կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 12:28
Քաղաքական

Ոչ իշխանական ուժերը սեղանի տակից ոտքով իրար են խփում

Ոչ իշխանական ուժերը սեղանի տակից ոտքով իրար են խփում

Ապրիլի 9-ին մարտավարական որոշ սխալներ եղան, բայց էլեկտորատը կանգ առավ «Հիմա»-ի կանգառում, որը Բաղրամյանի սկիզբն էր, մի մասը մնաց Ազատության հրապարակում, մի մասն էլ այդ պահին հեռացավ. ԱԺ ավանդական ճեպազրույցում խոստովանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

 

Ըստ նրա` յուրաքանչյուրն այդ պահին ակնկալում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա թիմը իրենց ծրագիրը պետք է իրականացնեն, բայց տեսան, որ չի լինում, ու հեռացան: «Այն, ինչ կատարվեց, քաղաքագիտորեն օրինաչափ էր, մարդիկ էլ հիասթափված չեն»,- վստահեցրեց Ռուբեն Հակոբյանը:

 

Խոսելով ավագանու ընտրությունների մասին, մասնավորապես` թե որքանով է հնարավոր ոչ իշխանական ուժերի միավորումը, Հակոբյանն ընդգծեց, որ առանձին քննարկումներ եղել են, բայց որեւէ միասնական որոշում չկա, պայմանավորվել են, որ ոչ իշխանական ուժերով համատեղ վերահսկելու ենք ընտրությունների ընթացքը, բայց այդ համագործակցությունը կարող է երկարատեւ լինել, եթե ոչ իշխանական ուժերն ընտրությունների ընթացքում իրենց պահեն օրենքի սահմաններում: «Մենք ունեցանք մի անփառունակ միացյալ շտաբ, որը դեմ գնաց եւ չպաշտպանեց իր հռչակած սկզբունքները` կաշառք չբաժանել, բարեգործության անվան տակ բաներ չանել: Եթե ոչ իշխանական ուժերն էլ պետք է օգտվեն այդ «լծակներից», ի՞նչ տարբերություն` ով կլինի` գործողը, թե մեկ ուրիշը»,- հայտարարեց Հակոբյանը:

 

Նա նաեւ նշեց, որ կապ չունի, թե քանի ձայն ու մանդատ կունենան` ցանկացած քանակության մանդատի դեպքում որակյալ թիմ են ուղարկում ավագանի: Տոկոսների մասին կանխատեսում անել Հակոբյանը չցանկացավ, միայն նշեց, որ ակնկալում են` «Բարեւ, Երեւան» դաշինքը ծանրակշիռ ներակայություն կունենա ավագանիում:

 

Հակոբյանը ոչ իշխանական ուժերի համագործակցությունը նմանեցրեց սեղանի շուրջ ձեռքով միմյանց բարեւելու, բայց տակից ոտքով իրար խփելու հետ: