կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 11:43
Իրավական

Իրավունքների համատարած խախտում

Իրավունքների համատարած խախտում

Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրը շրջանառության մեջ դրվեց երկրի անկախացմանը զուգահեռ. միաժամանակ էլ, սակայն, մեծ թափ ստացան նույն իրավունքների խախտման երեւույթները: Այսօր քաղաքացու առաջնային իրավունքներն են բուժման, կրթության, անվտանգության, կենսական ապահովվածության, անվտանգ եւ արժանապատիվ ապրելու, անվտանգ ապրանքներից եւ ծառայություններից օգտվելու, ազատ ընտրության, տեղեկացված լինելու, անվտանգ միջավայրում ապրելու, տեղաշարժի եւ այլ հիմնահարցերը:

 

Այս իրավունքների պաշտպանությունն այսօր հրատապ է դարձել, իսկ նշված ոլորտներում խնդիրները կուտակվել են տարիներ ի վեր, իսկ իրավունքների խախտման մեխանիզմները օրեցօր կատարելագործվում են: Բոլորն են հիշում, թե ինչպես էր 90-ականներին անարգել ու առանց վերահսկողության երկիր ներկրվում կասկածելի ծագման ու որակի սնունդ: Այսօր էլ ամենուր կարելի է հանդիպել երեւույթի, երբ ապրանքը վաճառվում է, չունենալով մակնշումներ` ծագման, արտադրության եւ պիտանելիության ժամկետների, բաղադրության եւ այլնի վերաբերյալ:

 

Կեղծ ու կեղծված ապրանքը վաճառվում է բացահայտորեն եւ ամեն տեղ: Վերջերս մեծ աղմուկ հանեց «Երեւան Սիթի»-ից գնված ժամկետանց մանկական սննդի դեպքը, որի հին պիտակի վրա նորն էր փակցված: Բազմաթիվ անգամներ ենք հանդիպում նման երեւույթի, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է խտացրած կաթին եւ ձկան պահածոյին:

 

Գաղտնիք չէ նաև, որ հայաստանյան խանութներում վաճառվող արտասահմանյան սննդի ու հագուստի շատ տեսակներ միայն պիտակով են արտասահմանյան: Դրանք պատրաստվում են Հայաստանում եւ միայն անվան մեկ տառի փոփոխությամբ ստանում են ֆիրմայի անունը կամ հաճախ չեն էլ փոխում` օգտվելով վերահսկողության բացակայությունից կամ էլ վերահսկողների հետ լեզու գտնելու բազմամյա պրակտիկայից: Շատ ֆիրմային խանութներում ու տոնավաճառներում վաճառվող եվրոպական պիտակներով հագուստը կա'մ Հայաստանում է կարված, կա'մ ներկրված է Թուրքիայից ու Չինաստանից:

 

Գրեթե ամեն օր աղմուկ են բարձրացնում կանաչ տարածքների ոչնչացման հաշվին էլիտար շենքի, հերթական սրճարանի ու խանութի կառուցման շուրջ դժգոհությունները: Երեւույթի դեմ պայքարում է բնակչությունը, բողոքներով դիմում իշխանության տարբեր մարմինների, բայց հաճախ պարզվում է, որ հենց այդ իշխանության թողտվությամբ է քաղաքի դիմագիծն աղավաղվում, խախտելով նույն բնակիչների իրավունքը: Քաղաքացիների դժգոհությունները շատ հաճախ վերաբերում են ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտներին: Հաճախ են դեպքերը, երբ հոսանքի տատանումներից փչանում է կենցաղային տեխնիկան, սակայն սպառողները հազվադեպ են համարժեք փոխհատուցում ստանում, այնինչ սահմանված կարգով տրվող գումարը պետք է բավականացնի նույն տեխնիկայի նոր մոդելը ձեռք բերելու համար: Բողոքում են, որ «ԵրեւանՋուր»-ի տեսուչը պահանջում է մուծել ոչ թե մեկ ամսվա օգտագործված ջրի համար, այլ` ութ անգամ ավել, ու այնպիսի անհեթեթ պատճառաբանությամբ, որ ո՛չ դու ես հասկանում, թե ինչ ասաց, ո՛չ էլ ինքը: Ու եթե «ինչ-որ տեղ» բողոքում ես, միեւնույն է, վերջում մեղավորը դու ես դուրս գալիս:

 

Սա է պատճառը, որ հայ սպառողը հաճախ հրաժարվում է քաղաքացիական ակտիվ դիրքորոշումից` չհավատալով, թե հնարավոր է այս երկրում ինչ-որ բան փոխել: Ու սկսվում է «երկիրը երկիր չէ» արտահայտության մշտական գործածությունը: Սպառողների իրավունքների պաշտպանության հարցը կարծես իր օրենսդրական կարգավորումը ստացել է, սակայն միայն սա, անշուշտ, բավարար չէ իրավիճակը շտկելու համար, քանի որ օրենսդրությունը խախտելը վերջին քսան տարիների մեր իրականության գլխավոր «ձեռքբերումն» է: Այս հարցում կարեւոր է պետություն-հասարակություն համագործակցությունը, պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների համատեղ ու համադրված աշխատանքը, որը, սակայն, մինչ այսօր, չնայած իշխանության ներկայացուցիչների հռետորական ելութներին, տարբեր ամբիոններից այդ համագործակցության մասին պնդումներին, այդպես էլ չի կայանում:

 

Դահլիճներից դուրս հասարակական կազմակերպությունները գնահատվում են միայն որպես «գործը բարդացնող», «աշխատել խանգարող» անպետք կառույցներ: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կարեւորում են, որ առաջին հերթին սպառողն ինքը տեղեկացված լինի իր իրավունքներին ու պարտավորություններին: Իսկ դրան հասնելու համար պետք է համանման առարկա դասավանդվի դպրոցներում: Յուրաքանչյուր սպառող պետք է առաջնորդվի «Սպառողը միշտ ճիշտ է» բանաձեւով եւ ինքը պաշտպանի իր իրավունքները, քանի որ այդ նպատակին ծառայելու համար ստեղծված կառույցները առայժմ միայն իմիտացիոն դեր են կատարում:

 

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ