կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 14:12
Քաղաքական

Ադրբեջանի բանակը կյանքում հաղթանակ չի տարել

Ադրբեջանի բանակը կյանքում հաղթանակ չի տարել

Ադրբեջանական բանակի օրը տեղի ունեցած ռազմական զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե պատերազմի առաջին փուլն է ավարտված, պատերազմն ավարտված չէ: Արդյոք սա պատերազմի սպառնալի՞ք է, թե՞ հերթական շանտաժը: Հարցի մասին այսօր լրագրողների հետ խոսեցին քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն ու ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

 

Ըստ ռազմական փորձագետի` եթե երկիրը պատրաստվում է պատերազմի, նա պետք է ունենա այդ պատերազմի պատկերացումը` պլանը, թե ինչպես է վարելու այն:

 

«Ենթադրելով Ադրբեջանի` սպառազինությունների ձեռքբերման տրամաբանությունից, մենք խնդիրը ձեւակերպում ենք, որ Ադրբեջանի բանակի առջեւ խնդիր է դրված մի քանի տեղերից կայծակնային հարվածներով գրավել ինչ-որ տարածքներ: Այդ նպատակը իրականացնելու համար Ադրբեջանը պատրաստ չէ, փաստը մնում է փաստ, քանի որ եթե պատրաստ լիներ, կսկսեր այդ գործողությունները»,- ասաց Դավիթ Ջամալյանը:

 

Ինչ վերաբերում է ալիեւյան հայտարարությանը, ապա ռազմական փորձագետը դրանք ստանդարտ եւ սպասելի հայտարարություններ որակեց, միաժամանակ նշեց` գիտենք, որ պատրաստվում են պատերազմի, պետք է քայլեր ձեռնարկենք, որ դրանք մնան լոկ հայտարարություններ:

 

 

Անդրադառնալով հայտարարությանը` Լեւոն Մելիք-Շահնազարյանն ասաց, որ Ալիեւն այդ հայտարարությունն անում է տարին առնվազն 10 անգամ եւ տարիներ շարունակ: Քաղաքագետը հիշեցրեց 7 տարի առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, թե պատերազմի վերսկսման հավանականությունը հասել է 100 տոկոսի:

 

«Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը, նախ` իրենց բանակի օրն էր: Ճիշտ է` խայտառակ օր է. այդ բանակը կյանքում` իր պատմության մեջ, երբեք հաղթանակ չի տեսել` ո'չ 1918-20 թվականներին ու ո'չ էլ 1991 թվականից մինչ օրս: Ավելին` բանակի օրը համընկել է Բաքվի անկման հետ` 1721 թվականի հունիսի 26-ին Բաքուն հանձնվել է ռուսական զորքին: Ինչու են այդ օրն ընտրել` երեւի դա ճակատագիր է, որը նաեւ խորհրդանշական է: Ալիեւն այսօր փորձում է լուծել նախընտրական խնդիրներ»,- ասաց քաղաքագետը ու հիշատակեց նման հայտարարության այլ նպատակակետեր եւս` բանակին հատկացված փողերի լվացման փորձ, իր ներսի բնիկ` ոչ թյուրքական ազգերի խնդիրը, որը գնալով ուժգնանում է, ինչպես նաեւ իսլամական շարժման հարուցած խնդիրները, որոնք ուժեղանում են կայծակնային արագությամբ: