կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-21 15:19
Առանց Կատեգորիա

''Սերժի մարդ''-ը դառնում է արխայիզմ

''Սերժի մարդ''-ը դառնում է արխայիզմ

Կար ժամանակ, որ մեր մեջ Սերժի մարդուն գտնելն ու «խփելը» մեկ-երկու հաշվի գործ էր: Պատահում էր՝ ինքն էր ոտքի տակ ընկնում, պատահում էր՝ այնպիսի քայլեր էր անում ու այնպիսի ելույթներ ունենում, որ ուղղակի զռռում էր՝ էս է, որ կա, Սերժի մարդն է: Չգիտեմ, արժե՞ թվարկել` Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Սամվել Բալասանյան (Րաֆֆու Սամվել), Շուշան Պետրոսյան (հարցասեր Շուշան), Չեբուրաշկա և այլն և այլն:

 

Սակայն, հատկապես վերջին ՏԻՄ ընտրություններից սկսած, Սերժի մարդուն հայտնաբերելու գործը բավականին դժվարացավ: Այստեղ այնպիսի քաոս առաջացրեցին, որ նույնիսկ շունը տիրոջը չէր ճանաչում: Եղբայրը քրոջ դեմ էր պայքարում, մարդը՝ կնկա, կնիկը՝ հարևանի կնկա, ՀՀԿ-ն պայքարում էր ԲՀԿ-ի, իսկ ԲՀԿ-ն` ՀՀԿ-ի թեկնածուի հաջողության համար: Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ դառնալը մեր ասածի ամենավառ ապացույցն է: Բայց այն ժամանակ մենք դեռևս արագ էինք կողմնորոշվում և ասացինք՝ Սամվելը Սերժի մարդն է:

 

Նախագահական ընտրություններին ընդառաջ, սակայն, հասարակության գործը բավականին դժվարացավ: Սերժ Սարգսյանի մարդը լինելն էր «զապադլո», թե ինչ, մարդու այդ տեսակը մեզանում դադարեց բացահայտ գործել, կոմուֆլյաժ հագավ, շատ արագ յուրացրեց կոնսպիրացիայի կանոններն ու խառնվեց մեր շարքերին: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ նախագահի թեկնածուներից առնվազն 7-ը (Սերժ Սարգսյանին չհաշված) մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը դեռ միմյանց մեղադրում էին Սերժի մարդը լինելու մեջ:

 

Պարույր Հայրիկյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինձ մեղադրում էին, թե Սերժի մարդն եմ: Տեսա՞ք` ինչ եղավ»: Նա մահափորձը նկատի չունի (Սերժի մարդկանց քի՞չ են խփում), այլ իր հավաքած ձայների քանակը, որոնք այնքան քիչ են, որ այլևս կասկած չպետք է հարուցեն, թե ինքը կարող է Սերժի մարդը լինել: Եթե վստահենք Հայրիկյանի փորձին, ապա կարող ենք հասարակության մեջ Սերժի մարդկանց, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները հայտնաբերել ռեյտինգային շկալայով:

 

Հայրիկյանն ինքն այս շկալայում, փաստորեն, առաջ է Անդրիաս Ղուկասյանից, Արամ Մելիքյանից և Վարդան Սեդրակյանից: Սերժ Սարգսյանին ավելի մոտ է կանգնած Բագրատյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այնքան է մոտ, որ չես հասկանում՝ ի՞նքն է ավելի շատ Սերժի մարդը, թե՞ Սերժը: Երևի հասկացաք, որ Սերժի մարդուն հայտնաբերելու՝ Հայրիկյանի առաջարկած մեթոդն այնքան էլ զերծ չէ թերություններից: Գյումրիի կողմերում, օրինակ, այդ մեթոդն ընդհանրապես չի աշխատում: Մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որ հանրահայտ Սերժի մարդ են, հազիվ երկրորդ տեղ են գրավել: Գյումրեցիները նույնիսկ Սամվել Բակասանյանին նոր անուն են դրել՝ Րաֆֆու Սամվել: Այսինքն՝ Հայրիկյանի մեթոդը գործել է լրիվ հակառակ կողմից:

 

Սերժի մարդկանց կոնսպիրացիան գնալով խորանում է: Պատկերացնո՞ւմ եք, Թոխմախի Մհերը լրագրողուհիներին շատ սիրալիր հրավիրել է ՀՀԿ շտաբ, հյուրասիրել, իսկ լրագրողի մասնագիտության մասին իր ուրույն տեսակետները շարադրելուց հետո հայտարարել, որ աղջիկները կարող են չվախենալ, քանզի ՀՀԿ շտաբում, նրանք ապահով ձեռքերում են: Հաստավիզ սափրագլուխներն ամենուր սկսել են խոսել մաքուր հայերենով, նույնիսկ «Դուք»-ով, իսկ երբ տեսնում են` մի տատիկ է փողոցը անցնում, օգնում են նրան: Նայում ես վրան՝ նաղդ զռռում է, որ Սերժի մարդ է, բայց, տեսնելով նրա արած լավ գործերը, լեզուդ չի պտտվում, որ ճակատին ասես՝ դու Սերժի մարդն ես:

 

Հասարակությունը միշտ յուրովի է ընկալում դժվարությունները և ամենաունիկալ ելքեր գտնում դժվար կացություններից: Նախագահական ընտրություններից տառացիորեն 1-2 օր առաջ մեր հասարակությունը որոշեց, որ Սերժի մարդ փնտրելն ուղղակի անիմաստ գործ է: Եվ նա գտավ ելքը՝ վերցրեց ու ձայնը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այդ պահին բավականին մեծ շանսեր ուներ Սերժի մարդ համարվելու: Եվ տեղի ունեցավ ամենաանսպասելին: Րաֆֆին մեր աչքի առաջ վերածվեց (կամ դեռ չգիտի` ինչպես վերածվել) ժողովրդի մարդու: Այստեղ շատ կարևոր է էպոսագետ Վարդան Սեդրակյանի կարծիքը: Ըստ նրա՝ Սերժն ու Րաֆֆին ծաղրեցին ժողովրդին, և հեռու չեն այն ժամանակները, երբ ժողովուրդը կհասկանա, որ ինքը խաղարկվել է:

 

Մենք մի քիչ համաձայն չենք հարգարժան էպոսագետի հետ, թեև նրա տեսակետն այս հարցում մեզ շատ հոգեհարազատ է: Մեր կարծիքով` պարզապես արդեն եկել են այն ժամանակները, երբ մեր հասարակության մեջ Սերժի մարդ հասկացության հանդեպ հետաքրքրասիրությունը խիստ նվազել է, համարյա հավասարվել լույսի մարդ հասկացության հանդեպ մեր ունեցած հետաքրքրասիրությանը: Իսկ 2018 թվականին այդ հասկացությունն ընդհանրապես արխայիկ մի բան կդառնա, եթե, իհարկե, հասարակությունը մինչ այդ թոթափած լինի նաև քաղաքական կարևորագույն պաշտոնների ժառանգական փոխանցելիության մասին միֆերը: Այո, այո, դրանցից մեկն էլ «Ապարանցին ապարանցու դեմ թեկնածություն չի դնի» միֆն է:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: