Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Ամիսներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նշեց, որ պետք է սկսել՝ բռնելով կոռուպցիայի գլխից: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունը «կոռուպցիոն որսը» սկսել էր դեռևս նախագահի հրամանից առաջ:
ԱԱԾ աշխատակիցները «կարթը» նետել էին կաշառակերների անսահմանափակ օվկիանոսն ու մի փոքրիկ «ձկնիկ» բռնել: Խեղճ «ձկնիկը» չէր հասցրել «խայծը» կուլ տալ, երբ «կարթը» հայտնվեց կոկորդում: Կուլ տվածն էլ ի՞նչ էր' աննկատ ճիճու' օվկիանոսի մյուս մեծ ձկների կերած որդերի համեմատ:
Աննկատ էր օվկիանոսում, սակայն ցամաքում «ձկնիկի» կերածի մասին բոլորն իմացան: 40 հազար դրամ կաշառք վերցնելու պահին Կոտայքի նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանի ձերբակալությունը դարձավ իշխանամերձ լրատվամիջոցների գլխավոր լուրը: Իսկ թե ով էր ԱԱԾ-ից առաջ լրատվամիջոցներին օպերատիվորեն հրամցրել «հյութեղ» ինֆորմացիան, այլ պատմություն ունի:
Ինչևէ: Շատերն ուրախացան՝ չէ՞ որ ՀՀԿ-ական էր ձերբակալվել, նշանակում է' արդարություն կա: Իսկ թե ինչո՞ւ էր Գառնիի դպրոցներից մեկի տնօրենը որոշել իր ստացած 150 հազար դրամ աշխատավարձից 40-հազարը հատկացնել Կոտայքի արդեն նախկին փոխմարզպետ Լևոն Միքայելյանին, բնավ զարմանալի չէր: Տնօրենի խոսքով' դպրոցում պարբերաբար ստուգումներ չանցկացնելու համար փոխմարզպետն իրենից պահանջել է նախանշված գումարը: Ինչի՞ց է վախեցել տիկին տնօրենը' ստուգումների՞ց: Բնականաբար, ցանկացած կրթօջախում ամեն ինչ անթերի չի կարող լինել, սակայն լուրջ խախտումները թերևս անթույլատրելի են, իսկ տվյալ դպրոցի տնօրենի համար «վատ կլիներ», եթե դպրոցում լուրջ խախտումներ լինեին:
Եվ որպեսզի կաշառքի չափը շատերի համար ծիծաղի առիթ չհանդիսանա, ԱԱԾ-ում փորփրել են փոխմարզպետի անցյալն ու մի քանի «կեղտեր» ևս հայտնաբերել: Տղաները պարզել են, որ 7 տարի առաջ Միքայելյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, «Գառնիի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին վճարել է տվել իր մեքենայի անվադողերի համար (մեր տեղեկություններով' դա արվել է փոխմարզպետի լավության դիմաց): Չգիտես ինչու' 7 տարի լռած «տուժողը» հանկարծ որոշեց բողոքել:
ԱԱԾ-ի տղաները, եթե ջանք ու եռանդ չխնայեին, գուցե փոխմարզպետի մանկության տարիների խուլիգանություններն էլ գտնեին ու տեղը տեղին գործ սարքեին, թե չէ ամոթ չէ՞ր' ասեին 40 հազար դրամի համար մարդուն բռնել տվեցին: Ինչպես ասում են' կաշառքը մնում է կաշառք' լինի 40 հազար դրամ, թե դոլար, միևնույն է, փոխմարզպետի մեղքն ապացուցվել է:
Հատկանշական է, որ փոխմարզպետի դեմ ցուցմունք են տվել Կոտայքի մարզի Գառնիի 2 դպրոցների կին տնօրենները: Այն, որ նրանք իրենց կամոք չեն բողոքել, հաստատ է, իսկ թե ով է փսփսացել նրանց ականջին, «անհայտ» է:
Միքայելյանի դեմ մարզի մյուս տնօրեններից էլ ցուցմունք վերցնելու ջանքերն ապարդյուն էին անցել. ոմանց մի քանի անգամ էին հրավիրել զրույց-հարցաքննության, սակայն ոչինչ չէր ապացուցվել:
Այսքանով գառնեցի տնօրինուհու և նրա կոլեգաների առաքելությունը համարվեց ավարտված: Իսկ թե որքան ժամանակ նրանք կմնան իրենց պաշտոնին, գիտի միայն մեկը' Կոտայքի մարզպետ Կովոլոնկո Շահգալդյանը:
Լիանա Սեդրակյան