կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-04 10:59
Առանց Կատեգորիա

Հրամանատարին ծառայողների ողբերգությունը

Հրամանատարին ծառայողների ողբերգությունը

Վերջին կադրային փոփոխությունները գուցե այնքան զարմանալի չէին, որքան այդ «մսաղացի» տակ ընկնողների և նրանց որոշ փոխարինողների արձագանքը: Այսպես, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր հրաժարականի նախորդ օրը պարբերականներից մեկին տված ճեպազրույցում, թերևս, անակնկալի եկած այդ տեղեկություններից, անընդհատ կրկնում է, թե անկախ ամեն ինչից, ինքը լինելու է հանրապետության նախագահի կողքին:

 

«Իրա հետ աշխատելու եմ մինչեւ վերջ, չաշխատեմ էլ` իրան հավատարիմ, ես իրա կողքը լինելու եմ: Գործի չլինեմ էլ, գործից էլ հանի, իրա կողքը ծառայելու եմ մինչեւ վերջ»,- անընդհատ կրկնում է նա:

 

Գրեթե նույն միտքը, մի փոքր այլ տեսանկյունից, արտահայտեց նաև «առաջին հայրենասեր», «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ, սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Ի պատասխան այն հարցի, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները Արմեն Գևորգյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնում իր նշանակման վերաբերյալ, Ասրյանը, անցնելով երևակայության բոլոր սահմանները, հայտարարեց. «Բազմիցս ասել եմ, որ ես իմ ժողովրդի, ազգիս, պետությանս նվիրյալ զավակն եմ եւ պատրաստ եմ նախագահ Ս.Սարգսյանի առաջարկով, հրամանով լինել ցանկացած տեղ, այդ թվում նաեւ լինել դժոխքի դարպասների պահակը, եթե այդ գործընթացը նպաստելու է հայոց պետականության անընդհատ հզորացմանը»:

 

Իսկ ահա ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարված Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե իր հրաժարականով… ապացուցում է նվիրվածությունը երկրի նախագահին: Այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այլ շարքային զինվորների հետ, ովքեր իրենց հրամանատարին սիրաշահելու համար հավատարմության ու անմնացորդ ծառայելու երդում են տալիս: Թվում է, թե դրանում արտառոց որևէ բան չի կարող լինել: Սակայն խնդիրն այն է, որ նրանք անմնացորդ ծառայելու պատրաստակամություն են հայտնում ոչ այնքան երկրին, որքան անձամբ «հրամանատարին» և հասկացնում են, որ կարող են հնազանդորեն ենթարկվել նրա քմահաճույքներին:

 

Եթե այդպես չլիներ, ապա Ալիկ Սարգսյանը պետք է առնվազն պարզաբաներ, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս է պատրաստ անգամ չաշխատելու դեպքում ծառայել նախագահին: Հովիկ Աբրահամյանը պետք է բացատրեր, թե ինչպե՞ս է հնարավոր, որ օրենսդիր մարմնի ղեկավարը, ով որևէ կերպ, բացի կուսակցական պատկանելությունից, Սահամանդրության ուժով պարտավորված չէ որևէ մեկին հավատարմության երդում տալ: Այս ամենը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով: Նախ` նման մտածողությունը երկրում հաստատված կառավարման մշակույթի կամ ավելի ճիշտ՝ անտիմշակույթի ուղղակի հետևանք է: Ամբողջ պետական, քաղաքական համակարգը շնչում և արտաշնչում է բացառապես «շեֆ»-ին ծառայելու չգրված նորմերով: Բացարձակ իշխանատերը համարվում է ոչ թե ժողովուրդը, որից ստացած մանդատի շնորհիվ պետք է որ ձևավորվեին իշխանությունները, այլ այն անձը, ով ոչ միայն իր ձեռքում է կենտրոնացրել գործնականում բոլոր լծակները, այլև գործադրում է դրանք պետական իշխանության մարմինների փոխարեն, գրեթե նույն կերպ` ինչպես Կենտկոմի քարտուղարներն էին իրենց ժամանակին:

 

Եվ այս տիպի հարաբերությունների միջավայրում մարդիկ իրենց պիտանելիությունը որոշում են ոչ այնքան գործնական կարողություններով, որքան այդ անձին հավատարիմ ծառայելու պատրաստակամությամբ: Այս մտածողությունն է հանգեցնում ամբողջ համակարգի գորշացմանը, անհատականությունների ոչնչացմանը: Առանձին դեպքերում ուղղակի գործ ենք ունենում բացահայտ շողոքորթության, քծնանքի հետ, որոնք անցնում են արժանապատվության սահմանները: Դժվար է ասել` նախագահի համար որքանո՞վ է ընդունելի նման մտայնությամբ ախտահարված շրջապատը: Համենայն դեպս, չի կարելի չնկատել, որ տրված հավատարմության երդումների խղճուկ շքահանդեսը, փաստորեն, նրա կայացրած որոշումների վրա որևէ ազդեցություն չունեցավ:

 

Երկրորդ, ինչպես հայտնի է, որպես կանոն, որքան մարդիկ ավելի շատ են հրապարակայնորեն խաչակնքում, այնքան ավելի հեռու են Աստծուց: Հավատարմության այս կարգի հրապարակային ցուցադրությունները նման նվիրվածության անկեղծության առումով ավելի շատ կասկածներ են առաջացնում, քան համոզում: Այնպիսի տպավորություն է, կարծես, մարդիկ նախագահին փորձում էին համոզել, որ իրենք պետք է դուրս լինեն ինչ-որ կասկածներից, որոնք առաջացրել են նախագահի զայրույթն ու մղել կադրային վերադասավորումների: Որևէ հիմք չկա պնդելու, թե կատարված պաշտոնանկությունները ինչ-որ դավադրության բացահայտման ու կանխման հետևանք են, որի մասին խոսվում է մամուլում: Սակայն նման վարքագիծը առնվազն թույլ է տալիս նաև այդ կարգի կասկածներ ունենալ:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ