կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-08 10:22
Առանց Կատեգորիա

Սահակաշվիլիի լեզվի արժեքը

Սահակաշվիլիի լեզվի արժեքը

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ Հայաստան է ժամանել` ակնհայտորեն համաձայնություն ձեռք բերելու Հայաստանի նախագահի Թբիլիսի կատարելիք` հոկտեմբերի վերջերին անորոշ ժամանակով հետաձգված պաշտոնական այցի վերաբերյալ:

 

Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հադիպումից հետո նա հայտարարեց, թե այցը կայանալու է: Բայց գլխավոր հարցին` թե երբ այն տեղի կունենա, Վաշաձեն որևէ կոնկրետ պատասխան չի տվել: Իրականում հայկական կողմը երբեք չի հայտարարել, թե այդ այցը չեղյալ է համարվել: Ողջ խնդիրը ժամկետների, իսկ ավելի ճիշտ` այդ ժամկետները հնարավորինս անորոշացնելու` Երևանի քաղաքական կեցվածքի մեջ է, որից, ինչպես երևում է, հայկական կողմն առայժմ հրաժարվել չի ցանկանում:

 

Մինչ Վաշաձեն Երևանում` Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարում է, թե Երևան է եկել նախագահ Սարգսյանի այցի նախապատրաստման շրջանակներում, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն երեկ ասել է բառացիորեն հետևյալը. «Վաշաձեի այսօրվա այցը Հայաստան որևէ կապ չունի Սերժ Սարգսյանի վրացական այցի հետաձգման հետ: Վաշաձեի այդ այցն աշխատանքային է և վաղուց էր համաձայնեցվել»:

 

Սակայն եթե դա միայն աշխատանքային էր, ապա առնվազն տարօրինակ է, որ երեկ կողմերն այդպես էլ Վաշաձեի այցի բուն օրակարգի մասին որևէ հստակ տեղեկատվություն չեն փոխանցել:

 

Ակնհայտ է, որ Թբիլիսին Երևանի նման վերաբերմունքից որոշակի շփոթության և անհարմարավետության է մատնվել և ինքն է նախաձեռնողականություն ցուցաբերում հարթելու իրավիճակը: Մինչդեռ Երևանի դիրքորոշումը կոռեկտ պատասխան է հոկտեմբերի վերջերին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի արած ոչ կոռեկտ այն հայտարարությանը, որով նա փաստացի Հայաստանի պետական կառավարման համակարգը որակեց անարդյունավետ: «Ես չեմ ուզում որեւէ վատ բան ասել Հայաստանի մասին, նրանք մեր ընկերներն են, բայց Ռամազ Նիկոլաիշվիլին մի քանի ժամում ավելի բարդ իրավիճակների դեպքում է լուծումներ գտել: Իսկ այնտեղ անհրաժեշտ եղավ երկու շաբաթ: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ»,- ասել էր նա:

 

Գուցե Երևանի արձագանքն այսքան կոշտ չլիներ, եթե առկա չլիներ մի կարևոր գործոն: Սա հարևան երկրի հաշվին ինքնահաստատման էժանագին ճանապարհն ընտրած` Վրաստանի նախագահի պահվածքի առաջին դրսևորումը չէ: 2009-ին էլ նա որակումներ էր տվել Հայաստանի տնտեսությանը` հայտարարելով, թե ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այն փլուզվել է, որովհետև կախման մեջ է Ռուսաստանից: Ասվածն, իհարկե, հեռու չէր ճշմարտությունից: Բայց կոռեկտ չէր դրա հնչեցումը նախագահի մակարդակով: Այն ժամանակ, սակայն, Երևանը որևէ կերպ Սահակաշվիլիի` դիվանագիտական էթիկայից դուրս այդ հայտարարությանը չարձագանքեց, ինչն էլ, թերևս, նրան «իրավունք վերապահեց» ազատություն տալ լեզվին:

 

Հերթական անգամ նման պահվածքն անտեսելը, այն էլ այդ երկիր Հայաստանի նախագահի արդեն իսկ պլանավորված պաշտոնական այցի նախօրյակին, ուղղակի անլուրջ վերաբերմունք կլիներ սեփական երկրի արժանապատվության նկատմամբ: Եվ այդ սահմանը այս անգամ, բարեբախտաբար, կարծես, պահպանվեց: Բայց ստեղծված իրավիճակի համար Հայաստանի իշխանությունները նույնքան պատասխանատու են, որքան Վրաստանի նախագահն իր անհաշվենկատությամբ: Փաստացի Սահակաշվիլիին նման առիթ տվել էր հենց Սերժ Սարգսյանը: Այս տարվա հունվարին, երբ Սահակաշվիլին աշխատանքային այցով ժամանել էր Երևան, Հայաստանի նախագահը, թերևս, փորձելով ցույց տալ, թե Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու հարցում որքան նպատակասլաց ու հետևողական է, մի ուշագրավ հայտարարություն արեց: «Հայաստանը իրավապահության կազմակերպման, բիզնես-միջավայրի լավացման հարցերում շատ բան սովորել եւ ընդօրինակել է Վրաստանի փորձից»,- ասել էր Սերժ Սարգսյանը և հավելել. «Եվ ահա մենք կցանկանայինք մեր ձեռքբերումները ցույց տալ Վրաստանի նախագահին, ինչ-որ կերպ հպարտանալ մեր արդյունքներով»:

 

«Ինչ-որ կերպ»-ի տակ թաքնված ձեռքբերումների բացակայության այս ակամա խոստովանությունը, ինչպես նաև խելացի սովորողի կարգավիճակով հանդես գալն էլ, ահա, Սահակաշվիլիին թույլ են տվել տեղավորվել այն դաստիարակի կամ ուսուցչի կերպարի մեջ, ով լավ աշակերտներին սովորեցնում է մյուսների, տվյալ դեպքում՝ Հայաստանի ձախողման փորձի օրինակով:

 

Ինչեւէ, Սարգսյանի նախատեսվող այցը չեղյալ հայտարարելն, իհարկե, ծայրահեղ մոտեցում կլիներ: Տվյալ դեպքում խնդիրն ընդամենը Սահակաշվիլիի լեզվին հայաստանյան թեմատիկայի շրջանակներում որոշ կապանքներ դնելն է, ինչն էլ փորձ է արվում իրականացնել առանց սկանդալներ հրահրելու: Չի կարելի բացառել, որ երկու երկրների հարաբերություններում առաջացած այս թեթևակի կնճիռը վերացվի հենց Վաշաձեի այս այցի ընթացքում: Բայց անկախ ամեն ինչից` հայկական կողմի ուղերձներն այս անգամ պետք է լինեն շատ հստակ ու միանշանակ:

 

Գեւորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ