կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-27 11:00
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Alik avenue

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Alik avenue

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայրենի գյուղի` Կանաչուտի գյուղապետ, ՀՀԿ-ական Լեւոն Ասատրյանը պատասխանել է թերթի հարցերին:

 

- Պարոն Ասատրյան, մամուլում գրվել էր, որ ձեր գյուղի փողոցներից մեկն անվանակոչվել է ոստիկանապետի անունով: Դա ո՞ւմ նախաձեռնությունն է եղել:

- 2004-ին, երբ անվանակոչվել է, ինքը ոստիկանապետ չէր: Գյուղի ավագանու որոշում է եղել, անվանակոչել ենք, ուղղակի ցուցանակը նոր ենք կպցրել:

 

- Այն ժամանակ, կարծեմ, Արարատի մարզպետն էր:

- Մարզպետն էր, մենք էլ չգիտեինք, որ ոստիկանապետ կլինի:

 

- Բա ինչո՞ւ եք նոր կպցրել ցուցանակները:

- Էդ գործընթացն էր փողոցների համարակալման, նոր ենք պատվիրել, կպցրել: Իսկ անվանակոչվել է 2004-ին` ավագանու որոշմամբ:

 

- Իսկ ավելի կոնկրետ ո՞ւմ նախաձեռնությունն էր:

- Ոչ մեկի նախաձեռնությունն էլ չէր: Սարգսյան Ալիկը մարզպետն էր, իրա նախաձեռնությամբ ամբողջ գյուղի ջրագիծը կառուցվեց, եկեղեցու հիմքը դրեցին էդ վերանորոգման, եւ լիքը տենց աշխատանքներ էր անում, ավագանին էլ որոշեց մի բան էլ իրենք անեն, անվանակոչեցին: Մի առանձնապես բան էլ չի, ինքն էլ դեմ էր` չնայած արդեն որոշումը գրել էինք:

 

-Այսինքն` ինքը դեմ էր, դուք էլ պնդեցիք, որ լինի՞:

-Այո:

 

-Ինքը Կանաչուտո՞ւմ է ծնվել:

- Այո, այս գյուղում է ծնվել, մեծացել:

 

- Հաճա՞խ է գալիս ձեր գյուղ:

- Ամեն օր:

 

- Ամեն օ՞ր:

- Նրա ծնողներն այստեղ են ապրում, ինչո՞ւ եք զարմանում:

 

-Որ ասում եք` ամեն օր գալիս է, դրա համար զարմացա:

- Դե, գյուղից նոր է տեղափոխվել, ինքը միշտ գյուղում է ապրել, հաճախակի գալիս է:

 

- Ցուցանակի վրա էլ ազգանունը սխալ եք գրել, բա չեք ուղղելո՞ւ:

- Ուղղված է արդեն: Ես բացակայում էի հանրապետությունից, արձակուրդում էի, ում որ պատվիրել էինք, բերել կպցրել էր, նրա սխալն էր, ես էլ այստեղ չէի եղել, չէի նայել: Հաջորդ օրը հենց փոխվել է, դուք ուրիշ եք ժուռնալիստներով: Ուրիշ բաներ էլ էին գրել, բայց ես էդ մարդը չեմ, ուղղակի ինքը գյուղի համար բաներ է արել, գյուղը 50 տարի ջուր չուներ, իրա միջոցներով օգնեց, 4 կիլոմետր ջրագիծ ենք բերել, որ գյուղը խմելու ջուր է ունեցել, մի փողոցի անուն չդնեի՞նք էդ մարդու անունով գոնե:

 

- Անձամբ իր միջոցներո՞վ:

- Մեծ մասն իր միջոցներով է արել էդ գործը:

 

- Բա իրեն որտեղի՞ց էդքան միջոցներ:

- Ինքը մի 20 հեկտար հող ունի:

 

- Մարզպետ եղած ժամանակ ինքը իրե՞ն է սեփականաշնորհել էդ հողերը:

- Չէ, սեփականաշնորհած չի:

 

- Բա ի՞նչ է:

- Ուրիշ հարցեր ունե՞ք:

 

- Իր սեփականը չէ՞:

- Իր սեփականն է, ինքը չի սեփականաշնորհել, բնակիչներից առել է: Մարդիկ ծախում էին էն ժամանակ, առել է: