կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 13:49
Տնտեսական

Ինչպե՞ս է աշխատել ՏՄՊՊՀ-ն

Ինչպե՞ս է աշխատել ՏՄՊՊՀ-ն

2012 թվականի պետական բյուջեի ցուցանիշները կատարելու տեսանկյունից տնտեսական մրցակցության խնդիրն էական նշանակություն է ունենալու. այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ եթե մեզ հաջողվի ապահովել մրցակցության արդար պայմաններ, ապա մենք կունենանք ավելի բարձր տնտեսական աճ։

 

Վարչապետը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին տրվել են լրացուցիչ գործիքներ, որպեսզի կարողանա դաշտում էական բարելավումներ ապահովել։ Այնուհետեւ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից Տ. Սարգսյանը հետաքրքրվեց, թե այդ գործիքակազմն ի՞նչ էական փոփոխությունների հանգեցրեց մրցակցային դաշտում, և արդյո՞ք 2011 թվականին մենք ի վիճակի կլինենք այդ բնագավառում էական առաջընթաց ապահովել:

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը զգալիորեն բարելավվել է` նոր գործիքներ ու մեխանիզմներ տալով հանձնաժողովին: Արդյունքում հանձնաժողովը հնարավորություն է ստացել առավել արդյունավետ աշխատել մրցակցության խախտումների բացահայտման առումով։

 

Ի պատասխան վարչապետի հարցապնդմանը` թե կոնկրետ ինչպե՞ս են օգտագործվել այդ գործիքները, Շաբոյանը նշեց, որ այն ոլորտները, որտեղ առկա են եղել չարաշահման փաստեր, այդ խնդիրների չարաշահումների ուղղությամբ հարուցվել են վարչական վարույթներ, և դրանց արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ. «Այդ շուկաները գտնվում են մեր ամենօրյա հսկողության ներքո, երկու օրը մեկ իրականացնում ենք դիտանցումներ գնային չարաշահումների և մնացած այլ խնդիրների հետ կապված։ Եթե 2012 թվականին լինեն չարաշահումներ, մենք կրկին լինելու ենք հետևողական և անկախ նրանից, թե այս տարի ինչպիսի միջոցառումներ ենք իրականացրել չարաշահումների կապակցությամբ, տնտեսվարող սուբյեկտներին կրկին ենթարկելու ենք պատասխանատվության»։

 

Հարցուպատասխանն ամփոփելով` վարչապետը նշեց, որ եթե այն գործիքները, որոնք տրվել են հանձնաժողովին, ծառայեն բուն նպատակին, այսինքն` մրցակցային միջավայրը Հայաստանի Հանրապետությունում բարելավվի, պատրաստ են նոր լծակներ եւս տալ։