Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Նոյեմբերի 12-ին բնապահպան ակտիվիստները, այցելելով Հրազդանի երկաթի հանքերի տարածք, տեղում պարզել են, որ միայն երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում, որն իրականացնում է չինական Fortune Oil ընկերությունը («Նագին» ընկերության բաժնետոմսերի փաթեթի սեփականատերը), շրջակա միջավայրին արդեն զգալի վնաս է հասցրել:
Yerkir.am-ին ակտիվիստները հայտնեցին, որ նաեւ հանդիպել են տեղում աշխատող ռուս երկրաբանների հետ, ովքեր ասել են, որ ընդամենը ուսումնասիրություններ են իրականացնում: Բնապահպաններին, սակայն, չի հաջողվել ռուս երկրաբաններից ստանալ այն հարցի պատասխանը, թե վերջիններս ունե՞ն համապատասխան թույլտվություն:
Facebook սոցիալական կայքի «SOS Հրազդան» էջում կայքի օգտատերերից Վ. Սողոմոնյանը գրում է. «ԲԱՐՁՐ մակարդակի կոռուպցիայի բացառիկ օրինակ է: Երկու փաստ` Չինաստանում ՀՀ դեսպանը վարչապետ Տ. Սարգսյանի եղբայրն է (Հրազդանի հանքով զբաղվում են չինացիները), նաեւ Հրազդանի հանքի շահագործման գործում ակտիվ ներգրավված է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ով այժմ պատգամավոր է եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը: Սա խայտառակ մասշտաբների կոռուպցիա է (!!!): Հիմա պարզ է, որ բոլոր հարբած ու չհարբած ելույթները հեգնանք են Հայաստանի ժողովրդի հասցեին»:
Մեկ այլ օգտատեր էլ գրում է որ իր հրազդանցի ազգականից տեղեկացել է, որ քաղաքում անցկացվում է «ստվերային քարոզչություն». «Առանց ներկայանալու` տնավարի մտնում են դպրոցներ, խոսք են բացում հանքի մասին, ու համոզում քաղաքացիներին, որ ոչ մի վտանգ չկա: Նույն ազգականիս խոսքերը. «Սարը ծակել են երկու կողմից` մի կողմից ուրանի, մյուս կողմից` ծծմբի հանք են հայտնաբերել, բայց շարունակում են աշխատել»:
Հրազդանի երկաթի հանքերի նախագծում նշված է, որ Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա, մինչդեռ հանքավայրի Սուդաղյան բլուրը քաղաքի հենց կենտրոնում է, որի շուրջը գտնվում են Վանատուր, Բանավան, Կենտրոն եւ Կոճոռ թաղամասերը: