կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 23:15
Քաղաքական

Երբ գլխավոր նպատակը վերարտադրվելն է

Երբ գլխավոր նպատակը վերարտադրվելն է

Այն վիճակը, որում գտնվում է այսօր մեր քաղաքը, ուղղակի ողբերգական է: «Իմ ընկերները շատ հաճախ Երեւանը համեմատում են Թբիլիսիի հետ: Ես ուզում եմ մի քիչ մտքի թռիչք ինձ թույլ տալ եւ խոսել ուրիշ քաղաքի մասին: Երեւանը մոտավորապես Փարիզի չափ է, խոսքը գնում է բուն Փարիզի մասին` առանց արվարձանների: Երեւանի բնակչությունը մի քանի անգամ ավելի քիչ է, բայց կարո՞ղ եք հավատալ, որ Երեւան ամեն օր մտնում է նույնչափ ջուր, որքան Փարիզ, բայց Փարիզում ամեն ինչ կանաչ է, 20-րդ հարկ հասնում է ջուրը, բոլորը կարողանում են լողանալ, եւ կենցաղային առումով ջրի հարց չկա: Երեւան մտնում է նույն չափով ջուր, բնակչությունը մի քանի անգամ ավելի քիչ է, ու ջուրը չի հերիքում ոչ մի շրջանում: Կարծում եք` մեղքը ջրով զբաղվող ընկերությունների՞նն է: Ոչ, սխալ տնտեսություն վարելու հետեւանք է: Ջուրը պարզապես մսխվում է Երեւանում՝ ստեղծելով բավական աղետալի երկրաբանական վիճակ»,- Երեւանի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքերով, սակայն, ողբերգական է իրավիճակը բոլոր ոլորտներում: Թեեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձել է ընտրովի, սակայն, միեւնույն է, նա պատասխանատու չէ ընտրողի առջեւ: Երեւանի ավագանին էլ չկարողացավ կայանալ: «Իսկ ինչո՞ւ դա տեղի չունեցավ, քաղաքապե՞տն էր վատ, ավագանի՞ն էր վատ տղերքից կազմված: Ոչ, հարցը անձերը չեն, այլ այն, թե ինչպես է կատարվում այդ ընտրությունը: Ինչպես պառլամենտ եկող իշխանության պատգամավորների մեծ մասը վերեւից նշանակվում է ու բոլորովին նշանակություն չունի, թե որքան ձայն են ստանում, բերում են` լցնում ԱԺ, որ սեղմեն կոճակները, ճիշտ նույն ձեւով էլ լցնում են քաղաքապետարանը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

 

րա խոսքերով` վերեւից՝ ՀՀԿ ղեկավարությունից է կախված ավագանին: Ուստի Վահան Հովհաննիսյանը կոչ է անում ունենալ ընդդիմադիր քաղաքապետ: Նա լիահույս է, որ գոնե ավագանիում ընդդիմությունը կմիավորվի:

 

«Քաղաքում տեղի են ունենում տենդերներ. ո՞վ է հաղթում, միշտ նույն մարդիկ, նույն ընկերությունները, կերպարները, ովքեր կազմում են ՀՀԿ հենարանը: Պարզ մարդը, այս դահլիճում նստած մարդը կարո՞ղ է հույս ունենալ հաղթել: Երբեք: Եվ քանի որ տենդերի մասնակցողը նախապես հաղթել է, որովհետեւ նրան հաղթող են նշանակել, ուրեմն եւ չի վճարի այն գինը, որ քաղաքը պահանջում է: Դրա համար տենդերներից հավաքված գումարները բյուջե չեն մտնում»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը:

 

Վահան Հովհաննիսյանը կոչ արեց ընտրել Դաշնակցությանը եւ հիմնավորեց, թե ինչու. «Որովհետեւ մնացած բոլորից հիասթափվել եք, մնացած բոլորը խոստումներ են տվել ու չեն կատարել: Մեզ դուք պարզապես չեք փորձել, մենք երբեւէ հնարավորություն չենք ունեցել ձեզ ծառայելու մեր հնարավորության չափով: Ընտրություններ են, եւ դուք, արդեն որերորդ անգամ մասնակցելով, տեսնում եք, որ բոլորը նույնն են ասում: Այո, ցավոք, այդպես է: Ինչպե՞ս տարբերել՝ ծրագրերը իրականություն կդարձնե՞ն, թե՞ ոչ: Դա դուք պետք է որոշեք, իսկ որոշելը դժվար չէ: Դուք փորձել եք բոլորին»:

 

Վահան Հովհաննիսյանի խոսքերով` իշխանությունն այնպիսի վիճակ է ստեղծել, որ պաշտոնյան բնավ չի զբաղվում նրանով, ինչով պետք է զբաղվեր, այլ՝ իշխանության վերարտադրությամբ: Երկրում խախտվել է ճիշտ կադրերի ընտրության սկզբունքը, որովհետեւ «վերեւն» է որոշում:  «Մենք պետք է խախտենք այդ տրամաբանությունը»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը: