կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 10:48
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Հասունանում է մի մեծ ցունամի

ԺԱՄԱՆԱԿ. Հասունանում է մի մեծ ցունամի
Մինչ հայ հասարակությունն ու մեդիադաշտը զբաղված են ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների պարզաբանման հերթական ալիքով, Հայաստանի տնտեսության ոլորտում իսկապես հասունանում է մի մեծ ցունամի՝ գալիք տարվա բյուջեում հարկային եկամուտների ծավալի 101 միլիարդով ավելացման տեսքով: 

Ընդհանրապես, որևէ այլ երկրում այդօրինակ հարկային ծավալի ավելացումը, այն էլ՝ հետճգնաժամային տարում, կբերեր չափազանց մեծ քննարկումների, հատկապես բիզնես միջավայրում, թեև սոցիալական առումով էլ այստեղ լուրջ խնդիր կա, և միայն բիզնեսմենները չէ, որ պետք է անհանգստանան աննախադեպ ծավալի այդ աճից: Սակայն Հայաստանում այդ խնդիրը կարծես թե չի արժանանում բավարար ուշադրության: Սա մի կողմից հասկանալի է, քանի որ մեր երկրում խնդիրները ընդհանրապես համակարգային են, և հանրային գիտակցության մեջ օբյեկտիվորեն ամրագրվում է այն, որ երկրում մի բան փոխելու, մի բանի դեմ պայքարելու համար պետք է համակարգային փոփոխություն լինի, այսինքն՝ հանրությունն առաջնորդվում է «ձուկը գլխից» է հոտում տարբերակով: Սակայն նաև ակնհայտ է, որ, ընկնելով միայն գլխի հետևից, հանրությունը շատ ազատ է թողնում «պոչին», և կատարվում են իսկապես կարևոր ու վճռորոշ իրողություններ: 

Հարկային եկամուտների ծավալի աննախադեպ այդ աճը թերևս հենց դրանցից մեկն է: Ինչպես, որտեղից է այդ ամենն ապահովելու կառավարությունը, ինչպես է ճգնաժամից նոր-նոր շունչ քաշող տնտեսությունից հավաքելու լրացուցիչ 101 միլիարդ դրամ: Պատասխանն այստեղ կարող է երկուսը լինել՝ կամ պետք է նորից տեռորի ենթարկեն փոքր ու միջին բիզնեսը, կամ պետք է հավաքեն օլիգարխներից և պաշտոնյաների բիզնեսներից: Սակայն այստեղ, թերևս, կա հստակեցման անհրաժեշտություն: Բանն այն է, որ 101 միլիարդ դրամը Հայաստանի տնտեսության համար ահռելի թիվ չէ, և տնտեսությունը կարող է դա ապահովել, բայց միայն՝ եթե լինի հավասար մրցակցություն, եթե իշխանական ու օլիգարխիկ բիզնեսները դուրս գան ստվերից, և պայքար մղվի կոռուպցիայի դեմ: 

Մինչդեռ, նախատեսված 101 միլիարդը օլիգարխներից հավաքելն ամենևին չի նշանակում պայքար ստվերի և կոռուպցիայի դեմ: Օրինակ՝ եթե նախագահի նստավայրից կանչեն իքս օլիգարխին և ասեն, որ նա իգրեկ ծավալի փող տա բյուջեին, որ լրացնեն հարկային եկամուտները, դա ամենևին ստվերի դեմ պայքար չէ: Դա պարզապես հանցավոր և գործարքային սկզբունքի վրա հիմնված իշխանության գործունեության մի հերթական դրվագ է՝ իշխանությունը հասկանում է, որ փոքր ու միջին բիզնեսը լրիվ քամվել է, և դրան ձեռք չտալու ու սոցիալական ցնցում չառաջացնելու համար դիմում է օլիգարխիայի և սեփական գրպանի օգնությանը: 

Բայց դա ստվերի դեմ, կոռուպցիայի, բիզնեսի և իշխանության սերտաճման դեմ պայքար չէ, որովհետև օլիգարխը պարզապես «մուծվում» է, ոչ թե հարկ վճարում: Ուղղակի այս անգամ ոչ թե իշխանական ստվերային բյուջեին կամ ոչ միայն ստվերային բյուջեին, այլ նաև պետբյուջեին է մուծվում: Մինչդեռ ստվերի դեմ պայքար նշանակում է ոչ թե «մուծվել», այլ վճարել, ու ոչ թե նախագահի նստավայրի թելադրանքով, այլ հարկային ծառայության կամ տեսուչի ծանուցագրով: Կգնա՞ արդյոք իշխանությունն այդ քայլին: Հազիվ թե, կամ՝ եթե այո, ապա միայն շոուների տրամաբանությամբ: Իսկ համակարգային առումով ստվերին իշխանությունը ձեռք չի տա, որովհետև նախ՝ այնտեղ շատ ավելի շատ բան կա, քան այդ պահանջվող 101 միլիարդ դրամը, և բացի այդ էլ՝ ստվերը մի օրվա համար չէ: