կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-05-22 18:53
Առանց Կատեգորիա

Էէէ՛, բալամ

Էէէ՛, բալամ

«Դաշնակցական իմ գործընկերներից մեկը երեկ, մյուսը` այսօր գուժեց պետականության վախճանը` դրանում մեղադրելով մեզ: Ուզում եմ հանգստացնել իրենց: Մենք լավ ենք սերտել առաջին հանրապետության դասերը եւ ձեր դափնիներին չենք հավակնում»- ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

ՀՀԿ-ից դեռ ոչ ոք այսքան դիպուկ չէր խոսել այս մասին: ՀՀԿ-ն չի հավակնում 1918 թվականին Հայաստանի Հանրապետություն արարած գործիչների դափնիներին: Լավ է: Այլապես մտածում էինք՝ ՀՀԿ-ն չափուսահման կորցրել է արդեն ու հավակնում է հայ ժողովրդի ծագումն առհասարակ իրենով պայմանավորել: Ուրեմն պատկառանքը ՀՅԴ-ի հանդեպ դեռ լրիվ չի մեռել ՀՀԿ-ի, իսկ որ ավելի ուրախալի է, ՀՀԿ-ի ջահելության մեջ:

 

ՀՅԴ-ում հայտնի մի ասացվածք կա՝ մեկին հեռացրու կուսակցությունից ու թեկուզ ջուրը գցիր, մի տեղ դուրս կգա: Նժդեհը ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ընդհանուր ծանոթը չլիներ՝ ի՞նչ էր լինելու: Ահավասիկ Արմեն Աշոտյանը ուսումնասիրել է Նժդեհի փորձը, դասեր քաղել նրանից ու այսպես ելույթ է ունենում ԱԺ-ում: Լավ ելույթ է: Նա խոստովանում է, որ չի հավակնում Նժդեհի դափնիներին: Լավ է: Երիտասարդ ՀՀԿ-ականը կիրթ է բավականին, և այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Աշոտյանը, սակայն, մի բան հաշվի չի առել: Նա, ըստ էության խոստովանելով ՀՀԿ-ի համեստ հավակնությունները, չի խոստովանում ամենակարևորը, այն, որ ՀՀԿ-ն, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չէր կարող հավակնել այդպիսի մի փառքի: Դրա պատճառը պարզից էլ պարզ է՝ ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետություն չի հռչակել: Երբ հռչակվում էր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը` 1991-ին, ՀՀԿ-ն, որպես քաղաքական ուժ, դեռ միկոճականի շալվար էր հագնում: Այդ հետո` հանգամանքների բերումով դարձավ քաղաքական ուժ և նույն այդ հանգամանքների բերումով հայտնվեց իշխանության ղեկի մոտ: Ասել է՝ ՀՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունը նվեր ստացավ և ոչ թե արարեց: Տարբերությունը ակնհայտ է:

 

Հայաստանի այս հանրապետությունը բոլորի պայքարի, այդ թվում` նաև այսօրվա շատ ՀՀԿ-ականների պայքարի արդյունքն է: Այստեղ վեճ չկա: Վեճ չկա նաև այն հարցում, որ բոլորն են հավասարապես պատասխանատու այս հանրապետության ճակատագրի համար, այդ թվում` նաև ղեկի մոտ նստած ՀՀԿ-ն, որը, սակայն, արդեն քանի տարի է, քարերին ու էլեկտրասյուներին խփելով է առաջ տանում մեր հանրակառքը: Մինչև ե՞րբ` հարցնում են ուղևորները վարորդին, սա հո միայն քո հանրակառքը չի՞: Եվ Աշոտյանը, փոխանակ ընդունելու, որ վարել չգիտի, հակադարձում է՝ ձեր վարելն էլ ենք տեսել: Հիմա ո՞նց բացատրենք մեր խմած վարորդին, որ էն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, բոլորը մեր դեմ էին, որ մեր դեմ էին նույնիսկ բոլշևիկի շորեր հագած հայերը, ովքեր վերջում նույնիսկ Նժդեհի գլուխը կերան: Ինչպե՞ս համեմատես էն դժնի ու էս լուսավոր ժամանակները:

 

Վերջում՝ մի հուշում Աշոտյանին: Ինչպես տան հաշիվը շուկայում, այնպես էլ «Ֆեյսբուքի» հաշիվը ԱԺ-ում չի անցնում, մանավանդ, երբ քննարկվում է ՀՀԿ-կառավարության հերթական ախմախությունը (ականջդ կանչի՝ պրոֆ. Վարդան Բոստանջյան): Առայժմ այսքանը:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ