Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
19-րդ դարի վերջից հայերը երբեք ապահով չեն եղել Թուրքիայում եւ երբեք չեն լինի, եթե այդ երկրում լուրջ փոփոխություններ չլինեն. ARMENIA Today-ի հետ զրույցում ասել է գերմանացի իրավապաշտպան, «Ճանաչում աշխատանքային խումբ` ընդդեմ Ցեղասպանության, հանուն միջազգային ըմբռնման» կազմակերպության ղեկավար, հայագետ Թեսա Հոֆմանը` մեկնաբանելով Թուրքիայում տարեց հայուհիների սպանությունները:
«Դուք չեք կարող անվտանգ լինել մի երկրում, որտեղ «էրմենի»-ն ամենավիրավորական հայհոյանքն է, այնքան վիրավորական, որ նախագահ Գյուլը դատի տվեց պատգամավորին, որը «վիրավորել էր» նրան` խորհրդարանում հայ անվանելով: Դուք չեք կարող անվտանգություն ակնկալել երկրում, որտեղ քաղաքացիները երբեք լիարժեք ու համոզիչ չեն ենթարկվել պատասխանատվության հայ համերկրացիների կամ հայ զբոսաշրջիկների դեմ իրականացրած հանցագործությունների համար, նույնիսկ վերջին` Հրանտ Դինքի գործով:
Տասնամյակների այդ անպատժելիությունը հանգեցրել է նման իրավիճակի: Դուք չեք կարող անվտանգություն ակնկալել մի երկրում, որտեղ դպրոցական դասագրքերում շարունակում են Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնություններին ներկայացնել որպես թշնամի կամ դավաճան: Դուք չեք կարող անվտանգություն սպասել մի երկրում, որտեղ Ցեղասպանության զոհերին ընկալում են որպես արդարացիորեն պատժված դավաճանների եւ անշնորհակալ սուբյեկտների: Դուք չեք կարող անվտանգություն ակնկալել մի երկրում, որտեղ հետապնդում են սեփական մտավորականներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին` «հակաահաբեկչական օրենքի շրջանակներում»,- ընդգծել է Հոֆմանը:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարին` նա նշել է, որ հասարական շրջանակներում առաջընթաց նկատվում է, ինչը չի կարելի ասել քաղաքական գործիչների մասին. Թուրքիայի առաջատար պաշտոնյաները, առաջին հերթին` նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը, ընդունակ չեն փոխել իրենց դիրքորոշումը Ցեղասպանության հարցում:
Ըստ Հոֆմանի` մինչ օրս ամենապրոգրեսիվ դիրքորոշումը եղել է արտգործնախարար Դավութօղլուինը, ով անցյալ տարվա հուլիսին հայտարարեց. «Թուրքիայի ոչ մի արտգործնախարար չի հայտարարել, որ 1915 թվականին հայերի նկատմամբ ոչինչ չի իրականացվել: Ես այդ իրադարձությունները ցեղասպանություն չեմ համարում, սակայն դա յուրաքանչյուրի ընտրությունն է: Մենք չենք հերքում ձեր վիշտը, մենք այն գիտակցում ենք: Հետեւաբար` եկեք միասին մտածենք` ինչ անել: Դա չի կարող միակողմանի մեղադրանք լինել»:
Հոֆմանը նշում է, որ Դավութօղլուի մեսիջն այն է, թե հայերը եւ թուրքերը հավասարապես տուժել են միմյանց պատճառով:«Տառապանքների այդ հավասարեցումը հեռու է զանգվածային հանցագործությունների իրական ճանաչումից, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը: Դա շուկայական առեւտուր է, թեեւ` ավելի քիչ վիրավորական, քան ուղղակի մերժումը` 2006-ին վարչապետ Էրդողանի հրամանով ներմուծված որպես «Հայոց ցեղասպանության մասին սուտ»: Այսօր Սփյուռքի, նաեւ Հայաստանի հայերը պետք է որոշեն` արդյո՞ք «տառապանքների» փոխադարձ ճանաչումը պատմականորեն բավարար է եւ արդարացնում է նրանց սպասումները, առաջին հերթին` համապատասխանո՞ւմ է, արդյոք, պատմական եւ իրավական իրողությանը»,- նշել է գերմանացի իրավապաշտպանը:
Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը պատմական ճշմարտությանը մոտենալու քայլեր է անում, եւ պետական պատմագիտությունը կորցնում է իր մենաշնորհը: