կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-04 12:59
Առանց Կատեգորիա

Տպավորությո՞ւն է, թե՞…

Տպավորությո՞ւն է, թե՞…

Երբեմն այն զգացումը չե՞ք ունենում, որ այս ամենը թատրոն է, իսկ դուք` հանդիսատես, որ պարտերից ու բալկոններից ակնդետ նայում եք ու սպասում ներկայացման ֆինալին: Անձամբ ես արդեն մտածում եմ, որ սա Սերժ Սարգսյան ռեժիսորի բեմադրած երկրորդ խոշոր ներկայացումն է:

 

Առաջինը նախագահական ընտրություններն էին: Եվ գիտե՞ք ինչն է ամենազարմանալին: Այն, որ այդ ներկայացումներում բոլորը, բացի մեկից, բացասական հերոսներ են, կասեի՝ խիստ բացասական: Այնքան էլ վատ են խաղում, որ էլ չասելու: Տպավորությունն այնպիսին է, ասես ռեժիսորը նրանց հավաքագրել է ոչ թե բեմական տվյալները, նախասիրությունները հաշվի առնելով, այլ ուղղակի հարցրել է՝ ամսական քանի՞ կուզեք, թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար: Եվ տղերքն իրենց կոտորում են, ներդնում իրենց ողջ ուժերը: Չխոսելով առաջին ներկայացումից հետո նախագահի մրցունակ ու անմրցունակ թեկնածուներին հայ թատերասեր հասարակության կողմից տված գնահատականից՝ ասենք միայն, որ այդ թեկնածուներից մեկը քաղաքական դիակ է այսօր, մեկը` բռնավոր, մեկը՝ կարեվեր խոցված հիվանդ, մեկը` կոշիկի թայ, մեկը` երկար մազերով տղա, ևս երկուսը՝ չփոփոխվող մասունք հայ քաղաքական իրականության: Մարդ չմոռացա՞նք: Իսկ ֆինալն, իրոք, արժանի էր ծափահարությունների: Ծաղիկներ, շնորհավորանքներ աշխարհի բոլոր ծայրերից ու այդ ամենը միայն մեկին՝ գլխավոր գործող անձին, խաղացող-ռեժիսոր Սերժ Սարգսյանին:

 

Ինչպիսի՞ն կլինի այս թատերաշրջանի փակումը: Սպասենք նո՞ր տրիումֆի: Ամեն ինչից երևում է, որ նույն ձեռագիրն է, ռեժիսորական նույն հնարքները, սցենարի մեջ դերասանների նույն հարաբերակցությունը՝ բոլորն ապուշ են, բացի մեկից: Ինչու են ապո՞ւշ: Բացատրե՞նք, թե՞, այնուամենայնիվ, դրա կարիքը չկա: Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ է մնալու նախարարների աստղաբույլից, երբ նույնիսկ բոլորն անցնեն «ինքնաարդարացման» այս շքերթով: Ի՞նչ է մնալու Վերահսկիչ պալատից, որի նախագահը, ինչպես և օրենքն է պահանջում, իր զեկույցը, մինչ ԱԺ-ին ներկայացնելը, նախապես ուղարկել է նախագահին, բայց խորհրդակցության ժամանակ անմռունչ լսում է իր հասցեին արվող նկատողությունը, թե` քեզ լսել ոչ ոք չի ակնկալում: Վերջապես ի՞նչ է մնալու վարչապետից, եթե անգամ նրան հաջողվի մի հնարքով ապացուցել, որ կիպրական օֆշորի հետ կապ չունի: Ոմանք պնդում են, թե այս ամենը արվում է դրսերին ցույց տալու համար, թե մեզ մոտ հակակոռուպցիոն պատերազմ է գնում: Ի դեպ, մարտահրավերների ծրագրով մեզ մերժել էին փող տալ հենց այն պատճառաբանությամբ, որ հակակոռուպցիոն պայքարը լավ չենք իրականացնում: Ինչ-որ տեղ արժանահավատ պնդում է: Բայց ինչպե՞ս է կոչվում մի բան ցույց տալու արվեստը: Թատրո՞ն, բեմարվե՞ստ: Իսկ եթե թեման էլ այսքան գայթակղիչ է, ուրեմն՝ անշլագ, օվացիաներ, ծաղիկներ, բրավո, բիս, շնորհավորանքներ աշխարհի բոլոր ծայրերից:

 

Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականն այսպիսի բաներո՞վ է մեզ զբաղեցնելու: ՀՀԿ-ում մի շատ հետաքրքիր բանաձև ունեն: Ասում են՝ յուրաքանչյուր ընտրության հաջորդ օրվանից աշխատում ենք առաջիկա ընտրության համար: Կիջնի նաև այս ներկայացման վարագույրը: Ի՞նչ է սպասում մեզ հաջորդիվ: Կա՞ն նոր սցենարներ, նոր, ավելի գայթակղիչ թեմաներ, թե՞ նախագահ Սարգսյանը, ի վերջո, բեմարվեստը կթողնի մասնագետներին ու նույն հաջողությամբ կզբաղվի պարտերն ու օթյակները լցրած հանդիսատեսի բուն հոգսերով:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: