կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-28 15:28
Հասարակություն

Ձեռքերդ հեռո’ւ բանակից

Ձեռքերդ հեռո’ւ  բանակից

Այսօր Հայոց ազգային բանակի օրն է` 21-րդ տարեդարձը: Իր բոլոր դրական ու բացասական երեւույթներով, դեպքերով, իրադարձություններով հանդերձ, մեր նորանկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե չասենք գլխավորը, հենց ազգային բանակն է:

 

Իրոք, բանակի օրը տոն է` ազգային անվտանգության, երկրի սահմանների երաշխավորի «ծննդյան տարեդարձն է»: Բայց մի երեւույթ կա, որ այնքան էլ տոնական եւ ուրախալի չէ տոնական օրվա համատեքստում: Օրինակ` որոշ «սրտացավների» բարձրացրած անիմաստ ու պատճառ չունեցող վայնասունը  որոշ խնդիրների շուրջ եւ տոնական օրվա նախաշեմին լրացուցիչ ցեխ շպրտելը մեր պետականության ամենալուրջ ձեռքբերման վրա:

 

Օրերս համացանցում ակտիվ «տժժացվեց» մի քանի ամսվա վաղեմություն ունեցող ողբերգությունը, որը վաղուց արդեն հրապարակվել, քննարկվել, քննադատվել ու վերջացել էր: Դրանով կարծիք, տպավորություն ստեղծվեց, որ բանակում հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել: Բայց այդպիսի բան չկար, ուղղակի մարդիկ իրենց առջեւ նպատակ էին դրել «նվեր» մատուցել բանակին`«տոնի առիթով», ու դա նրանց հաջողվեց:

 

Առհասարակ, այս դեպքը մի քիչ մտածելու առիթ տվեց: Ովքե՞ր են այն մարդիկ, ում համար կարեւորը «սենսացիա» ապահովելն է, ու արդյոք նրանք այդքան ատո՞ւմ են մեր բանակը, որ նույնիսկ տոնական օրվա վրա են փորձում «սեւ ժապավեն» կապել: Մի երեւույթ կա, որին արժե ուշադրություն դարձնել` բանակը դա մսուր-մանկապարտեզ չէ: Մարդիկ բանակ չեն գնում ժամանցի կամ երկու տարի ման գալու: Հայոց բանակը, թեկուզ հրադադարի ռեժիմի պայմաններում, բայց, այնուամենայնիվ, պատերազմի մեջ է գտնվում եւ չի կարող իր զինծառայողների կյանքի համար 100 տոկոսանոց երաշխիքներ ապահովել, չի կարող` թեկուզ խաղաղ պայմաններում: Եվ աշխարհի բոլոր բանակներում էլ եղել են, կան ու կլինեն բացասական երեւույթներ, անցանկալի միջադեպեր եւ այլն:

 

Որովհետեւ նախ` բանակում զինվորը, որը դեռ երեկ դպրոցի նստարանին նստած աշակերտ էր, ամեն օր շփում է ունենում զենք-զինամթերքի հետ, երբեմն դեմառդեմ ստիպված է հանդիպել հակառակորդին եւ այլն: Հետո` բանակը հավաքական հանրույթ է` այնտեղ ընգրկված են մարդիկ հասարակության ամենատարբեր սոցիալական, մշակութային եւ մնացած բոլոր շերտերից: Իսկ եթե խոսքը միջանձնային հարաբերությունների վատ դրսեւորումների մասին է, ապա պետք է հիշել` մեր բանակը մենք բոլորս ենք` մեր հարեւանը, բարեկամը, եղբայրը, հայրը, ընկերը, դասարանցին եւ այլն:

 

Ու եթե ինչ-որ մեկն իրեն լավ չի պահում բանակում, ինչ-որ մեկը նեղացնում է մեր հարեւանին, բարեկամին, դա դեռ չի նշանակում, թե բանակն է մեղավոր ու դա հենց մեր բանակին բնորոշ սեւ բիծ է: Առավել եւս, երբ մեր բարեկամին նեղացրել է մյուս բարեկամը: Դա մեր առօրյայի «կեղտերն են», որ մենք ենք տանում զորանոցներ: Իսկ հանցագործություններ ամեն տեղ էլ լինում են` անկախ ամեն ինչից: Բայց ամեն անգամ, հավանաբար անկարողությունից ու այդ ամենը փոխելու հնարավորության բացակայությունից, սկսում ենք մեղադրել ոչ թե ինքներս մեզ, այլ բանակին, հրամանատարին, նախարարին, երկրին` բոլորին, ում այդ պահին հարմար ենք գտնում:

 

Դրա վառ ապացույցը` ամիսների վաղեմություն ունեցող դեպքի արդիականացումը հենց բանակի տոնին: Բավական չէ՞ արդյոք, որ մենք ցեխ շպրտենք մեր բանակի վրա ու դրանով վատ նախատրամադրություն ստեղծենք վաղվա զինվորի մոտ, ով դեռ բանակ չի մեկնել, ու դրանով իսկ մեծացնենք վատ երեւույթների հավանականությունը: Որովհետեւ վատ տրամադրված զորակոչիկը, բանակ գնալով, չի կարող «բարեգործությամբ» զբաղվել:

 

Ու հերիք չէ՞ արդյոք, որ ամեն մի պատահարի դեպքում հարցնենք` «իսկ ո՞ւր էին հրամանատարները, իսկ ո՞ւր էր սա, նա, մյուսը». ժամանակը չէ՞ հարցնելու, թե իսկ ո՞ւմ էինք մեր միջից ուղարկել բանակ, ինչպես էինք տարիներով նրա ուղեղը կերակրել «վատ, հանցագործ, բացասական» բանակի մասին պատմություններով ու ինչով էինք զբաղված մենք ամեն անգամ, թեկուզ` հենց բանակի օրը:

 

Մի խոսքով` շնորհավոր տոնդ, Հայոց ազգային բանակ, ու թող հայոց երկինքը միշտ խաղաղ լինի, եւ ստիպված չլինես հակառակորդին ու աշխարհին մեկ անգամ եւս ապացուցել, թե ինչ է իրենից ներկայացնում հայոց բանակը եւ ինչքան մարտունակ ու ուժեղ է այն:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ