կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 13:00
Առանց Կատեգորիա

Սա Հայաստանն է, ու վե՞րջ…

Սա Հայաստանն է, ու վե՞րջ…

Դեկտեմբերի 15-ին` ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ, ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրվեց որպես ՀՀ նախագահի թեկնածու, ինչպես նաեւ հրապարակվեց ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»:

 

Չէր անցել անգամ 24 ժամ, երբ համացանցում տարածվեց մի ձայնագրություն, որը վերնագրված է` «Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցը սրճարանում»: Զրույցն, իհարկե, գաղտնալսված էր: Նույնիսկ չենք էլ ուզում անդրադառնալ, թե ինչ թեմաներ էին արծարծում զրուցակիցները եւ ինչ էին խոսում, քանի որ անբարոյականություն է բանալու անցքից նայելը էլ ուր մնաց` այդ կերպ տեսածը հանրայնացնելը…

 

Քաղաքական գործիչները խոսում էին քաղաքական գործունեության մարտավարական հարցերի շուրջ, առաջ էին քաշում իրենց տեսակետները եւ քննարկում, թե ինչ պետք է անեն` դրանք կյանքի կոչելու համար: Դա նրանց իրավունքն է` ճիշտ այնպես, ինչպես մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու պատասխանատվություն ստանձնած ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու: Որովհետեւ մարդու հիմնարար իրավունքներից ու ազատություններից է նաեւ սեփական կարծիք ունենալու, այդ կարծիքն ազատորեն հայտնելու, տարածելու իրավունքը: Ինչպես նաեւ` անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Իսկ երբ խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, սա արդեն ապահովության զգացում չի առաջացնում:

 

Ընդհակառակը` օրինակ ինձ մոտ, որպես ՀՀ քաղաքացի, արդեն սկսվել է հոգեբանական մի երեւույթ, որը հոգեբաններն անվանում են «հետապնդման մոլուցք»: Թե ովքե՞ր են այդ զրույցը գաղտնալսել եւ ինչ նպատակներով, դա չէ էականը, այլ այն, որ դա հրապարակվել է եւ հանրայնացվել: Ու հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ քաղաքացին չի կարող հանգիստ նստել սրճարանում եւ զրուցել` թեկուզ քաղաքականությունից: Ու անկախ նրանից, թե ով է այս «լրտես» խաղացողը, պետք է հայտնաբերվի եւ պատժվի` մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը ոտնահարելու համար:

 

Այսպիսի մի երեւույթ եղավ` Արամ Աբրահամյանի հետ կապված, երբ մարդիկ բառացիորեն մտել էին վերջինիս «անկողին»: Հետո նման մի «օյինբազություն» էլ կատարվեց Ալեքսանդր Արզումանյանի հետ: Էլ չենք խոսում ժամանակին ներկայիս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի` իբր փալասի տակ հայտնված զրույցի ձայնագրության մասին: Դրանց համար, բնականաբար, ոչ ոք պատասխան չտվեց, գոնե` հրապարակային, ու արդյունքում այդ երեւույթը մեզանում չի վերանում:

 

Այդ գաղտնալսված ձայնագրությանը ծանոթանալիս ակամայից հիշեցինք 39 տարվա վաղեմություն ունեցող ամերիկյան «Ուոթերգեյթյան սկանդալի» մասին: Այն ժամանակ` 1973 թվականի հունվարին, սկսվեց մի դատավարություն ու հետաքննություն, որի արդյունքում ԱՄՆ նախագահ Նիքսոնը հրաժարական ներկայացրեց: 1972 թվականի հունիսի 17-ին` ԱՄՆ նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ, ուոթերգեյթյան «փականագործները», մտնելով գործող նախագահ Նիքսոնի մրցակից, դեմոկրատ թեկնածու Ջորջ Մակգովերնի` վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում տեղակայված շտաբը, գաղտնալսող սարքավորումներ էին տեղադրել: Դեմոկրատ թեկնածուի շտաբ ներխուժած հինգ լրտեսները բացահայտվել էին, եւ արդեն 1973 թվականի հունվարին՝ Ռիչարդ Նիքսոնի հաղթանակից երկու ամիս անց, սկսվել էր նրանց դատավարությունը:

 

Հանրապետական Նիքսոնի հարկադրական հրաժարականը պամանավորված էր այս գործի հանգամանքների քողարկմանը` նրա մասնակցությամբ: Այսօր հիրավի կա մի նոր` հայկական «ուոթերգեյթյան դատավարություն» սկսելու անհրաժեշտություն: Հակառակ պարագայում` ով էլ մեզ փորձի համոզել, թե ձգտում, է «դեպի ապահով Հայաստան», միեւնույն է, հավատ չի ներշնչի: Քանի որ միայն գիտակցումը, որ ամեն վայրկյան կարող է հանրության սեփականությունը դառնալ այն, ինչ դու խոսել ես ընկերոջդ, գործընկերոջդ կամ պարզապես ՀՀ մեկ այլ քաղաքացու հետ սրճարանում, արդեն ապահովության զգացման ոչ մի նշույլ անգամ չի թողնում: Դրա համար ՀՀ նախագահը, ով նաեւ Հայաստանում ժողովրդավրության ու նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հովանավորն է, ենթադրվում է, որ պետք է րոպե առաջ այս հարցով զբաղվելու հավաստիացում ներկայացնի ու նաեւ երաշխավորի, որ այս դեպքի մանրամասները կբացահայտվեն, ու պատասխանատուները պատասխան կտան իրենց գործածի համար: Հակառակ դեպքում` «Դեպի ապահով Հայաստան»-ը կդառնա հերթական շարքային կարգախոսը, որից հետո ամեն ինչ ընթանում է դրան հակառակ:

 

Նախագահն ապացուցելու բան ունի, հատկապես` երբ իր ձեռամբ գրված կարգախոսի թանաքը դեռ չի չորացել…

 

Գեւորգ ԱՎՉՅԱՆ

Հ.Գ. Երբ պատրաստում էինք այս նյութը, ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հերքմամբ, որում նշվում էր, թե ԱԱԾ-ն որեւէ կապ չունի այս գաղտնալսման հետ: Կարծում ենք, որ ԱԱԾ-ն ոչ թե պետք է «արդարանար», այլ հայտարարեր, որ իրենք հետամուտ կլինեն կատարվածի բացահայտմանը` դրա բոլոր հետեւանքներով…