կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-28 12:19
Հասարակություն

«Կյանքի խոսքի» ղեկավարի պաշտամունքը հասել է Հռոմի պապի պաշտամունքին. Սևան Աղաջանյան

«Կյանքի խոսքի» ղեկավարի պաշտամունքը հասել է Հռոմի պապի պաշտամունքին. Սևան Աղաջանյան

Հայաստանում 67 կրոնական կազմակերպություն է գործում. այսօր լրագրողներին հայտնեց «Հայ-ազգայնական շարժման» ղեկավար Նորայր Բադալյանը: Ըստ նրա` կան բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, որոնք քաղաքական պատվերներ են կատարում կամ ուղղակի գումար վաստակելու համար են բացված:

Բադալյանի կարծիքով` Հայ առաքելական եկեղեցին պետք է ակտիվանա, որպեսզի աղանդներին գործունեության նման լայն շրջանակն բաժին չհասնի:

«Կարծում եմ` վերափոխումների կարիք կա. եկեղեցին պետք է ուժեղանա, քանի որ աղանդավորներն անջատում են իրենց հասարակական կյանքից, որոշները հրաժարվում են ծառայել հայկական բանակում, այդպիսով` խարխլում են պետության հիմքերը: Պետական մակարդակով պետք է անդրադարձ կատարվի այս ամենին»,- ասաց նա:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն էլ նշեց, որ առաջին հերթին թերի է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որում հստակ սահմանված չէ, թե ինչ ասել է հոգեորսություն, ինչն էլ գործունեության լայն շրջանակ է ապահովում կրոնական կառույցներին: Աղաջանյանը կոչ է անում բոլոր ՀԿ-ներին` միավորվել և միասին պայքարել կրոնական կառույցների դեմ:

«Մենք, օրինակ, բավական երկար ժամանակ է պայքարում ենք Եհովայի վկաների դեմ, որոնք ստենդներ են տեղադրում քաղաքի տարբեր մասերում  և քարոզչություն իրականացնում: Մենք գնում և ուղղակի վերցնում ենք ստենդի վրա դրված ողջ գրականությունը: Ճիշտ է, այս ընթացքում 27 գործ է հարուցվել իմ և մեզ աջակցող ՀԿ-ների դեմ, բայց դրանք հիմնականում կարճվել են: 1-2 դեպք է եղել, որ վարչական տուգանք է նշանակվել»,- ասաց նա:

Ըստ Աղաջանյանի` կրոնական կառույցները հանրային կյանքից շեղում են մարդկանց, հասարակական դաշտից դուրս մղում: «Կան կրոնական կառույցներ էլ, որոնք այնպես են երկրպագում իրենց ղեկավարին, որ ուղղակի զարմանալ կարելի է. «Կյանքի խոսքի» ղեկավարի պաշտամունքը հասել է Հռոմի պապի պաշտամունքին»,- ասաց նա: