կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 15:33
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը 30 ընտրախախտում է հայտնաբերել

Րաֆֆի Հովհաննիսյանի  շտաբը 30 ընտրախախտում է հայտնաբերել

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչերն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ արդեն 30 նախընտրական խախտում են հայտնաբերել:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավաբան-խորհրդատու Կարեն Մեջլումյանի խոսքերով՝ նախընտրական քարոզչական պաստառներ են փակցվել արգելված վայրերում` տեղական եւ ինքնակառավարման մարմինների, հասարակական սննդի, առեւտրի կետերի շենքերի պատերին, հասարակական տրանսպորտում:

 

«Խանութների պատերին պաստառներ են փակցված Ապարանում, Երեւանում, մասնավորապես` Ազատության պողոտայում, Շինարարների փողոցում»,- ասաց նա և հավելեց, որ այդ խախտումներով փակցված բոլոր պաստառները վերաբերում են ՀՀ գործող նախագահին. «Ազատության պողոտայում, ասես, պաստառների շքերթ է, «Սթար» սուպերմարկետից սկսած` փակցված են նախագահի պաստառները»:

 

«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այլ խախտումներ էլ կան, բայց ահազանգերն անանուն են:

 

Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչական նյութերի բաժանումը խոչընդոտվել է տարբեր վայրերում: Մալաթիա-Սեբաստիայում, իրավաբանների միջամտությամբ,  քարոզչանյութեր տարածելու խոչընդոտը վերացել է: Գյուղեր են եղել, որտեղ վստահեցրել են, որ պետք է հատուկ տեղեր հատկացվեն քարոզչանյութերի փակցման համար, թեև օրենքը հստակ սահմանում է, որ պաստառները հատուկ հատկացված տարածքում են փակցնում` մինչև 10 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում:

 

Խախտումների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները տեղյակ կպահեն ԿԸՀ-ին: