Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Անկարայում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս՝ նվիրված թյուրքական պետությունների անկախության 20-ամյակին: Միջոցառման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես եկավ թյուրքական միավորման ստեղծման հնարավորության եւ դրան սպառնացող գործոնների վերլուծությամբ:
Այսպես, նրա կարծիքով, նորանկախ թյուրքական պետությունների, ինչպես նաեւ մնացյալ աշխարհի հետ փոխհարաբերություններում լուրջ խնդիր է, որ այդ երկրների պետական սահմանները չեն համընկնում էթնիկականների հետ. «Այս խնդիրը երբեմն հանգեցնում է լուրջ հակամարտությունների, ինչպես վերջերս տեղի ունեցավ Ղրղզստանում»:
Երկրորդ լուրջ խնդիր նա համարում է ժողովրդավարության պակասը թյուրքական պետությունների մեծ մասում, ինչն էլ ցանկացած պահի կարող է ներքաղաքական իրավիճակի լուրջ ապակայունացման նոր առիթ դառնալ՝ դրանից բխող տխուր հետեւանքներով… Նա օրինակ բերեց արաբական հեղափոխական գարունը եւ թյուրքական բոլոր պետություններին կոչ արեց անհապաղ բարեփոխվել: Երրորդ սպառնալիք Դավութօղլուն համարում է կայունության ապահովման միասնական միջազգային համակարգի բացակայությունը, որն անհրաժեշտ է, որովհետեւ կայունության խախտումը երկրներից մեկում ազդում է մյուսների վրա:
Նորանկախ թյուրքական պետությունները, Դավութօղլուի կարծիքով, կարող են փորձել այդ մարտահրավերները հաղթահարել երկու ճանապարհով: Առաջին` առավելագույն ինքնամեկուսացում, թեեւ փորձը ցույց է տալիս դրա վտանգավորությունը: Երկրորդ` աշխարհաքաղաքական նոր կենտրոնի ստեղծում, որն ի զորու կլինի դառնալ միջազգային հարաբերությունների գործող սուբյեկտ: «Մենք բոլորս միասին կարող ենք նման աշխարհաքաղաքական կենտրոն ստեղծել»,- հայտարարել է Ա. Դավութօղլուն:
Ակնհայտ է, որ նման կենտրոնի միջուկ Անկարան տեսնում է իրեն: Ոչ մի նոր բան դրանում չկա: ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան քիչ ջանքեր չգործադրեց այս տարածաշրջանում ամրանալու համար, որովհետեւ Անկարայի հավակնությունների համար Կենտրոնական Ասիայի երկրները ամենահարմար հրապարակն են: Բայց ապարդյուն: Նրանցից եւ ոչ մեկը հետաքրքրություն չցուցաբերեց «ավագ եղբորը» մեկ ուրիշով փոխարինելու հարցում: Եվ Անկարան ընտրեց «մեղմ մոտեցում»՝ հիմնված այդ երկրներում պակաս ինտենսիվ առեւտրային, մշակութային եւ կրթական ծրագրերի իրականացման, ազդեցության ամրապնդման եւ անհատական շփումների հաստատման վրա, ինչը պետք է աստիճանաբար հանգեցներ Թուրքիայի հետ նրանց հարաբերությունների խորացմանը: Հարաբերությունները, կարծես, զարգանում են, սակայն Անկարայի վարքագիծը լուրջ մտահոգություններ է առաջացնում Միջին Ասիայի երկրներում:
Վերջերս «Աչիկ սայասաթ պլյուս» թերթը հարց է բարձրացրել՝ «Պանթուրքի՞զմ, թե՞ սկսվել է Ղրղզստանի թուրքացման քաղաքականություն»: Թերթը նշում է, որ անկախ Ղրղզստանի կայացումից ի վեր թուրքերն ստացել են հնարավորություն ազատորեն վարելու իրենց գործերն այդ երկրում եւ ինքնակամ անում են՝ ինչ ուզում են: Շատ են փաստերը, երբ փողատեր թուրքերը նվաստացնում են ղրղզներին, մարդու տեղ չեն դնում նրանց ու խաբում են: Թուրք «գործարարները» ոչ թե պարզապես գործունեություն են իրականացնում, այլ տարածում են իրենց ազդեցությունը:
Հոդվածում նշվում է, որ թուրքերը տեղի կրթօջախներն օգտագործում են ղրղզ երիտասարդությանը ազգային դաստիարակությունից պոկելու համար, իրենց ուսումնական հաստատությունները բացում են թուրքերենի, իրենց սովորույթների եւ ավանդույթների տարածման նպատակով: «Թուրքերը հեշտությամբ մեզ «բռնազավթում» են իրենց դաստիարակությունն ստացած՝ մեր երեխաների օգնությամբ»,- եզրափակում է թերթը:
Թուրքիան ոչ դյուրին հարաբերություններ ունի Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի հետ, որոնց ներկայացուցիչները նույնիսկ չմասնակցեցին Անկարայի կոնֆերանսին: Անգամ Ադրբեջանն էր ներկայացված փոքրաթիվ պատվիրակությամբ՝ արդարադատության նախարարի գլխավորությամբ, ինչը հասկանալի է Բաքու-Անկարա հարաբերությունների լարվածության համատեքստում: Չնայած հայտարարվող «արյունակցական եղբայրությանը», Ադրբեջանը եւս, ավելի ճիշտ՝ Ալիեւ-Փաշաեւների կլանը, չի ցանկանում իր «ինքնիշխանությունը» զիջել ի շահ Թուրքիայի: Եղբայրությունը՝ եղբայրություն, բայց շահերը տարբեր են: ԶԼՄ-ներում հաճախ հայտնվում են հաղորդագրություններ Ադրբեջանում թուրքական ընկերությունների վրա աճող ճնշման եւ նույնիսկ երկրից նրանց վտարելու մասին:
Այնպես որ, խիստ կասկածելի է, որ Դավութօղլուի կոչը արձագանք կգտնի թյուրքական պետությունների մայրաքաղաքներում:
Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ