Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նաիրա Զոհրաբյանի ելույթը` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի` այսօրվա նիստում.
Հարգելի գործընկերներ
Այսօր մենք քննարկում ենք իրապես կարեւոր մի զեկույց, որը վերաբերում է Կոսովոյի իրավիճակին եւ ԵԽ-ին դերին Կոսովոյում։ Օգտվելով ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորագույն միջազգային նորմից` Կոսովոն 2008 թվականին հռչակեց իր անկախությունը, եւ այսօր արդեն ԵԽ անդամ 34 եւ ԵՄ անդամ 22 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը։
Այո, ես համաձայն եմ զեկուցողի` հարգարժան Վոն Սիդովի հետ, որ չնայած ԵԽ-ն Կոսովոյի նկատմամբ պահպանում է չեզոքություն, սակայն, անկախ Կոսովոյի կարգավիճակից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ունենան լավ կառավարում, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ օգտվեն մարդու իրավունքների բոլոր սկզբունքներից, ինչպես Եվրոպայի ցանկացած ժողովուրդ։ Այդուհանդերձ, պարոն Վոն Սիդովի զեկույցը ինձ ստիպում է զուգահեռներ անցկացնել Եվրոպայի տարածքում գտնվող մեկ այլ, դեռեւս չճանաչված պետության` Լեռնային Ղարաբաղի հետ, որն իր անկախությունը հռչակել է նույն հիմքերով, ինչ Կոսովոն։
Ուզում եմ կրկին հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային բոլոր նորմերի համաձայն, եւ Հաագայի արդարադատության դատարանի վճիռը Կոսովոյի վերաբերյալ մեկ անգամ եւս փաստում է, որ անկախության միակողմանի հռչակումը չի հակասում միջազգային իրավունքին։ Ավելին, չլինելով ԵԽ անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կամովին ստանձնել է ԵԽ բազմաթիվ պարտավորություններ` միակողմանի միանալով միջազգային տարբեր կոնվենցիաների եւ դրանով իսկ հավաստելով իր հավարատմությունը եվրոպական արժեքներին։
Հարգելի գործընկերներ, միանգամայն ընդունելի է ժամանակին մեր Վեհաժողովի Բյուրոյի գործունեության վերաբերյալ ընդունված զեկույցի այն եզրահանգումը, որ բոլոր այն դեպքերում, երբ մեր կառույցի օրակարգում քննարկվելու է Կոսովոյին առնչվող կոնկրետ հարց, այդ երկրի խորհրդարանի ներկայացուցիչները կարող են հրավիրված լինել այդ քննարկումներին։ Եվ մենք ողջունում ենք այդ մոտեցումը։ Սակայն ես ուզում եմ հարցնել` ինչո՞ւ նույնը չի կարելի կիրառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկումների ժամանակ եւ ապահովել այդ երկրի խորհրդարանի պատգամավորների ներկայությունն ու մասնակցությունը։ Սա կլիներ իրապես արդար որոշում` համահունչ մեր կառույցի հիմնարար արժեքներին։ Բյուրոյի գործունեության վերաբերյալ նույն զեկույցում նշվում է, որ Կիպրոսի հյուսիսային մասի եւ Պաղեստինի համայնքների ներկայացվածությունը մեր Վեհաժողովում արդյո՞ք կարող է նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի համար։ Կարծում եմ` կարող է լինել եւ սրա շուրջ արժե մտածել։ Այլապես` մեր Վեհաժողովը փորձում է Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման ինչ-ինչ հանձնաժողովներ ստեղծել, որոնք, վստահաբար, կարող են վնասել այն բարի նպատակներին, որոնք, հույս ունեմ, ունի մեր կառույցը։
Այո, իրավացի է մեր գործընկեր Վոն Սիդովը, երբ արձանագրում է, որ ԵԽ-ն պետք է առավել ակտիվացնի իր ազդեցությունն ու ներգրավվածությունը Կոսովոյում` ապահովելով Կոսովոյի իշխանությունների հետ կապերը բոլոր մակարդակներում։ Եւ ես հույս ունեմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Եվրոպայի խորհուրդը, այստեղ նստած իմ գործընկերները կընդունեն, որ չկարգավորված հակամարտությունը չի կարող արդարացնել մարդու իրավունքի որեւէ ոտնահարում։ Եվոր Լեռնային Ղարաբաղում ապրում են մարդիկ, որոնք ունեն նույն իրավունքները, ինչ որ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը։
Կոսովոյի ժողովուրդը, իրացնելով ինքնորոշման իր իրավունքը, նվաճել է իր անկախությունը եւ այսօր մենք այստեղ քննարկում ենք, թե ինչպե՞ս օգնենք Կոսովոյին` կառուցելու իրապես ժողովրդավար պետություն, քանզի այդ երկրում լրջագույն խնդիրներ կան քաղաքական ազատությունների, օրենքի գերակայության, Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ իրական երկխոսության, կոռուպցիայի եւ բազմաթիվ այլ հիմնահարցերի հետ կապված։ Եւ շատ կարեւոր է, որ զեկուցողը վեր է հանել բոլոր այդ պրոբլեմները։ Ես ուզում եմ հավատալ, որ Կոսովոյի իշխանություններն ու ժողովուրդը, միջազգային հանրության, նաեւ մեր աջակցությամբ, կփորձեն կառուցել իրապես դեմոկրատական պետություն։ Այնպիսի պետություն, որը այսօր կառուցում է դեռեւս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։