Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մեծամասնական թիվ 1 և 35 ընտրատարածքներում այս կիրակի կայացած լրացուցիչ ընտրություններն անցան նույն մեխանիզմով, ինչ մայիսյան խորհդարանական ընտրությունները: Սա առավել քան պարզ ցույց է տալիս, թե քաղաքական ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում, ինչպիսի ընթացք են ունենալու փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները և թե ինչպես է կերտվելու Սերժ Սարգսյանի վերընտրությունը:
Գյումրիում և Ավանում ընդամենը իշխանությունները դրա նախավարժանքն էին կատարում: Քաղաքական ընդդիմությունը, չկարողանալով հանդես գալ միասնական օրակարգով, այս թատրոնին մասնակցելու է առավելագույնը որպես ֆոնային, «մասսայական տեսարանների» դերասան` անկախ նրանից` հանդես կգա միասնական, թե առանձին թեկնածուներով: Ցանկացած ֆորմատով այս միջոցառմանը մասնակցությունը ընդամենը ապահովելու է Սերժ Սարգսյանի լեգիտմությունը: Ոչ մի տարբերություն չկա` առանց ապացույցների ընտրություններից հետո հայտարարում ես դրանց անօրինականության մասի՞ն, թե՞ ողջունում ես հաղթողին երկրի պատմության մեջ ամենաժողովրդավարական ընտրություներն անցկացնելու համար: Եվ այս իմաստով արդեն իսկ հասունանում է ոչ թե հարցը` արդյոք անհրաժեշտ է միասնակա՞ն, թե՞ առանձին թեկնածուով մասնակցել, այլ ընդհանրապես իմաստ ունի մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ:
Սեփական թեկնածուով մասնակցությունը միանշանակ հղի է ընդդիմության ձայների փոշիացմամբ: Դա միայն հաստատելու է իշխանության պարտադրած այն համոզմունքը, թե պայքարն ընթանալու է ոչ թե նախագահի, այլ երկրորդի կարգավիճակը ձեռք բերելու համար: Միասնական թեկնածուի հարցը իմաստ ունի քննարկել միայն այն բանից հետո, երբ պարզ կլինի ընդհանուր պլատֆորմը, որը պետք է իրականացվի թե այդ թեկնածուի և թե նրա շուրջը համախմբված ուժերի ջանեքով: Հակառակ դեպքում` միասնական թեկնածուով հանդես գալը դառնում է զուտ ակտիվ քաղաքական դաշտում լինելիության անիմաստ արդարացում: Այդ դեպքում ընդդիմադիր ուժերն առաջնորդվում են ոչ թե ընդհանուր օրակարգի կենսագործման ունակ և պատասխանատու թեկածու առաջադրելու, այլ ընդամենը այլընտրանք չունենալով ստիպված ուժեղին նախապատվություն տալու առաջնայնությամբ: Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով, որովհետև այդ թեկնածուն և նրան առաջարկած քաղաքական ուժը իրենց սատարողներին սկում են վերաբերվել են ոչ թե որպես գործընկերների, այլ ընդամենը օբյեկտների, որոնք միայն իր շնորհիվ են քաղաքական «արևի տակ» մի կերպ տեղ գտնում: Իսկ նման դեպքերում օբյեկտները շատ ավելի հեշտ են մանրադրամ դառնում իշխանության հետ գործարքների ժամանակ, առավելևս, երբ որևէ երաշխիք չկա, որ միասնական թեկնածու դառնալու և այլընտրանքայնության հայտը ի սկզբանե իշխանության հետ պլանավորած խոշոր խաբեություն և մանիպուլյացիա չէ: Չափազանց մեծ է հավանականությունը, որ միասնական թեկնածուի գաղափարն ընդամենը թակարդ է: Իրականում ընդհանուր պլատֆորմի մշակումը պետք է հենց այս թակարդը չընկնելու երաշխիքներն ստեղծեր: Եվ երբ միասնական թեկնածուի գաղափարը մեջտեղ բերող ուժերն իրենք են սկսում խուսափել այդ օրակարգը ձևավորելու շուրջ բանակցություններից, ընդամենը հաստատում են նման թակարդի առկայությունը: Ստեղծված այս իրավիճակում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պետք է մտածի` ուզո՞ւմ է դառնալ հանրության և իր թիկունքում հյուսվող նման գործարքների զոհը և սպասարկուն, թե՞ ոչ:
Ընտրություններին մասնակցությունից հրաժարումը, իհարկե, ծայրահեղ քայլ է, որովհետև ցանկացած դեպքում սա նշանակում է առկա քաղաքական իրողություններում սեփական ուժերի անբավարարության խոստովանություն: Սակայն սա առաջին հերթին մարտավարություն է:Եվ այս իմաստով չմասնակցելը տարբերվում է ընտրությունները բոյկոտելուց: Առաջինը խարխսված է կայանալիք ընտրությունների լեգիտիմությանը միայն կասկածելու, երկրորդը` ի սկզբանե ամբողջությամբ չճանաչելու վրա, այսինքն անկախ նրանից` ինչպես ընտրությունները կանցնեն, բոյկոտը ենթադրում է դրանց արդյունքների չճանաչում: Իսկ դա իր հերթին ենթադրում է իշխանությունը տապալելու խիստ որոշակի և կանխատեսելի արմատական գործընթացների ձեռնարկում, նոր բաժանարարների առաջացում, դիսկրիմինացիա և այլն:
Մինչդեռ խնդիրը ոչ թե զուտ ամեն գնով իշխանափոխությունն է, այլ այլընտրանքի առաջարկումը թե' քաղաքական ողջ սպեկտրին և թե' հատկապես հասարակությանը: Դրա առանձնահատկությունն այն է, որ քաղաքացին սկսում է մտածել ոչ թե այն մասին, թե որ քաղաքական ուժն է ձգտում գալ իշխանության, այն դեպքում երբ հիմա նրա համար դա միևնույնն է, այլ թե ինչու են այդ ուժը կամ ուժերը ձգտում գալ իշխանության, ինչքանով է դա համահունչ իր սպասելիքներին: Այսինքն` ընտրություններին չմասնակցելն առաջին հերթին պետք է ուղղված լինի ոչ թե քաղաքական, այլ հանրային ու քաղաքացիական դաշտերում համախոհներ գտնելուն, այդ տարածքում վստահությունը մեծացնելուն:
Եթե քաղաքական դաշտը պատրաստ չէ ընդհանուր պլատֆորմի մշակմանը և դրա պատասխանատվությունը ստանձելուն, ապա դրա հնարավորությունները պետք է փնտրել հանրային ու քաղաքացիական միջավայրերում: Իրական այլընտրանքը ձևավորվում է այս տիրույթում, որն ըստ էության, հասել է ինքնակազմակերպման որոշակի մակարդակի, սուբյեկտի կարգավիճակի և ակնհայտորեն քաղաքականացման (ոչ թե կուսակցականացման) և իր ձգտումները քաղաքական պահանջարկի տրանսֆորմացվելու խնդրի առաջ է կանգնել: Սա հզորագույն ռեսուրս է, որը պետք է գեներացվի` իբրև սպասվող ընտրական թատրոնի և եվրաէմիսարների կողմից փայփայվող, Հայաստանի վզին փաթաթվող կեղծ ժողովրդավարության այլընտրանք:
Գևորգ Աղաբաբյան