Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ Երևանում նոր շենք է կառուցվում, առաջին հերթին արձագանքում են ճարտարապետները` հիշեցնելով թամանյանական հատակագծի, քաղաքի ճարտարապետական տեսքի հնարավոր աղավաղման և այլնի մասին: Կանաչապատ տարծքում կառուցելու դեպքում, իհարկե, ոտքի են կանգնում բնապահպանները, «Մի' փչացրեք մեր քաղաքը», «Այստեղ խաղում են մեր երեխաները» և նմանատիպ այլ կարգախոսներով պաստառներ փակցնում, բողոքի ակցիաներ կազմակերպում:
Շենքի հիմքը դեռ չգցած` լրագրողներն էլ սկսում են պրպտել և պարզել, թե ում է պատկանում շենքը, որ օլիգարխին կամ պաշտոնյային: Իսկ լավատեսներն էլ, որոնց թիվը մեր երկրում զրոյական մակարդակի հասնելու միտումներ ունի, դրական են վերաբերվում ցանկացած երևույթի, անգամ` քաղաքում անճոռնի շինության հայտնվելուն: Շատերին էլ նոր շենքի կառուցումն ամենևին չի հետաքրքրում:
Սակայն այսօր նորակառույց շենքում վաղօրոք բնակարան գնելն ու չստանալն այնքան արդիական է դարձել, որ շենքին նայելիս, մանավանդ, երբ այն աչքիդ առաջ կառուցում-կառուցում ու մի 10 տարի է` չեն ավարտում, մտածում ես` տեսնես քանի՞ միամիտ է բնակարան գնել ու խաբվել: Արդեն սովոր ենք, պարզապես մարդիկ չեն խերվում: Ամեն անգամ մի հանգամանք ստիպում է նրանց հավատով լցվել և վստահել կառուցողին: Սակայն փաստերը վկայում են, որ անգամ սեփական պետությանը վստահելն է դարձել անհնար:
Մեր երկրում մի բնակարանը մի քանիսին վաճառելու և գնորդներին բնակարան չտրամադրելու շատ դեպքերում մարդիկ դարձել են օլիգարխի կամ անհատ ձեռներեցի խաբեության զոհը: Սակայն այս դեպքում բնակիչների վստահությունը չարաշահել է պետության կառավարման անմիջական մասնակիցը` ԱԺ պատգամավորը:
«Տոնուս» շինարարարական ընկերության սեփականատեր, 2007-2012թթ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ) այսօր դարձել է շատ բնակարանների գնորդների , այդ թվում` Դավթաշեն 2-րդ թաղամասի նորակառույց շենքի խաբված բնակիչների «աչքի փուշը»: Բանն այն է, որ մոտ 150 շահառուներ 2007-ին պայմանագիր են կնքել «Տոնուս» ընկերության հետ, ըստ որի՝ վճարել են գումար (ոմանք՝ ամբողջությամբ, ոմանք՝ մասամբ) և պետք է մինչև 2010 թվականի սկիզբը ստանային բնակարաններ, սակայն մինչև այժմ նրանց բնակարաններ չեն տվել՝ պատճառաբանելով, թե ընկերությունը սնանկ է ճանաչվել և ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը: Իսկ վերջերս էլ բնակիչները պարզել են, որ կիսակառույց շենքը գրավադրված է «Արցախբանկում»:
Հուսալքված քաղաքացիները վերջին մեկ շաբաթվա ընթացքում բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի, ֆինանսների նախարարության, «Տունուս» ընկերության և «Արցախբանկի» առջև, սակայն այդպես էլ որևէ գերատեսչությունից կոնկրետ պատասխան չեն ստացել: Բնակիչների կեսից ավելին ժամանակին վաճառել են իրենց բնակարանները և այժմ վարձով են բնակվում:
Նույն շենքում 2007-ին բնակարանային պայմանագիր կնքած շահառուներից Հասմիկ Երիցյանին հույս է ներշնչել շինարարական կազմակերպության առաջարկած` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի և Աշոտ Տոնոյանի ձեռքսեղմումը պատկերող բուկլետը: «Դե, մտածեցի Տոնոյանը կառավարության մարդն է, իսկ կառավարությունը` պետությունը, նշանակում է այդ շենքը կկառուցվի»,-պատմում է մասնագիտությամբ մանկավարժ Երիցյանը և մտահոգված հայտարարում.
«Երբ ասում ենք թուրք` հասկանում ենք գենոցիդ, սակայն երբ քո ազգն է այդ նույն բանն անում իր սեփական երկրում, արդեն հավատ չի մնում: Այսօրվա արտգաղթը երկրից մեծ հիասթափության արդյունքն է»:
Տիկին Երիցյանը մեծ հույսեր է կապում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, թեև այս հարցի առնչությամբ դեռևս նրան չի դիմել: «Ճիշտ է` Տոնոյանն այլևս ԲՀԿ անդամ չէ, սակայն Ծառուկյանն այն մարդն է, ով կարող է ինչ-որ բանով ազդել այս խնդրի լուծմանը»,- վստահ է խաբված գնորդը:
Բնակարանի շահառուներից Զոյա Պետրոսյանն անձամբ է խոսել «Տոնուս»-ի սեփականատեր Աշոտ Տոնոյանի հետ, ով պատասխանել է, որ ինքն այլևս ոչինչ չունի` սնանկ է, անգամ վարձով է բնակվում: Սակայն տիկին Զոյան չի հավատում, որ նախկին պատգամավորը սնանկ է. «Այդ հանցագործը, այդ խուլիգանը ի՞նչ է արել այդ գումարը»,-բարկացած հայտարարում է գնորդը և դիմելով իշխանություններին` ասում. «Պետության մեջ պետություն բացեցիք, և տուժեց անմեղ մարդը: Դե հիմա պատասխա'ն տվեք: Պետք է մի քանի մարդ զոհ գնա` ինքնասպան լինի, որ հասկանաք` սխա՞լ եք գործել»:
Մինչ գնորդներից շատերը փորձում են հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցի շուրջ և այդ կերպ արժանանալ պետության ուշադրությանը, որոշ գնորդներ փորձում են հարցին լուծում տալ իրավական եղանակով: Մի քանիսն արդեն փաստաբաններ են վարձել և փորձում են վերականգնել իրենց խախտված իրավունքները: Խաբված գնորդներից մեկի փաստաբանի`Լուսինե Զաքարյանի խոսքով` բնակիչներն իրենց բնակարանները ստանալու հնարավորություն ունեն, պարզապես ներկա պահին տեղեկատվության պակաս կա.
«Մենք որոշակի տեղեկություններ ունենք, սակայն դրանց վերաբերյալ փաստաթղթեր դեռևս չենք ստացել: Հարցումներ են արվել, սպասում ենք պատասխանների, որից հետո կորոշենք` ինչ եղանակով պաշտպանենք իրավունքները»,- մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբանը: Ըստ նրա` սնանկության գործընթացն սկսելու դեպքում գնորդները կներգրավվեն սնանկության վարույթում: Նա չբացառեց, որ բնակիչները խմբակային փաստաբան կընտրեն, սակայն միաժամանակ նշեց, որ դրա մասին վաղ է խոսել, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ եղանակներով է իրականացվելու գնորդների իրավունքների պաշտպանությունը:
Մանրամասները` տեսանյութում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ