կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-06 10:45
Քաղաքական

Ֆրանսիան պատկերացնում է Արցախի արժեքը Հայաստանի համար

Ֆրանսիան պատկերացնում  է Արցախի արժեքը Հայաստանի համար

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծեն հայերն ու ադրբեջանցիները, իսկ միջնորդները կարող են միայն օգնել. Հայաստան այցից առաջ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

 

«Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմությունը ցույց է տալիս, որ ամենախորը վիշտն անգամ կարելի է մեղմել, որ նույնիսկ ամենամեծ ատելությունը կարելի է հաղթահարել, որ նույնիսկ իրենց պատմության ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտվելու ուժ գտնել: Երբ մեր երկու երկրները ընտրություն կատարեցին դեպի հաշտություն, նրանք մի քանի տասնամյակների ընթացքում արդեն երեք անգամ հակամարտության մեջ էին մտել: Առաջին Աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիան եւ Գերմանիան պատերազմել են անասելի դաժանությամբ եւ սարսափներով ու դաժանություններով լի Երկրորդ աշխարհամարտի փլատակների վրա ուժ գտան հաշտվելու եւ հավասարը չունեցող բարեկամություն կառուցելու: Այդ բարեկամությունն այսօր դարձել է եվրոպական շինարարության հենասյունը: Դրան հասնելու համար անհրաժեշտ եղան այնպիսի բացառիկ անձնավորություններ ու պայծառատեսներ, ինչպիսիք էին գեներալ դը Գոլը եւ կանցլեր Ադենաուերը, ովքեր խաղաղություն հաստատելու համարձակություն դրսեւորեցին: Քանի որ, այո, հաճախ ավելի շատ խիզախություն է հարկավոր խաղաղություն հաստատելու, քան պատերազմը շարունակելու համար: Լինելով իսկական պետական այրեր, պատերազմից ընդամենը մի քանի տարի անց, նրանք կարողացան համոզել իրենց ժողովուրդներին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի` իր ատելությունը հաղթահարելու և հաշտության և համագործակցության ուղին բռնելու համար: Հենց այս ուղին է, որ դուք` հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեզ համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն և ամեն օր ավելի է հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները»,- ասել է Սարկոզին:

 

Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ իրենք լավ են պատկերացնում Արցախի արժեքը Հայաստանի համար. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը եւ գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ նախագահ Ալիեւին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երեւան իմ այցից հետո»: