կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-24 17:35
Առանց Կատեգորիա

"Տեսանկյո՞ւն", թե՞ կիսանկյուն

"Տեսանկյո՞ւն", թե՞ կիսանկյուն

Մինչև ո՞ւր կարող է հասնել ՀՀ իշխանության և նրա հարազատ Հ1-ի քաջնազարությունը: Դուք մինչև փորձեք մտքով պատկերացնել այդ մինչև ուրը, ես մի հետաքրքիր բան պատմեմ աղավնիների կյանքից:

 

Աղավնին, որ համարվում է անմեղության, բարության ու խաղաղության խորհրդանիշ, գիտեի՞ք, որ մեր մոլորակի վրա ապրող շնչավոր էակներից ամենադաժանն է: Չգիտեիք: Իմացեք, ուրեմն, որ այդ թռչնատեսակի կյանքն ուսումնասիրող մասնագետները պնդելով պնդում են, որ դա այդպես է: Արու առյուծները, երբ մենամարտում են փրայդին տիրանալու համար, անմիջապես դադարեցնում են մարտը, երբ նրանցից մեկն ընդունում է իր պարտությունն ու հեռանալու նշաններ է ցույց տալիս: Իսկ ի՞նչ է անում աղավնիի աքլորը: Իր աղավնյակին անգամ մոռացած` հալածում է ախոյանին, մինչև նա վերջնականապես թուլանա, ապա կտցահարում է նրան այնքան, որ շունչը փչի: Նույնն անում է նաև էգը, երբ մի ուրիշ էգ, նույնիսկ պատահաբար, փորձում է տեղ զբաղեցնել նրա բնում կամ բնից քիչ հեռու:

 

Ուրբաթօրյա «Տեսանկյունը», ահա, մեկ անգամ ևս ապացուցեց, որ ինքն աղավնի է, աղավնի այդ թռչնի մասին ունեցած մեր պատկերացումներով և աղավնագետների պնդումներով հանդերձ: Գևորդ Ալթունյանը, որ միշտ էլ աչքի է ընկնում հումորն ու մաղձը համադրելու մեծ վարպետությամբ, հանկարծ գերեզմանից ելնող զոմբիներ ցուցադրեց ու սկսեց խոսել տիեզերքի միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանի ու ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի մասին` որպես գործիչների, որ իբր ընտրություններին ընդառաջ վերակենդանացել են, թոթափել են իրենց վրայի փոշին և իշխանությունից ինչ-որ բան են ուզում` որը մի քանի հազար դոլար, որը մի քանի աթոռ խորհրդարանում: Իր վարքով Գևորգ Ալթունյանին զայրացրել էր հատկապես Տիգրան Կարապետյանը, ով, ալթունյանական ինչպիսի համոզվածություն, ՀԱԿ-ի նստացույցին միանալու սպառնալիքով, իբր, իշխանություններին հասկացնում է, որ ժամանակն է իրեն վերջնական պատասխան տալ, թե ինչ կարող են առաջարկել նման բան չանելու դիմաց: Ուղղակի շշմել կարելի է` տեսնելով, թե ինչ կեղտոտ քաղտեխնոլոգիաների է տիրապետում մեր հանրային հեռուստատեսությունը, որ կոչված է լինելու հեռուստատեսությունների մեջ առաջինն ու օրինակելին:

 

Մենք կարող էինք, իհարկե, սա Գևորգ Ալթունյանի հաջողված հաղորդումներից մեկը համարել, եթե նա Դավիթ Հակոբյանի և Տիգրան Կարապետյանի անունների կողքին մի քանի ուրիշ անուններ էլ տար` նշեր բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների լարման ֆոնին շտապեցին ինքզինքը առաջադրել որպես ընդլայնված կազմով կոալիցիայի լիիրավ անդամներ: Իսկական մեծապատիվ մուրացկաններ, ովքեր, երբ լրագրողները ձայնագրիչը դեմ էին տալիս, ասում էին, թե իրենք պատրաստ են սեղմել ՀՀԿ-ի մեկնած ձեռքը, եթե ՀՀԿ-ն իր նժդեհիզմի քունջուպուճախում տեղ գտնի նաև իրենց չեղած գաղափարների համար:

 

Բացարձակապես շարքազուրկ մերկաքամակ շառլատաններ, որ հանկարծ սկսեցին հավակնել ինչ-որ բաների, որոնցից ժամանակին օգտվել են լիուլի, և համը բերաններում է մնացել: Պատրաստ են` բիրիքով, պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ հուշագիր էլ ստորագրել, ղազագիր էլ, ուրիշ բան էլ, միայն թե Ազատիչն իրենց ազատի մոռացումից:  Գևորգ Ալթունյանն ինչո՞ւ միայն մարքսիստին տեսավ ու Կարապետիչին: Մի՞թե ամբողջությամբ զոմբիություն չէր ՀԱԿ-ի արածը, որ երկխոսության անվան տակ քսմսվում էր իշխանությանը և ԲՀԿ-ին գրգռում ՀՀԿ-ի դեմ, մի՞թե այս էտապում հանկարծակի ակտիվացած Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, տո եսիմ, Շավարշ Քոչարյանը միանգամայն այլ գործով են զբաղված, քան Դավիթ Հակոբյանն ու Տիգրան Կարապետյանը: Այո՞: Եթե ուրիշ գործով են զբաղված, եթե ՀՀԿ-ի և իշխանության ցուցումով ցանկանում են ԲՀԿ-ին բան հասկացնել, դա ուրիշ: Օրիակ` այ ԲՀԿ, տե'ս, հա, եթե չմնաս կոալիցիոն հուշագրի շրջանակներում, մենք կանք ու կանք, պատրաստ ենք լցնել այդ վակուումը: Խոսեք ուրեմն իշխանության այդ նորահայտ ծրագրերի մասին, եթե քաջ ու հանրային հեռուստատեսություն եք հիրավի:

 

Ու նաև տարօրինակ էր, որ խեղճ մարքսիստի ու Կարապետիչի վրայով Հ1-ը անցավ ՀՀԿ-ի ղեկավար մարմնի ոչ այն է նիստի, ոչ այն է խորհրդակցության օրը, որին անհամբերությամբ էին սպասում լրատվամիջոցներն ու հանրությունը: ՀՀԿ-ն համընդհանուր լարվածության մթնոլորտում, ով գիտե, գուցե նույնիսկ չհամարձակվեց քննարկել ներքաղաքական իրադրությունը և փորձեց  ցույց տալ, թե այնքան բարձր է գնահատում կոալիցիոն գործընկերությունը, որ ահա այսպես դնում ու մորթում է դրա փլուզումը երազողներին: Մորթո՞ւմ եք, եղբայր, մորթեք, պատռո՞ւմ եք, պատռեք բոլոր դհոլներն ու սկսեք այդ անել ամենազիլ դմբդմբոցը հանող դհոլներից: Եվ Հ1-ի էկրանից էլ մի կտցահարեք առանց այն էլ կտցահարված, պետության ձեռքով ու իշխանությունների խաբեությամբ կոտրված մարդկանց: Նման դեպքերում այսպիսի հարցեր են առաջանում` հեռուստատեսությո՞ւն է, սա, թե՞ աղբատար մեքենա, «Տեսանկյո՞ւն» է սա, թե՞ կիսանկյուն:

Առողջ եղեք:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ