Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բուհերի մի մասը, ինչպես, օրինակ, Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, փակել էին ելքի բոլոր դռները, մետաղական դարպասները, որպեսզի ուսանողները չկարողանան միանալ նախագահական կեղծված ընտրությունների դեմ ուղղված ուսանողական դասադուլին: Այդ ուսանողներին, բառի բուն իմաստով, բանտարկել, ազատազրկել էին` ըստ էության բռնություն կիրառելով նրանց ազատ տեղաշարժվելու և ազատ կամքի արտահայտման իրավունքի նկատմամբ:
Խնդիրը բացարձակապես սկսված` հասարակական-քաղաքական շարժմանը դասադուլի եղանակով միանալ-չմիանալու մեջ չէ: Ավելին` այս պարագայում դա անգամ խիստ երրորդական բան է: Կրթություն ստանալու իր իրավունքից օգտվելն ու չօգտվելը, այս կամ այն թույլատրելի ակցիային միանալն ու չմիանալը, սեփական կարծիքը բարձրաձայնելը կամ պարզապես լռելը, առավել ևս` Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում` նաև սեփական բուհի տարածքում ազատորեն տեղաշարժվելը, մուտք ու ելք անելը ուսանողի սահմանադրական իրավունքն է:
Փակելով ուսանողներին ճաղավանդակների ետևում` բուհերի ղեկավարությունն ու անվտանգության ծառայությունները խախտել են երիտասարդների այդ իրավունքները, նրանց դարձրել կալանավորներ, և դա արել են ոստիկանության ակտիվ օժանդակությամբ, այլ կերպ ասած` պետության ուղղակի միջամտությամբ: Պետությունը, որը պարտավոր էր պաշտպանել ուսանողների իրավունքները, ինքն է դրանք ոտնահարել և դա արել է ակնհայտ քաղաքական նկատառումներով: Բանն այն է, որ բացարձակապես անտեսվել էր այն հարցը, թե որքանով էր իրավաչափ դռները ուսանողների վրա փակելու` բուհերի ղեկավարության, ըստ էության, կամայական որոշումը և որքանով էին իրավաչափ դասադուլ անողների գործողությունները դասապրոցեսին խոչընդոտելու կամ չխոչընդոտելու իմաստով: Ոստիկանությունը մի կողմից պաշտպանեց նոմենկլատուրային ամեն կերպ ծառայող ռեկտորատների` ուսանողությանը փակի տակ բռնի պահելով քաղաքական ակցիաներից զերծ պահելու կամայականությունը, իսկ մյուս կողմից` չցանկացավ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել` առկա` առանց այն էլ լարված իրադրությունն էլ ավելի չսրելու համար: Այսինքն` հասարակական կարգը, քաղաքացու իրավունքները պաշտանելուն ուղղված կառույցը գործեց ոչ թե օրենքի տառին հետևելու, այլ պահի քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով:
Սակայն իրական ցավը կամ ողբերգությունը ոստիկանության այս հանրածանոթ ձեռագրի մեջ չէ, որովհետև այն, ինչ նրանք արեցին փետրվարի 25-ին բուհերում, ընդամենը իրավիճակային, ժամանակավոր լուծումներ էին: Ի վերջո, եթե ուսանողությունը հավաքական կամք դրսևորեր ու միակամ լիներ դասադուլին միանալու հարցում, ապա նրանք հաջորդ օրն ուղղակի դասի չէին գնա, և բուհերն էլ դռները նորից նրանց առջև փակելու խնդիր չէին ունենա:
Փաստն այն է, որ այդ կամքը ուսանողությունը դրսևորել չկարողացավ կամ էլ չցանկացավ: Եվ դա բնական է: Որպեսզի այդ գիտակցությունը ուսանողությունն ունենար, նախ պետք է ընդվզեր իր սովորական, քաղաքացիական իրավունքները թե' բուհերի և թե' ոստիկանության կողմից բացահայտ խախտելու իրողության դեմ: Փետրվարի 25-ին չէին կալանավորել Րաֆֆի Հովհաննիսյանի պոտենցիալ կամ իրական համախոհներին, կալանավորել էին բոլորին, նաև` Սերժ Սարգսյանի պոտենցիալ կամ իրական համախոհներին, կալանավորել էին քաղաքացուն:
Նրանք կարող էին չմիանալ դասադուլին: Բայց իրենց նման կերպ նվաստացնելու բացահայտ պահվածքը չնկատել չէին կարող: Ի վերջո, բուհը, այն էլ` պետական բուհերը, ոչ թե ռեկտորի կամ վերջնականապես բյուրոկրատացած կառավարման խորհուրդների բոստանն է, այլ ուսանողների ազատ ինքնադրսևորման միջավայրն ու կառույցը, որտեղ ոչ միայն մասնագետ է ծնվում, այլև հասարակության անդամ ու քաղաքացի: Չկա ուսանող, չկա նաև բուհ: Եվ անկախ քաղաքական նախապատվություններից` միայն այս հանգամանքը պետք է բավարար լիներ` համընդհանուր, ապաքաղաքական բողոքի ակցիա կազմակերպելու, ոչ թե դասադուլին կամ Ազատության հրապարակին միանալու, այլ իրենց` ուսանողի իրավունքները հարգել ստիպելու համար:
Եվ մեր ուսանողության մեծամասնությունը, որի առանձին ներկայացուցիչներ ընդամենը ի վիճակի են ոստիկանության թիկունքից հայհոյանքներ տեղալ իրենց մյուս, չհնազանդվող հատվածի հասցեին, փետրվարի 26-ին կրկին դասի գնաց: Կարծես, այն, ինչ եղել էր նախորդ օրը, լրիվ օրինաչափ ու սովորական բան է: Հայաստանցի միջին ուսանողը ընդունեց իրեն ստրկացնելու պայմանները և պատրաստակամություն հայտնեց շարունակել լինել ստրկամիտ այն հարցերում, որոնք ուղղակիորեն են առնչվում իրենց անմիջական իրավունքներին: Իսկ ամեն ինչ և առաջին հերթին քաղաքացին սկսվում է այստեղից: Նման ուսանողությունը ոչ թե հասարակության շարժիչ, այլև անգամ սովորական պտուտակ լինել ի վիճակի չէ:
Գևորգ Աղաբաբյան