կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 13:42
Հասարակություն

Ամո’թ միջազգային հանրությանը

Ամո’թ միջազգային հանրությանը

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Երիտասարդ դիվանագետների ակումբ» երիտասարդական ՀԿ-ն և «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը ներկայացնող մի խումբ ցուցարարներ այսօր երթ էին կազմակերպել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ` բաց նամակ հանձնելու Թուրքիայում հակամարդասիրական բռնությունների վերաբերյալ:

 

«Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի», «Ոչ մի զիջում Թուրքիային», «Ամբողջական Հայաստան, ամբողջական հայություն» ցուցապաստառներ պարզած ակտիվիստները վանկարկում էին. «Ամո'թ միջազգային հանրությանը, ցեղասպան Թուրքիան պետք է պատասխան տա»:

 

 

Բաց նամակում, մասնավորապես, ասված է. «Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ իրականացվում են շարունակական  հարձակումներ ու բռնություններ: Այս կապակցությամբ թուրքական իշխանությունների թողտվությունն ու կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության, հայության շրջանում վախի մթնոլորտի ձևավորման համար:

 

Անհապաղ պահանջում ենք Թուրքիայի իշխանություններից` ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը և հետամուտ լինել վերոհիշյալ հանցագործությունների բացահայտմանը և դատապարտմանը:

 

Կոչ ենք անում ՄԱԿ-ին ԵՄ-ին, ԵԽ-ին և այլ միջազգային ու իրավապաշտպան կառույցների` անհապաղ արձագանքել թուրքական  իշխանությունների անգործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնամոլական հետապնդումների կասեցման և անմեղ մարդկանց պաշտպանության համար»: