կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-05 13:11
Տնտեսական

Հայաստանը դրախտ է` թվերով

Հայաստանը դրախտ է` թվերով

Կառավարության վերջին նիստի ժամանակ բավականին ուշագրավ «թվեր» ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

 

Նախարարությունն արդեն ամփոփել էր 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքները ու ներկայացնում էր կառավարությանը: Եվ, ո~վ  զարմանք, պարզվում է`  Հայաստանում չմշակվող հողերի քանակը կրճատվել է ու մշակովի հողերի 448 հազար հեկտար ռեսուրսներից այս պահի դրությամբ չի մշակվում ընդամենը 27 տոկոսը, այնինչ 2010 թվականին չէր մշակվում 37 տոկոսը: Զուտ թվերով սա հիանալի արդյունք է:

 

Բայց եթե որեւէ մեկը երջանկություն է ունեցել Հայաստանով պարբերաբար շրջելու, ապա պետք է նկատած լինի, թե վերջին տարիներին քանի դաշտ ու արտ այլեւս չեն մշակվում: Այս պատկերն առավել ակնհայտ է հատկապես լեռնային շրջաններում, որտեղ ջրովի հողերի քանակությունը փոքր է, ու գյուղացիների հիմնական հույսը, որ իրենց դաշտը կջրվի ու բերք կունենան, Աստծո ուղարկած անձրեւն է: Վառելիքը թանկ է, պարարտանյութերը թանկ են, նորմալ սերմացուներ չունեն: Նշենք, որ անգամ կառավարության սուբսիդիաները` պետական ծրագրերով ներկրվող վառելիքն ու պարարտանյութը, որոնք շուկայական արժեքից անհամեմատ էժան են, գյուղացիները հաճախ չեն կարողանում ձեռք բերել` աղքատ է գյուղը…

 

Մշակվող հողերի ավելացման հարցն, իհարկե, վիճելի է, քանի որ ոչ ոք մետրը չի վերցնի ու չափի բոլոր մշակվող հողերը: Այս առումով բոլորի հույսը մարզպետարանների համապատասխան բաժինների տրամադրած թվերն են, որոնք ոչ թե չափումներով են հիմնավորված, այլ` հեռախոսազանգերով:

 

Ինչեւիցե, գյուղնախարարի ընթերցած հաշվետվության հաջորդ ուշագրավ կետն այն է, որ հանկարծ պարզվեց, թե այս տարվա հունվարի 1-ի վիճակով մեզ մոտ անասնագլխաքանակը կտրուկ ավելացել է` տավարինը` մոտ 68 հազարով եւ կազմել 661 հազար գլուխ, ոչխարների ու այծերի գլխաքանակը ավելացել է 84 հազար 500 գլխով` կազմելով 675 հազար գլուխ: Իսկ անասնագլխաքանակի կտրուկ ավելացման պատճառը, ոչ ավելի, ոչ պակաս, 62 կիլոմետր լեռնային արտոավայրերի ջրարբիացումն է, արոտավայրերում ստեղծված խմոցները:

 

Բայց միայն սա չէ. գյուղնախարարի հավաստմամբ` «կաթի մթերման գնի կայունացման արդյունքում, որովհետեւ մի քանի տարի առաջ, երբ կաթը մթերվում էր 80-100 դրամով, այժմ արդեն այս սեզոնի համար կաթը 140 դրամից ցածր գնով չի մթերվում, իսկ ձմեռվա ամիսներին` 180-200 դրամով, գյուղացիական տնտեսությունները եկամուտ ստացան ու շահագրգռվածություն առաջացավ գլխաքանակի ավելացման համար»:

 

Դե կերե’ք, պանրագործնե'ր. չէ՞ որ գարնանը, երբ խանութներում հայկական արտադրության պանիր չկար, ասում էիք, թե անասնագլխաքանակը պակասել է, քանի որ նախորդ տարի խոտ չի եղել, ու գյուղացիները մորթել-վաճառել են իրենց անասունները, հիմնականում` խոշոր եղեջերավոր, դրա համար գարնանը կաթը քիչ է եղել, ու արդյունքում պանիր չկա…

 

Բայց ոչ, գյուղնախարարությունը դրա համար ավելի «խելամիտ» պատասխան ունի` պարզվում է` 68 հազարով ավելացել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, այդ թվում` կովերինը` 20 հազարով, բայց, սեզոնային բնույթից ելնելով, կաթը պակաս է եղել, ու նախորդ տարի, երբ ավելի քիչ կովեր կային, կաթի, հետեւաբար` նաեւ պանրի խնդիր չառաջացավ, իսկ այս տարի, երբ անասունն ավելի շատ է, կաթի խնդիր առաջացավ ու խանութներում պանիր չկար… Հակառակ համեմատականության սկզբունքով են աշխատում գյուղնախարարությանը «թվեր մատակարարողները»

 

Ինչ արած` մնում է, գլուխներս խելոք-խելոք տմբտմբացնելով, համակերպվենք «վիճակագրությանը», թե այս տարվա հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, որից բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, իսկ անասնապահության ոլորտը` 1.4 տոկոս աճ, ձկնաբուծությունն էլ, պարզվում է, 35.2 տոկոս աճ: Հավանաբար, այս աճն է եղել պատճառը, որ գյուղերից հազարավոր մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի…

 

Իսկ նախարարն էլ համոզմունք է հայտնում, որ մինչեւ տարեվերջ ունենալու ենք աննախադեպ բերք, որովհետեւ, ինչպես նշեց նա, «կլիմայական պայմանները բարենպաստ են եղել»: Հավանաբար, գյուղնախարարը կարկուտը եւ նման «մանր-մունր բաները» կլիմայական պայմանների շարքում չի դիտարկում…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ