիներին այդպիսի օբյեկտիվ պատճառ էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, այսօր՝ երաշտը, կարկուտը, գազի թանկացումը: Հո միայն մուննաթ գալով չի: Մի մարդու մատից փուշ չեք հանում, ախր, որ ասենք՝ ահա, իշխանությունն էլ գործով է զբաղված: Իսկ գուցե իշխանության անգործության համար է՞լ կան օբյեկտիվ պատճառներ: Օրինակ՝ բյուջեն թալանվել է, մենք ի՞նչ անենք, եթե այլ ճանապարհ գիտեք՝ հուշեք: Եվ կամ՝ իշխանությունները հո չե՞ն կարող «Մոսկվիչով» աշխատանքի գնալ, վագոն-տնակներում ապրել, Երևանում կարված կոստյում հագնել, ինչ է թե ժողովուրդն ուզում է, որ տրանսպորտն ու մյուս բաները չթանկանան:
Տրանսպորտը չթանկացնելու ուղղությամբ, ճիշտն ասած, մենք մի բան արդեն մտածել ենք: Չգիտենք` այն ինչպես կընդունվի Շարմազանովի և ՀՀԿ-ի կողմից, բայց, ըստ մեզ, բավականին հետաքրքիր է, նույնիսկ՝ հետաքրքրաշարժ. ՀՀԿ-ն սուսուփուս հեռանում է իշխանությունից, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ուրիշ տարբերակ, իրոք, չկա: Դրանով առնվազն մի կարևոր հարց կլուծվի՝ սովորություն կդառնա, որ էշը ցեխը մտցնողը մուննաթ չգա, այլ ներողություն խնդրի ու մի կողմ քաշվի:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ