Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբանական համայնքը ֆլեշմոբ է նախաձեռնել՝ ի աջակցություն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի: Փաստաբաններն իրենց ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը տեղադրում են «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրությամբ շրջանակի մեջ:
Նման նախաձեռնությամբ առաջինը հանդես է եկել Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հարգելի՛ գործընկերներ,
իշխող ուժը, Արտակարգ դրության առիթն օգտագործելով, ջանալով պատժել իր համար անցանկալի դատավորներին՝ վարույթ է հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ։
Փաստորեն, քաղաքական իշխանությունը, իրավական «մթության» քողի ներքո, փաստացի ոտնձգում է մեր լավագույն դատավորներից մեկի նկատմամբ։
Քանզի այժմ օրենքով սահմանափակված են բոլորիս քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, առաջարկում եմ դատավոր Ազարյանի նկատմամբ համերաշխությունը հայտնել ԱՅՍ ֆրեյմով՝ այն պահելով առնվազն մեկ օր»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:
Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումներն սկսվել են 2018թ օգոստոսին կայացված դատական ակտից հետո, որով արձանագրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել և վերացրել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը։ Ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։