Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված` Երևանի ավագանու ընտրությունների թվերին մի հայացք գցելիս մարդու հավես է գալիս: Հատկապես` աչք է շոյում «Անճշտություններ» սյունակը, որտեղ համատարած զրոներ են: Սա նշանակում է հրաշալի ընտրություններ ենք ունեցել, ինչպես Շարմազանովը կասեր՝ փոքրիկ տեխնիկական թերություններով, որոնք չեն ազդել ընտրությունների ելքի վրա:
Բայց արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է ԿԸՀ հրապարակած արդյունքներում: Այդ արդյունքների վրա մի փոքր ավելի քննախույզ հայացք նետելու պարագայում, սակայն, բավականին իրարամերժ զգացումներ ես ապրում, մանավանդ, եթե կողքից էլ որևէ հանրապետական հերթական ներբողով է հանդես գալիս առ Երևանի գյուղապետի այս ընտրությունը: Ինչպես ասում է «Խոշոր շահում» ֆիլմի գլխավոր հերոսի հարևանը՝ խոսենք թվերով: ԿԸՀ նախագահ Մուկուչյանը միայն թիվ 1 ընտրատարածքում ունի 22 անճշտություն, բայց գրել է, որ անճշտությունների թիվը կազմում է՝ 7: Ինչո՞ւ է գրել 7, ո՞ւմ համար է գրել 7… Ոչ ոք չգիտի: 1/1 ընտրատեղամասում, ըստ ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների քանակի, մասնակիցների թիվը 1090 է (1934-ից): Հանձնաժողովն ստացել էր 1970 քվեաթերթիկ, մարել 877-ը: Քվեատուփից, սակայն, դուրս է եկել 1093 սահմանված նմուշի ծրար, որոնց պարունակության մեջ եղել է 36 անվավեր քվեաթերթիկ, իսկ մնացածը՝ այս կամ այն կուսակցությանը «կողմ» քվեարկված: Ժամերով հաշվել են, հաշվել, բայց երեք քվեաթերթիկ, այսպես ասած, կարմրել է, ավելացել: Արձանագրել են 3 անճշտություն: Հանձնաժողովը ճիշտ է վարվել, բայց այդպես էլ մնացել է անհայտ, թե որտեղի՞ց հայտնվեց այդ 3՝ սահմանված նմուշի քվեաթերթիկը՝ սահմանված նմուշի ծրարներով, սահմանված նմուշի քվեատուփում: Այս կարգի անճշտություններ կան նաև այլ տեղամասերում, որոնց դիմաց` անճշտությունների սյունակում, զրոներ են:
Չանդրադառնալով առանձին ընտրատեղամասերում նկարված թվերին՝ փորձենք մի փոքր թվաբանություն անել թիվ 1 ընտրատարածքի ընդհանուր արդյունքների հետ: Եվ այսպես՝ ընտրատարածքին հատկացվել է 66000 քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցել է 36066 ընտրող: Մարվել է 29719 քվեաթերթիկ: Այս երեք թիվն արդեն իսկ ցույց է տալիս, որ պարոն Մուկուչյանը միայն թիվ 1 ընտրատարածքում ունի 215 կորած թերթիկ, որովհետև, եթե մարված քվեաթերթիկներին գումարում ենք մասնակիցներին տրված քվեաթերթիկները մեզ մոտ ստացվում է 65785 և ոչ թե 66000: Կարող ենք հաշվարկն իրականացնել նաև հակառակ կողմից: Կուսակցություններից մեկին «կողմ» է քվեարկել 34880 ընտրող: Մարվել է, ինչպես ասացինք՝ 29719 թերթիկ: Սահմանված նմուշի ծրարների թիվը 36044 է, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 1160: «Կողմ», մարված և անվավեր քվեաթերթիկների գումարը, եթե անճշտություն չկա, պետք է հավասար լինի սահմանված նմուշի ծրարների թվին: Այս դեպքում գումարը հավասար է 36040-ի, ինչը նշանակում է՝ ընդամենը 4 անճշտություն: Որտեղի՞ց ծլեց Մուկուչյանի 7 անճշտությունը:
Բայց, մյուս կողմից էլ, Մուկուչյանը, կարծես, համեստություն է արել: Ըստ ԿԸՀ-ի հրապարակած թվերի` 36066 ընտրող է մասնակցել ընտրությունների, բայց առկա է 36044 սահմանված նմուշի ծրար: Ստացվում է ոչ թե 7, այլ 22 անճշտություն: Սա՞ ինչպես պատահեց:
Խոստովանենք՝ ավելորդ ժամանակ չենք ծախսել Երևանի մյուս ընտրատարածքների և ընտրատեղամասերի արդյունքների ուսումնասիրության վրա: Այդ հաճելի գործը միտումնավոր թողել ենք ԿԸՀ-ի հարգարժան նախագահին և նրանից ակնկալում ենք ինքնավերահաշվարկ, քանզի սիրուն չի թվերի անկապ հեղեղով ընտրություններ նկարելը: Հուսանք, որ մինչև 2017-ը պարոն Մուկուչյանն իր ընտրատարածքային հանձնաժողովներին գոնե կհուշի՝ ստուգել արդյունքները և նոր միայն փոխանցել ԿԸՀ: Վերջին հաշվով ԿԸՀ-ում աստվածներ կամ կիսաաստվածներ չեն նստած: Նրանք էլ մարդ են, ու թվերի հեղեղից գլուխները պտտվում է:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ