կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-24 14:53
Հասարակություն

Յոթ ուղերձ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Յոթ ուղերձ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


Ձերդ Գերազանցություն պարոն նախագահ.

 

Ես Ձեր հասակակիցն եմ, երկուսս էլ, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահը, ծնվել ենք 1954 թվականին, այսինքն՝ սերնդակիցներ ենք, նույն ժամանակի ծնունդներ: Նշանակում է, ինձ համար այս պահին նաև սերնդի արժանապատվության ու համոզմունքների խնդիրն է առաջնայինը: Ես ուզում եմ, որ մեր սերունդը չմնա պատմության լուսանցքում և միշտ կարողանա երկրի համար կարևոր ու նշանակալի որոշումներ կայացնել: 

 

Երկիրն իրապես կանգնած է ծանր ու դժվարին կացության առջև: ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքները հասարակությանը դարձրել են բազմաբևեռ, առաջ բերել տարազատումների, անգամ թշնամական տրամադրությունների սինդրոմը, ինչը ոչ միայն լի է վտանգներով, այլև կարող է օգտագործվել հարևան երկրի կողմից՝ նոր պատերազմ հրահրելու համար: Հայաստանը կանգնած է ճակատագրական նիշի առջև, երկիրը ներքաշվում է տարածաշրջանային մի խաղի մեջ, որի սցենարներն արդեն խաղարկվել են Մերձավոր Արևելքում, ինչ-որ չափով նաև Վրաստանում… Տարածաշրջանի ամենախաղաղ ու ամենակայուն երկրներից մեկում նոր ու անկանխատեսելի սցենարների ներդրումը կարող է նաև տանել պետականության կորստին: Խանդավառված Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային արշավով, տարբեր քաղաքներում տեղի ունեցող արթնացման գործընթացներով, այնուամենայնիվ, չենք բացառում, որ օգտագործելով ՀՀ Նախագահի թեկնածուի համաժողովրդական ընդունելությունը, որոշ արևմտյան ուժեր, ինչպես նաև տարբեր աղանդավորական կազմակերպություններ, կարող են ներթափանցել ժողովրդի մեջ և առաջ մղել սեփական շահերն ու նկրտումները՝ այսպիսով երկիրը մղելով դեպի խոր ճգնաժամ:

 

Ուրեմն, վաղվանից սկսած, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների արդյունքները, երկրի բախտն ու ճակատագիրը, հայաստանցիների անվտանգությունն ու ապահովությունը կախված կլինեն բացառապես Ձեզանից: Դուք եք դառնում ամեն ինչի պատասխանատուն, Դուք եք դառնում Հայաստանի ընթացքի ճարտարապետը: Ինչպիսի՞ն կլինի այն ,,նախագիծը,, , որից կախված կլինեն հետագա զարգացումները՝ պայմանավորված է միայն ու միայն Ձեզանով:

Ձերդ Գերազանցություն պարոն նախագահ.

Իբրև հայ մարդ ու հայ մտավորական, մտահոգված լինելով երկրի ընթացքով, մեր ժողովրդի անվտանգությամբ ու խաղաղությամբ, Հայաստանի ճշմարիտ տեսլականներով, առաջարկում եմ Ձեզ.

 

1. Փետրվարի 25-ին հրավիրել արտահերթ խորհրդակցություն՝ Անվտանգության խորհրդի անդամների, ԱԺ խումբ-խմբակցությունների ղեկավարների և ընդդիմության ներկայացուցիչների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների, ՀՀ Առաջին և Երկրորդ նախագահների մասնակցությամբ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

 

2. Քննարկել Ազգային համաձայնության կառավարության ստեղծման գաղափարը՝ բանակցությունները հիմնականում վարելով Ձեր և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իբրև 500 հազարից ավելի հայաստանցիների քվեների ճշմարիտ կրողի, միջև:

 

3. Ընդունել ՀՀ Կառավարության հրաժարականը և ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն՝ տալով վեցամսյա գործունեության մանդատ:

 

4. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներով՝ համապատասխան ժամկետում, հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

5. Փետրվարի 27-ից ՀՀ Կառավարության ղեկավարի պարտականությունները հանձնել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու լիարժեք իրավասություններով:

 

6. Պաշտոնանկ անել ՀՀ մարզպետներից մեծ մասին, մասնավորաբար՝ Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզպետներին, ՀՀ Կառավարությանն առընթեր մի շարք գերատեսչությունների ղեկավարներին, ձևավորել կադրային միանգամայն նոր իրավիճակ՝ այսպիսով ստեղծելու համար կայունության և վստահության երաշխիքներ: Երկրոդ փուլով պահանջել մի շարք քաղաքապետերի, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պատասխանատուների և մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հրաժարականները:

 

7. Այս ամենի մասին փետրվարի 25-ին, ժամը 21-00-ին, հանդես գալ Հանրային հեռուստատեսությամբ՝ կոչ հղելով այն ժողովրդին, որի համար ամենից թանկ արժեքը ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է:

Ձերդ Գերազանցություն պարոն նախագահ.
Սա վերջնագիր չէ, սա պահանջ չէ, քանզի ՀՀ քաղաքացին միայն կարող է երկրի նախագահին առաջարկություններ ներկայացնել՝ վասն երկրի կայունության և խաղաղության, վասն մեր երեխաների խաղաղ ու անվտանգ ապագայի: Համոզված եղեք, իմ այս ուղերձին կմիանան միլիոնավոր մարդիկ, բոլոր նրանք, ովքեր իրենց հոգում են կրում մեր օրհներգի՝ ,,Մեր Հայրենիք ազատ, անկախ,, բառերը, ովքեր մեկ և եզակի Հայրենիք ունեն՝ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ քաղաքացի, Ձեր հասակակից և բարեկամ՝
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,«Արտիստ» մրցանակի դափնեկիր
Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար