Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է՝ նախապատմություն է ունեցել: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը և փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար: Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին և ասել, որ խոսի ճՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի:
ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից և ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել: Երեք հոգին իջել են մեքենայից և Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը:
Տեղեկությունը ճշտելու համար լրագրողը զրուցել է ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ: Վերջինս ասել է. «Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեռ նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա. խմբ.)»:
Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է: Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար: Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն:
Տեղեկություններ կան նաև, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող և հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել: