կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 15:28
Հասարակություն

Անհատ տաքիսիտներից այլեւս դեղին պետհամարանիշեր չեն պահանջվելու

Անհատ տաքիսիտներից այլեւս դեղին պետհամարանիշեր չեն պահանջվելու

Հաշվի առնելով կուտակված փորձը եւ բողոքները, ընդառաջելով ներկայացված բազմաթիվ առաջարկություններին` տաքսիներով ուղեւորափոխադրումների ոլորտում մշակվել են կանոնակարգային նոր մոտեցումներ, որոնք ուղղված են վարորդների աշխատանքի դյուրինացմանը, ադմինիստրատիվ-բյուրոկրատական միջամտությունների առավելագույն կրճատմանը, գրանցման, աշխատանքի եւ սպասարկման պայմանների բարելավմանը. լրագրողներին այսօր ներկայացրեցին տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արտաշես Ավետիսյանը, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Տոնոյանն ու ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» ղեկավար Արմեն Եղիազարյանը:

 

Տրանսպոսրտի եւ կապի փոխնախարարը նշեց, որ հիմնականում չորս բարփոխում է արվել: Առաջինը` լիցենզավորման գործընթացն է բարեփոխվել. այսօրվա գործող օրենսդրությամբ լիցենզավորման մասին դիմումը ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում պետք է համապատասխան որոշումը կատարվեր տաքսիստին տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք տալու համար, իսկ այժմ` 5 օրում:

 

Պետական տուրքը` նախկին 25 հազար դրամ միանվագ վճարումը, միացվել է արտոնագրային վճարին եւ բաժանվել տասներկու ամսվա վրա: Մյուս փոփոխությամբ դեղին պետհամարանիշերը շրջանառությունից հանվում են եւ վերադարձ է կատարվում սպիտակ համարներին:

 

«Դեղին համարն, առաջին հերթին, վերահսկողական ֆունկցիաները կատարելու համար էր: Դեղին համարների համար տաքսի ծառայություն մատուցող անհատը պետք է վճարումներ կատարեր` 17 հազար դրամ, որն այլեւս չի վճարելու: Իսկ դեղին համարների փոխարեն տրանսպորտի նախարարությունը տաքսիստներին անվճար տրամադրելու է դեղին ստիկերներ, որոնցով էլ տարբերվելու են տաքսի ավտոմեքենաները»,- պարզաբանեց տրանսպորտի եւ կապի փոխնախարարը:

 

Վերջին փոփոխությամբ էլ հանվել է ամենօրյա բուժ- եւ տեխզննման պահանջ: Արտաշես Ավետիսյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա հիմնականում ֆորմալ բնույթ է կրել, եւ այլեւս անհրաժեշտություն չկա այս դրույթը պահպանելու: Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Տոնոյանը դեղին պետհամարանիշերի մասին ասաց, որ ժամանակին վերահսկողության մեխանիզմ է պետք եղել տաքսի ոլորտի համար, բայց ժամանակի ընթացքում, տեսնելով, որ քաղաքացիները լուրջ խնդիրներ են ունենում ոչ միայն ֆինանսական, այլեւ բյուրոկրատական տեսանկյունից, այս պահանջը հանվում է:

 

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի» ղեկավար Արմեն Եղիազարյանն էլ, ում ղեկավարած կառույցն այս փոփոխությունների հեղինակն է, նշեց, որ փոփոխությունների արդյունքում որքան խնայողություն են անում վարորդները խաղի նոր կանոնների դեպքում:

 

Լրագրողները հարց ուղղեցին ՏԿ փոխնախարար Ա. Ավետիսյանին, թե` տաքսիստները մտահոգություններ ունեն, որ այս քայլերով փորձ է արվում անհատ տաքսիներին «քշել» դեպի խոշոր տաքսապարկեր: Փոխնախարարը պատասխանեց, որ նման բան գոյություն չունի: Իսկ բուժ- եւ տեխննման հարցի առնչությամբ նշեց, որ եթե տաքսի ծառայությունները ցանկություն ունեն` այդ զննումներն անելու, կարող են կարգավորել այդ հարցն իրենց ներքին հրամաններով:

 

«Այսօրվա պայմաններում մոտ 6 հազար անհատների մեքենաներ են շահագործվում, եւ պարզապես հնարավորություն չկա, որ այդքան մեքենաներն ու տաքսիստներն ամեն օր զննում անցնեն»,- ասաց Արտաշես Ավետիսյանը: