կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-24 16:43
Տնտեսական

Հայ-ռուսական ''լվացքատուն''` երկաթուղում

Հայ-ռուսական ''լվացքատուն''` երկաթուղում

Երբ ռազմավարական նշանակության որեւէ կառույց վաճառվում կամ հավատարմագրային կառավարման է տրվում, իշխանությունները այս կամ այն գերատեսչության ղեկավարի միջոցով հասարակությանը հանգստացնելու համար հայտարարություն են անում, թե` սիրելի ժողովուրդ, մենք այս քայլով ձեր վաղվա լավ օրվա համար ենք մտածում: Սակայն, ինչպես հետագայում պարզվում է, ոչ մի լավ օր էլ քաղաքացին չի տեսնում, բացի այն բանից, թե ինչպես է իշխանությունների իմացությամբ այս կամ այն օտարազգի «ներդրողը» փորձում է դատարկել իր ծակ գրպանները:

 

2008 թվականին կառավարությունը լուծարեց «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն եւ ոլորտը հավատարմագրային կառավարման հանձնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից Հայաստանում ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին: Ռուսները մեծ ներդրումներ, փոփոխություններ խոստացան, սակայն մինչ օրս անգամ նոր արտադրության էլեկտրաքարշ եւ վագոններ չեն բերել Հայաստան, իսկ այն վագոնները, որոնք մինչ օրս ռուս կառավարիչը ներկրել է ՌԴ-ից, արդեն վաղուց մաշված ու մի քանի անգամ վերանորոգված վագոններ. դրանք շահագործման ժամկետը լրանալուց հետո  դուրս են գրվել Ռուսաստանի երկաթուղու հաշվառումից:

 

Իհարկե,  նշենք, որ որոշ երկաթուղային կայարաններում իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ, սակայն բազմաթիվ թերություններով, եւ այդ կապակցությամբ իր դժգոհությունն արտահայտեց նույնիսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը. խորհրդային ժամանակներից ժառանգված կառամատույցները վերանորոգվել են կիսով չափ, սալահատակը ոչ թե ցեմենտվել, այլ պարզապես շարվել է ավազի վրա, եւ դեռ մեկ սեզոն չանցած` բետոնե սալիկները «պարում» են իրենց տեղում:

 

Կայարաններում զուգարանները վերանորոգվել են, բայց փակի տակ են փակվում, ուղեւորները դրանցից օգտվել չեն կարողանում: Այդ դեպքում ո՞ւմ համար են վերանորոգել, երեւի միայն «ցուցադրական» նպատակներո՞վ:

 

Ժամանակին լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե երկաթուղում փողերի «լվացքատուն» է գործում, այն էլ` ռուս-հայկական ձեւաչափով, ու դա շարունակվում է մինչ օրս: 40 օր առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հաստատել է միջազգային, մերձքաղաքային եւ տեղական հաղորդակցություններում ուղեւորափոխադրումների սակագնային քաղաքականությունը, որն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից: Ընկերության պաշտոնական կայքում նշված է. «Փաստաթուղթը մշակված է միջազգային կանոնների եւ ԱՊՀ մասնակից երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի դրույթների համաձայն: Սակագնային քաղաքականության դրույթներն ուղղված են երթեւկության կանոնների հեշտացմանը եւ ընկերության ֆինանսական ռիսկերի նվազեցմանը»: Իսկ այսօր նույն ընկերության կողմից շահագործվող երկաթուղին ո՞ր ԱՊՀ կամ այլ երկրի հետ (բացառությամբ հարեւան Վրաստանի) ունի «միջազգային հաղորդակցություն», որ մշակում ու Հայաստանում հապճեպ ներդնում է սակագնային նոր քաղաքականություն` նոր սակագնային գոտիներով` մինչեւ 50 կմ, 51 կմ-ից մինչեւ 100 կմ, 101 կմ-ից մինչեւ 160 կմ, 161 կմ-ից մինչեւ 220 կմ եւ 221 կմ-ից մինչեւ 300 կմ: Հիշեցնենք, որ մինչ այս ՀԿԵ-ում գործում էր 18  գոտի:

 

Երկաթուղու կառավարիչը հավանորեն փորձում է լրացնել իր պակասորդը, բայց հայտնի է, որ երկրագնդում չկա որեւէ պետություն, որտեղ երկաթուղու ուղեւորափոխադրումները շահույթ են բերում որորտը կառավարող ընկերությանը կամ պետությանը: Այդ իսկ պատճառով նույն երկաթուղին այսօր դոտացիա է ստանում ՀՀ կառավարության կողմից, որպեսզի ՀԿԵ-ն ոչ թե վնասով այլ 0 տոկոս շահույթով դուրս գա ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Զարմանալի է, որ այսքանից հետո «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն թանկացում է ուղեւորափոխադրումների սակագները, այն էլ` ըստ գոտիների, համապատասխանաբար, 300, 600, 1000 դրամ սահմանելով: Օրինակ` եթե ուղեւորը ցանկանա Երեւանից ուղեւորվել ընդամենը 8 կմ հեռու գտնվող «Նորագավիթ» կայարան, նա պետք է վճարի 300 դրամ, այնքան որքան սահմանաված է Երեւանից մինչեւ «Էջմիածին» կամ «Արմավիր» կայարաններ հասնելու համար: Կամ` եթե ուղեւորը ցանկանա մի կայարանից մյուսը հասնել, մոտ 3 անգամ ավելի պետք է վճարի:

 

Արդեն մի քանի օր է` ներհանրապետական գնացքների վագոններում հայտնվել են նոր սակագների ցուցանակները, եւ ուղեւորները չափազանց  դժգոհ են: Իսկ ՀՀ տրանասպորտի եւ կապի նախարարության Երկաթուղու վարչությունը չի փորձում հարցը կարգավորել եւ, օրինակ, բանակցություներ սկսել «Հավավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության հետ: Վարչության մի քանի քաղծառայողները մատը մատին չեն տալիս, միայն հայտարարում են, թե սպասում են ուղեւորների գրավոր բողոքներին, որից հետո նոր ինչ-որ քայլեր կձեռնարկեն:

 

Երկաթուղայիներից մի քանիսը (անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակվում), ովքեր սպասարկում են ներհանրապետական գնացքները, yerkir.am-ին կարծիք հայտնեցին, որ սա միտումնավոր հաշվարկ է. «Նախ` թանկացում են: Հետո` ուղեւորները կպակասեն, ու նրանք կհայտարարեն, որ իրենց ձեռք չի տալիս, որ, օրինակ, օրական երկու անգամ Երեւան-Գյումրի գնացք աշխատի: Ու մենք կմնանք անաշխատանք»:

 

Իսկ գնացքով մշտապես երթեւեկող Նազիկը դժգոհում էր, որ այսուհետ չի կարողանա հաճախ օգտվել երկաթուղուց. «Ի՞նչ են մտածում մեր իշխանությունները: Մենակ ծախելուց են լավ, իսկ վերահսկելուց, չգիտեմ, ուր են: Կամ էլ` նստած իրենց փափուկ աթոռներին ուշադիր հետեւում են, թե ինչպես են թալանելու մեզ, որպեսզի իրենց ջեբերն էլ մի քանի կոպեկ մտնի»:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի