կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 15:32
Առանց Կատեգորիա

Ներսես Նազարյանը ''նշանակետին'' է խփում

Ներսես Նազարյանը ''նշանակետին'' է խփում

Ազատության հրապարակում ոստիկանությունը երեկ խոչընդոտեց «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստներին` վրան տեղադրել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ոստիկանությունը նշում էր, թե Ազատության հրապարակը պատմա-մշակութային արժեք է, եւ արգելվում է ասֆալտին վրան տեղադրել: Ոոստիկանները թույլ չտվեցին վրան տեղադրել նաեւ խոտածածկ մասում:

 

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտել էր, որ պետք է հաշվի առնել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը. «Մարդիկ այդտեղ գալիս են, հանգստանում են, շարժվում են, քայլում են, ինչի՞ համար այդտեղ դրվեն վրաններ: այդտեղ երեխաներ են խաղում, ծերերն իրենց ազատ ժամանակն են անցկացնում: Միայն մտածել իրենց մասին, որ կարելի է վրան դնել եւ ուշադրություն գրավել»:

 

Հավանաբար, Երեւանի հարգարժան ոստիկանապետը քաղաքացիների տեղաշարժվելուն, հանգստին չխանգարող երեւույթներ է համարում, երբ տարվա տաք եղանակին նույն Ազատության հրապարակը «մշակութային» ատրիբուտներով է լցվում` տեղադրվում են հսկայական ատրակցիոններ, պոպկորնի ապարատներ եւ այլն: Երեւի Ազատության հրապարակում ամռանը տեղադրված մանկական գնացքի ռելսերը կամ հսկայական փչովի բատուտը օգնո՞ւմ են ծերերին ավելի ազատ տեղաշարժվել…

 

Իսկ ամբողջ մայրաքաղաքում տեղադրված կրպակնե՞րը, որոնք մայթերի գրեթե կեսը գրավում են, չե՞ն խանգարում մարդկանց` մայթերով ազատ տեղաշարժվելու իրավունքին: Կամ` կարելի՞ է, արդյոք, Ներսես Նազարյանի պատասխանից հասկանալ, որ քաղաքացիներն ակտիվորեն տեղաշարժվում են օպերայի հարակից տարածքի խոտածածկերով, եւ այդտեղ տեղադրված վրանը կխանգարի նրանց ազատ տեղաշարժին:

 

Բայց մի լավ բան կա բարձրաստիճան ոստիկանի խոսքերի մեջ` որ ոստիկանները մտածում են մեր ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին: Այդ դեպքում խնդրում, կոչ ենք անում եւ նույնիսկ պահանջում ենք, որ ամեն անգամ, երբ նախագահն իր բազմահոծ շքախմբով ինչ-որ տեղ է գնում, չփակեն փողոցները եւ չխանգարեն մեր` քաղաքացիներիս ազատ տեղաշարժին, երբ Սերժ Սարգսյանը գտնվում է ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակում, Մելիք Ադամյան փողոցը անանցանելի չդարձնել ու մարդկանց չստիպել փոխել ճանապարհը: Երբ ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրերին, ոստիկանները փակում են կառավարության շենքը եւ Մելիք-Ադամնյան ու Նալբանդյան փողոցներից եկող մարդկանց ասում. «Էս կողմով մի անցեք»: Այս ամենը մարդու իրավունքների խախտում չէ՞:

 

Երբ իշխանությանը մաս չկազմող ինչ-որ մեկն է ինչ-որ ակցիա անում, դա մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է, իսկ երբ չինովնիկներն են փակում փողոցները, մայթերը, հրապարակը եւ այլն` պետական կարեւորության միջոցառում:

 

Ի վերջո, եթե անգամ մի քանի հոգու տեղաշարժվելուն էլ խանգարի հացադուլավորի համար վրան տեղադրելը, իսկ ո՞ւր մնացին երկրի` պետության մարդասիրական պարտավորությունները, որոնք սահմանված են օրենքներով, Աահմանադրությամբ ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով:

 

Իհա'րկե, Երեւանում, ինչպես արդեն նշեցինք, քաղաքացիների ազատ տեղաշարժին խանգարող շատ «հանգամանքներ» կան. գուցե պարոն Նազարյանը սկսել է մի լայնածավալ գործընթաց, որի շրջանակներում մեր բարձրացրած խնդիրներն է՞լ է փորձելու լուծել ու սկսում է Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի՞ց…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ