կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 11:21
Տնտեսական

Աշխատատեղերը ցանկությունների տեսքով են

Աշխատատեղերը ցանկությունների տեսքով են

ՀՀ նախագահի աթոռի համար ընտրապայքարի ելած թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում խոստումներ են հնչեցնում նաեւ զբաղվածության եւ աշխատավարձերի վերաբերյալ:

 

Այսպես` Հրանտ Բագրատյանն իր ծրագրում նշում է, թե համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձը պետք է կազմի միջին աշխատավարձի 38-48%-ը, միջին կենսաթոշակը` միջին աշխատավարձի 37-40%-ը: Նման մոտեցումը, ըստ նրա, հնարավորություն կտա, որպեսզի թոշակառուները կամ ցածր վարձատրվողները երբեք չունենան կենսամակարդակի հարաբերական վատթարացում։

 

Բագրատյանը չի խոստանում ստեղծել աշխատատեղեր. այս հարցի լուծումը, նրա ծրագրով, ինքնազբաղվածության աճն է: Այսինքն` նա խոստանում է ոչ թե աշխատատեղ ստեղծել մարդկանց համար, այլ հենց նրանց հնարավորություն տալ ստեղծելու սեփական նախասիրություններին համապատասխան աշխատատեղ: Իսկ, ընդհանուր առմամբ, եթե պետությունն ինչ-որ խոշոր ծրագիր իրականացնի, Բագրատյանի համոզմամբ, որոշ աշխատատեղեր ինքնըստինքյան կստեղծվեն:

 

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ծրագրային թիրախներից է համարել աշխատավարձերի բարձրացման, եկամուտների արդարացի բաշխման եւ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության էական կրճատումը: Թվերով` 2012թ. 35%-ից 2017թ.-ին 20%-ի. այսպիսով` 120.000 տնային տնտեսություն կամ 480.000 քաղաքացի այլեւս աղքատ չեն լինի:

 

Ըստ Րաֆֆի հովհաննիսյանի` անհրաժեշտ է նվազագույն ամսական աշխատավարձի չափը մեկընդմիշտ հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի դրամական արտահայտությանը: Իսկ հետո` նվազագույն կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը 2014թ. հասցնել 80.000 դրամի` ամեն հաջորդ տարի ավելացնելով 10.000 դրամով` գնաճին համարժեք հավելումներին զուգահեռ: Նրա ծրագրում պետական ծառայողների եւ քաղծառայողների բազային պաշտոնական դրույքաչափն առաջարկվում է սահմանել 111.000 դրամ, իսկ միջին աշխատավարձը հասցնել 210.000 դրամի: Հովհաննիսյանը խոստանում է նաեւ աշխատուժի շուկայում եւ պետական հատվածի աշխատավարձերի ոլորտում ճկուն քաղաքականության միջոցով հանրապետությունում միջին աշխատավարձը հասցնել 200.000 դրամի:

 

Նախագահի թեեկնածու Արման Մելիքյանն իր նախընտրական ծրագրով միայն փաստում է, որ, ըստ էության, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված` մեր կյանքի որակի բարելավման մասին պնդումները խիստ չափազանցված են: Բայց կոնկրետ քայլեր այս ուղղությամբ չի նշում:

 

Անդրիաս Ղուկասյանն  ամրագրում է, որ 2013 թվականին Հայաստանում պետք է մշակվի եւ իրագործվի «2014-2020 թվականների ազգային զարգացման յոթնամյա ծրագիր», որն անպայման պետք է բովանդակի հետեւյալ նպատակները` ավելացնել բնակչության թիվը մինչեւ 4 մլն մարդ, հասցնել տարեկան համախառն ազգային եկամուտը մինչեւ 60 միլիարդ ԱՄՆ դոլարի, ապահովել աշխատունակ բնակչության լրիվ զբաղվածություն, ապահովել քաղաքային բնակարաններով եւ աշխատանքով բնակչության 90 տոկոսին, կարիքավոր բնակչության բոլոր կատեգորիաները ներառել արդյունավետ սոցիալական պաշտպանվածության ծրագրերում եւ այլն: Բայց նա կոնկրետ չի նշում, թե ինչ ռեսուրսներով ու միջոցներով է պատրաստվում հասնել իր ծրագրային դրույթների կատարմանը:

 

Ինչ վերաբերում է գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, ապա, ըստ այդմ, զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու միջին եւ բարձր որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսությունում արտադրողականության բարձրացումը: Իսկ այդ նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանը կարեւորում է արտադրության եւ իրացման գլոբալ արժեշղթայում Հայաստանի դերի մեծացմանը նպաստող համարձակ նախագծերի իրականացումը, հեղինակավոր ընկերությունների ներգրավումը, ազատ տնտեսական գոտիների արդյունավետ գործարկումը, միջազգային շուկայում հայկական ծագում ունեցող ապրանքների հեղինակության ու ճանաչելիության բարձրացման միջոցառումները, որոնք լինելու երկրի տնտեսությունը` արտահանմանն ուղղված զարգացմանը տանող առաջնային գործիքները:

 

Այս միջոցառումների եւ նախաձեռնությունների նպատակն է նոր` ապահով աշխատատեղերի ստեղծումը: Ըստ Սերժ Սարգսյանի ծրագրի` յուրաքանչյուր ընտանիք պետք է կարողանա աշխատանքով ապահովել իր բարվոք կենցաղը, իսկ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը պետք է զգա պետության իրական աջակցությունն ու օգնությունը: Բայց նրա ծրագրում էլ, բացի ընդհանուր ցանկություններից, նշված չէ, թե կոնկրետ ինչ քայլերով պետք է իրագործել գրված նպատակները եւ կոնկրետ ինչ արդյունքներ են գրանցվելու` թվային արտահայտությամբ:

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ