կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 17:24
Առանց Կատեգորիա

Կրթագիտական դեմագոգիա՝ առանց սահմանի

Կրթագիտական դեմագոգիա՝ առանց սահմանի

ԿԳ նախարար Աշոտյանի դեմագոգիան, իրոք, սահմաններ չի ճանաչում: Նա, ասացեք խնդրեմ, նախագահական ընտրությունների նախաշեմին որոշել է կրթությունն ու գիտությունը տարանջատել քաղաքականությունից: Ամենասազական արձագանքը նրա այս ջղաձգումին թերևս հոլիվուդյան ժպիտը կլիներ, բայց որոշեցինք մեկ-երկու դրվագներ հիշել, թե ինչպես են մեր դպրոցների տնօրեններն ու մանկավարժական կազմերը ներգրավվում նախընտրական և ընտրական պրոցեսների մեջ:

 

Չխոսելով այն մասին, որ մեր կրթարաններում ու կրթահամալիրներում ծնողական ժողովները հաճախակի են դառնում հատկապես նախընտրական շրջանում, ասենք, որ նույնիսկ ամենատեղական ընտրությունների ժամանակ էլ ամենաակտիվը «դպրոցական քաղտեխնոլոգներն» են: Ծնողական զգացմունքների վրա խաղալով՝ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները միշտ էլ կարողացել են լուրջ ընտրազանգված ապահովել իշխանությունների և նրանց հովանավորյալ թեկնածուների համար: Իզուր չէ, որ բոլոր կալիբրի ընտրություններում, հատկապես` դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերում հանձնաժողովների անդամ են լինում դպրոցների տնօրեններն ու ակտիվ ուսուցիչ-ուսուցչուհիները: Ծնողին ուղղված մեսիջը հստակ է՝ ես այնտեղ եմ լինելու և հետևելու եմ, թե դուք ինչպես եք գալիս ընտրության: Համարյա սպառնում են ներկա-բացակայով: Որպես կանոն՝ նրանք ընտրության ընթացքում էլ իրենց շատ ազատ են զգում: Ելնում են տեղից, ընդառաջ գնում իրենց սաների ծնողներին, գրկախառնվում նախկին սաների հետ՝ վա՛յ, ոնց ես, ի՞նչ ես անում, շատ էի կարոտել և այլն:

 

Զարմանալի մոռացկոտ արարած է մարդը: Թվում է, դեռ երեկ էր, որ վարչապետ Սարգսյանը տերտերություն էր անում կրթական հաստատություններում՝ կատարելով նորագիր հանրապետականների մասսայական մկրտություններ: Ի՞նչ է, վարչապետը չէ՞ր հասկանում, որ դպրոց ու կրթություն չզբաղվել պոլիտիկա: Բայց դա նրան, ինչպես տեսանք, չխանգարեց ամբողջական դպրոցական կոլեկտիվներ սեփականաշնորհել հարազատ ՀՀԿ-ին:

 

Տիգրան Սարգսյանի ենթակա Արմեն Աշոտյանն այսօր ասում է, որ լինելու է խիստ վերահսկողություն` նման դրսևորումները բացառելու համար, ինչպես նաև բոլոր այն երևույթների նկատմամբ, որոնք կարող են ստվեր նետել մեր երկրում բացառիկ թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա: Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Աշոտյանը, որ համակարգի աշխատողներն իրենց պարտականությունները կատարելիս հանկարծ չհիշեն, որ այդ պարտականությունների մեջ նաև իշխանությանն ու նրա թեկնածուին սատարելու կետ կա՝ չգրված կետ: Ստացվում է, որ մենք, իրոք, երկու Աշոտյան ունենք՝ իրական և վիրտուալ: Իրականի հետ հազվադեպ են հանդիպումները: Դա ՀՀԿ հարազատ զավակ Աշոտյանն է: Բայց ահա վիրտուալն ամեն քայլափոխի ոտքի տակ է ընկնում ու անում բաներ, որոնք արժանի են, այո, հոլիվուդյան ժպիտի միայն: Բա այսպես ո՞ւր կհասնենք:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ