Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական հարաբերություններում միշտ առկա է քաղաքական կոնֆլիկտ` կա'մ երկրի կառավարման հարցերում որոշումների կայացման հնարավորությունների, կա’մ անձնային, խմբային եւ այլ շահերի սպասարկման համար լրացուցիչ լծակների ձեռքբերման իմաստով:
Բայց քաղաքական ճգնաժամն ավելի խոր երեւույթ է, քան կոնֆլիկտները քաղաքական հարաբերություններում: Քաղաքական ճգնաժամի լրջագույն ցուցիչներից է ընդդիմության` իբրեւ ժողովրդավարական պետության գոյության հիմնական երաշխավորի, չեզոքացումը կամ ոչնչացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Լուրջ իշխանությունը, բնականաբար, գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, դրանով իսկ պարարտ հող է նախապատրաստում, որ ընդդիմադիր դաշտից նախկինում աննշան ու «անշառ» ուժերը կամ գործիչները առաջ մղվեն ու իրենց շուրջը համախմբեն ընտրազանգվածի ընդդիմադիր հատվածին:
Դա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է, որում մեկ անգամ եւս գործնականում համոզվեցինք. դրա վառ օրինակը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով համախմբեց դժգոհ զանգվածը: Եվ երբ որեւէ ուժ կամ գործիչ սկսում է տիրապետել շատ մեծ ընտրազանգվածի, դա արդեն հիմք է տալիս նրան, որ իշխանությունների առջեւ թե’ պայման դնի, թե’ որոշակի պահանջներ ներկայացնի: Բնականաբար, դարձյալ առաջանում են քաղաքական կոնֆլիկտներ:
Քաղաքական կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը առավել հավանական է զարգացած օրենսդրության, խորհրդարանականության, քաղաքական կուսակցությունների համակարգի եւ այլ պայմաններում` խորհրդատվությունների, բանակցությունների, հնարավոր այլընտրանքների հետազոտության եւ փոխընդունելի լուծումների փնտրման միջոցով:
Սակայն Հայաստանում, երբ խորհրդարանում ընդդիմությունը չի կարող որեւէ դեր ունենալ, եթե քաղաքական մեծամասնությունը դա չուզի, իսկ վերջինս կարող է ընդունել ցանկացած օրենք կամ որոշում, քաղաքական կոնֆլիկտների կարգավորումը հնարավոր է կողմերի փոխզիջումների հիման վրա:
Երկխոսությունը հենց այն բանի համար է, որպեսզի կողմերը կարողանան հղկել այն հումքը, որը դրվում է որպես քննարկման թեմա հետագա բանակցությունների սեղանին: Այստեղ հարկավոր է զանազանել երկխոսությունը բանակցությունից եւ բանակցությունը` համագործակցությունից: Նույնիսկ ամենաոխերիմ թշնամիները երկխոսում են:
Այժմ Հայաստանի ներքաղաքական կյանքում, կարծես, սկսվում է երկխոսության փուլը իշխանության ու ընդդիմության ղեկավարների միջեւ: Մասնավորապես` Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակից Սերժ Սարգսյանին ներկայացրեց պահանջների նվազագույն շեմը: Սերժ Սարգսյանը պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ասաց, որ իրեն հասցեագրված գրավոր նյութը կարող է օգնել` արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկական հարցեր են:
Հարց է առաջանում` մեր իրականության մեջ արդեն կա երկխոսության ոչ լավ փորձ ու վատ նախադեպ` կապված ՀԱԿ-իշխանություններ երկխոսության հետ, ո՞րն է երաշխիքը, որ այս փորձը եւս չի ձախողվի: Ակնհայտ է, որ երկուստեք կա շահերի համընկնում, որից, ի դեպ, կշահի հայաստանյան քաղաքական իրականությունն ու մեր պետությունը: Մասնավորապես` ընդդիմությունը կարող է հասնել քաղաքական որոշումների կայացման համար անհրաժեշտ որոշակի լծակների, իսկ իշխանություններին պարզապես օդ ու ջրի նման անհրաժեշտ է ընդդիմություն:
Հասկանալու համար, թե ինչու, պատկերացնենք, որ իշխանությունները համաձայնեցին այս բանակցություններին` ընդդիմադիր եւս մեկ շարժում մարելու, մի ալիք եւս չեզոքացնելու համար, ասել է թե` երկխոսությունը տապալելու: Այդ դեպքում ընդդիմությունը արդեն ուշքի չի գա, մենք դրա փորձն ունենք անցած խորհրդարանական ընտրություններից, կամավոր կհրաժարվի երկրի քաղաքական պրոցեսներին մասնակցելուց, քանի որ կհասկանա, որ իրեն գործելու համար երկու ուղղություն է մնում` կա'մ ծայրահեղ քայլերի դիմել, ինչին այս պահին Հայաստանում ընդդիմադիր ոչ մի ուժ չի գնա` հաշվի առնելով նաեւ մեր ողբերգական փորձն այս ուղղությամբ, կա’մ ուղղակի կգնահատի, որ ինքը որեւէ բան փոխելու հնարավորություն ու լծակ այսօր չունի, եւ իշխանություններին կթողնի միայնակ երկրի կառավարման գործում:
Իսկ այն դեպքում, երբ իշխանությունը դաշտում մնա մենակ, նորից առաջանում է քաղաքական կոնֆլիկտ, բայց այս անգամ արդեն հենց իշխանության ներսում: Որովհետեւ իշխանության մեջ արդեն կսկսվի ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, ու միեւնույն քաղաքական ուժի ներքին խումբ-խմբավորումները, կլանները կմտնեն պետական «կերակրատաշտից» առավել շատ օգտվելու համար մղվող պայքարի մեջ:
Սա միշտ ունենում է մի հետեւանք` տվյալ քաղաքական ուժը սկսում է ինքն իրեն մաշել ու կորցնում է նախ` միասնականությունը, հետո`դիմադրողականությունը, քանի որ երբեմնի թիմակիցները արդեն դառնում են ախոյաններ ու մրցակիցներ: Արդյունքում` տվյալ քաղաքական ուժը քայքայվում է:
Այս ամենը հաշվի առնելով` ներկայումս սկսված երկխոսությունը իշխանությունների փրկությունն է, քանի որ հակառակ դեպքում նրանք իրենք իրենց կսկսեն ոչնչացնել: Ի վիճակի կլինի՞, արդյոք, իշխանությունը հասկանալ այս պարզ իրողությունը…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ