կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 15:05
Առանց Կատեգորիա

Անփույթ կառավարման գինը

Անփույթ կառավարման գինը

Պոդոլսկում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի մասնակիցը Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանն էր, եւ նրա նվաստացումը ՌԴ քննչական մարմինների կողմից այս օրերին, հակառուսական տրամադրություններ ստեղծելուց զատ, Հայաստանում հակաիշխանական դժգոհությունների նոր առիթ են դառնում:

 

Ամեն տարի Հայաստանից բազմաթիվ մարդիկ են գնում արտագնա աշխատանքի տարբեր երկրներ, հիմնականում՝ ՌԴ: Աշխատում են զօր ու գիշեր, վաստակում աշխատանքին անհամապատասխան եւ գումարներ ուղարկում՝ օր օրի թանկացող կայքով ապրող Հայաստանում գոյատեւելու համար: Նրանց մի մասը օտարության մեջ ապրում է անտանելի պայմաններում, տարրական կենցաղային պայմաններից զուրկ, ապրում են ահը սրտում, նվաստանալով, բայց, միեւնույն է, ամեն տարի գնում են, որովհետեւ ընտանիքը Հայաստանում չի կարող գոյատեւել առանց տրանսֆերտների: Կան թվեր, կա տնտեսական աճ, կա Հայաստանի առաջընթաց միջազգային վարկանշային աղյուսակներում, կա ամեն ինչ, բայց չկա փող, ապրելու հնար, ու գնում են:

 

Հրաչյա Հարությունյանի բախտը չբերեց, բազմաթիվ անսարք «ԿամԱԶ»-ներից ամենավտանգավորն իրեն բաժին հասավ, բայց վտանգավոր է նաեւ շատ ու շատ մեր հայրենակիցների աշխատանքը: Նրանցից ամեն տարի քանի՞սն է մահանում, որովհետեւ մեկի մեքենան էր անսարք, մյուսը առանց անվտանգության կանոնների պահպանման 8-րդ հարկում պատշգամբ էր սարքում, երրորդը ազգայնամոլների թիրախ դարձավ ... Գիտեն, բայց գնում են, որովհետեւ իրենց երկրում իրենց աշխատանքով ապահովելու համար հաստիք ունեցողները բոլորովին այլ հովերով են տարված: Մենք բողոքում ենք Ռուսաստանի վերաբերմունքի դեմ, բողոքել է պետք նաեւ Հայաստանի իշխանությունների՝ իր քաղաքացիներին հարկադիր պարապուրդի մատնելու, ապա՝ հարկադիր աշխատանքի ուղարկելու խրախուսանքի դեմ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որի աշխատանքի հիմնական նպատակը պետք է լիներ մարզի բնակչության բարեկեցության ապահովումը, ասում է. «Հիմա արտագնա աշխատանքի մեկնողների ժամանակաշրջանն է, եւ ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը կա, եւ ճիշտ են անում, որ գնում են: Ես դա ողջունում եմ, եթե աճում է: Մենք ունենք մարդիկ, ովքեր ի վիճակի են աշխատելու եւ գնում են»:

 

Երբ երկիրը լքողին հարցնում ես` ինչո՞ւ ես գնում, յուրաքանչյուրն իրեն արդարացնող պատճառն ունի: Բայց երբ կառավարության ներկայացուցիչն է ասում՝ ի՞նչ է եղել որ, թող գնան, սա արդարացում չունի: Գրիգորյանին չեն սաստում այդ արտահայտության համար, եւ մեկ ամիս անց նա վերահաստատում է իր խոսքը: Սաստողն ո՞վ պետք է լինի, ի պաշտոնե՝ վարչապետը: Իսկ նա ի՞նչ է ասում. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի»: Այ սա սպանիչ վերաբերմունք է, ոչ ավելի մեծ ծաղր, քան հայ քաղաքացուն ՌԴ-ում նվաստացնող գործատուի վերաբերմունքն է: Ընդ որում՝ այնտեղ եւս գործատուները հիմնականում հայեր են:

 

Արդյո՞ք արտագնա աշխատանքը կսակավանա, չենք կարծում: Թանկացել են կոմունալ վարձերը, խմիչքը, վառելիքը, կաթնամթերքը, տրանպորտն է թանկանում, թանկանում է ամեն ինչ, կյանքն է թանկանում, եւ դա նշանակում է, որ այնտեղ 16 ժամ աշխատող հայը պետք է արդեն 20 ժամ աշխատի, եթե, իհարկե, աշխատանք ունի: Հայաստանն ի վիճակի չէ իր բոլոր բնակիչներին ապահովել աշխատանքով: Իսկ մարդն էլ, երբ տեսնում է, որ պետությունը մատը մատին չի տալիս, ինքն է մեկնում` հացի փնտրտուքով: Մի դեպքում հասնում է Սիբիր, մեկ այլ դեպքում՝ Իսպանիա, Թաթարստան, Ղազախստան... Շատերը վերադառնալու են, քանի որ նախապես չգիտեն, թե ուր են գնում:

 

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը: Լինելով աշխատուժ արտահանող երկիր` Հայաստանի իշխանությունները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ունենալ միջպետական պայմանագրեր մարդկանց արտահանման վերաբերյալ: Եթե աշխատուժի արտահանումը պայմանագրով է, պետությունը կարողանում է կազմակերպված ձեւով իր քաղաքացուն ուղարկել աշխատանքի՝ նրան իր պաշտպանության տակ առնելով: Այդ ժամանակ պետությունը վստահ կլինի, որ պայմանագիրը լրանալուց հետո հայրենակիցը հետ է գալու, այլ ոչ թե կանչելու է ընտանիքի անդամներին, քաղաքացին էլ հստակ կիմանա, ոչ միայն այն, որ ժամանակին տեղ է հասնելու, այլեւ պաշտպանված է պետության կողմից, եւ պետությունը ապահովելու է նրա սոցիալ-կենցաղային պայմանները, սոցիալական բազմաթիվ ռիսկերի դեպքում աշխատողը եւ նրա ընտանիքի անդամը պաշտպանված կլինեն: Չէ՞ որ հնարավոր է, որ մարդը ստանա վնասվածք աշխատանքի ժամանակ: Մեզանում նման պարագայում ընտանիքը մատնվում է անտերության, ապահովագրական համակարգ չի գործում, մինչդեռ իրեն հարգող պետությունը դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների պարագայում իր քաղաքացու սոցիալական ապահովության մասին կմտածեր: Սա կօգներ արտագնա աշխատանքի մեկնողներին զարտուղի ճանապարհներով չվաստակել գումար եւ ոչ էլ նվաստանալ մի քանի կոպեկ առնելու համար: Երբ մարդը մատնվում է անտարբերության եւ անտերության, կգնա ինչպես կուզի, իսկ վերջում ոչ պակաս մեղավոր է դառնալու նաեւ իշխանությունը, որը մատը մատին չտվեց:

 

Խիստ կասկածելի է, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ հետաքրքրությունն այսքան մեծ կլիներ, եթե բողոքի ալիք չբարձրացվեր: Նա կկրեր անմարդկային նվաստացումներ: Բայց ուրեմն պետք է այդ երկրում աշխատող յուրաքանչյուր հայի պահել ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք Հայաստան պետության քաղաքացիներ են, այլ ոչ թե ինչ-որ քոչվոր ցեղախմբի ներկայացուցիչներ:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Նկարը` Վ. ԱԲՐՈՅԱՆԻ