կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-12 13:12
Քաղաքական

ԲՀԿ-ն իր գործընկերների հանդեպ մաքուր է, իսկ նրա՞նք...

ԲՀԿ-ն իր գործընկերների հանդեպ մաքուր է, իսկ նրա՞նք...

«Երկիր»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

- Տիկի'ն Զոհրաբյան, վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվող անուղղակի գրոհն առավել քան ակնհայտ է դառնում: Արդեն այսօր ԲՀԿ-ին սեւացնելու բեռը մեծ մասամբ ԶԼՄ-ների ուսերին է դրված:

- ԲՀԿ-ն ժողովրդի մեջ ունի իր հստակ եւ բարձր վարկանիշը: Մեզ բացարձակապես չի հետաքրքրում եւ, անկեղծ ասած, չենք էլ հետեւում, թե ով որտեղ ինչ է պատվիրում, մենք վստահ ենք մեր հանդեպ ժողովրդի մեջ ունեցած վարկանիշի վրա, ուստի ով ինչ ուզում է գրի, սոցիալական ցանցերում ինչ ուզում են պատվիրեն, օգատագործեն նոր, թե հին տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչ ուզում են օգտագործեն, միեւնույն է, մենք մեր թիկունքում ունենք ժողովրդի վստահության քվեն: Մեզ ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում, մենք մեր գործընկերների հանդեպ մաքուր ենք, մենք մեզ երբեւէ թույլ չենք տա նման կարգի գործելաոճ: Իսկ թե ովքեր են նման բաներ տարածում, դա իրենց եւ իրենց խղճի գործն է:

 

- Համաձայնեք, որ ուղղակի կամ անուղղակի ձեւով մամուլի այս կամ այն հրապարակումը ազդում է մարդկանց հոգեբանության, մտածելակերպի եւ կայացվելիք որոշումների վրա:

-Համամիտ չեմ ձեզ հետ: Մենք բոլորս էլ հիանալի գիտենք, թե որ թերթն ու կայքերն ինչ ուղղվածություն ունեն, որ լրատվամիջոցի հետեւում ով է կանգնած եւ ինչու է կանգնած: Պետք չէ թերագնահատել նաեւ ժողովրդին, այդ ամենը հրաշալի գիտի նաեւ ժողովուրդը, ուստի եթե ոմանք որոշել են այդ կերպ հանրային կարծիքի վրա ազդեցություն թողնել, ապա պետք է բոլորին հիասփաթեցնեմ` դա հնարավոր չէ: Փոքր քաղաք է, փոքր երկիր, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, այնպես որ` բացարձակապես նպատակին, թիրախին չեն ծառայելու ԲՀԿ-ի նկատմամբ կազմակերպված, ուղղորդված գործողությունները: Մենք խաղաղ եւ հանգիստ մեր աշխատանք ենք կատարում:

 

- ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում են Իջեւանի քաղաքապետի վաղվա ընտրությունները, սեւացվում է նաեւ ԲՀԿ-ական թեկնածուն: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք վաղվա ընտրություններից:

- Երեկ եղել եմ Իջեւանում եւ նշել եմ, որ ակնկալում են ազատ եւ արդար ընտրություններ, եւ թող որ իջեւանցին իր քվեով որոշի, թե ով է առաջիկա տարիներին ղեկավարելու քաղաքը:

 

- Այսինքն` հավատո՞ւմ եք, որ կհաղթի ձեր թեկնածուն:

- Մենք ակնկալում ենք ազատ, արդար ընտրություններ: