կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-18 14:40
Տնտեսական

Կանխվել է կեղծ ապրանքների իրացումը

Կանխվել է կեղծ ապրանքների իրացումը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխել է շուկայում հայտնված` «Բարի Սամարացի», «Քրաուն Քեմիքալ» և «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը. տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչությունը:

 

Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում`հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է «Քրաուն Քեմիքալ» ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից:

 

ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ «Քրաուն Քեմիքալ» ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, «Քրաուն Գոլդ» ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:

 

Հանձնաժողով է դիմել նաև «Բարի Սամարացի» ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ, տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, «Էրզրում» ընկերության կողմից «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» և «ECO PICANT ЕРЗРУМ ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանումով երշիկների արտադրությանը:

 

Վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որևէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:

 

ՏՄՊՊՀ է դիմել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»` տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր, սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:

 

Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց «Պռոշյանի կոնյակի գործարանը» հանդես է եկել միջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքը և պարտավորվել է վերացնել խախտումը:

 

Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները` մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ, դրանք ստացել են խիստ նախազգուշացում` հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով: