կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 10:57
Արցախ

Շուշիի էթնիկ դիմագծի մասին

Շուշիի էթնիկ դիմագծի մասին
1897 թ. Ռուսական կայսրության առաջին համընդհանուր մարդահամարի տվյալներով` Շուշի քաղաքում բնակվել է 14.420 հայ (բնակչության 55.8%֊ը), իսկ Շուշիի գավառակի գյուղերը գրեթե բացառապես հայաբնակ են եղել։ Շուշիի հայ բնակչությունը տուժել է 1905 թ. թաթարական հարձակումներից, բայց ռուսական պաշտոնական վիճակագրությամբ 1913 թ. նրա թվաքանակը հասել է 22.160֊ի (բնակչության 52.3%֊ը)։ 1917 թ. սկզբի դրությամբ հրատարակված ռուսական "Кавказский календарь"-ի վիճակագրության մեջ հայերի թիվը հասել է 23.400֊ի (բնակչության 53.3%֊ը)։ 1918, 1919 և 1920 թթ. հայերի զանգվածային կոտորածների հետևանքով հայ բնակչությունը կորցրել է մեծամասնությունը քաղաքում, բայց գյուղերում հայերը դեռևս մեծամասնություն էին։ Հետագա տասնամյակներում հայերի թիվը մասամբ վերականգնվել է քաղաքում` 1939 թ. ԽՍՀՄ մարդահամարով հասնելով շուրջ 1.500֊ի (բնակչության 27.2%֊ը), իսկ գյուղական բնակչության կեսից ավելին հայեր էին։ 1960֊ական թթ. սկզբից Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները գործուն քայլեր են ձեռնարկել քաղաքը վերջնականապես հայաթափելու և հայկական գյուղերի էթնիկ դիմագիծը փոխելու ուղղությամբ։
 
ԽՍՀՄ 1970 և 1979 թթ. մարդահամարների տվյալներով Շուշիում համապատասխանաբար 1.540 (17.7%) և 1.410 (13.1%) հայ է բնակվել, իսկ գյուղական բնակչության մեջ հայերը դեռևս մեծամասնություն են եղել, թեև 5 գյուղեր հետևողականորեն հայաթափվել են։ Շուրջ քառորդ դարի ընթացքում շարունակված քաղաքականության եզրագիծը ԽՍՀՄ փլուզման շրջանում էր. 1988 թ. բռնի տեղահանվել է քաղաքի հայ բնակչությունը, որ հասել էր շուրջ 2.000֊ի, իսկ հաջորդ տարի նույն մոտեցումը իրագործվել է Մեծշեն, Հինշեն, Եղցահող և այլ գյուղերի հայերի նկատմամբ, որոնք ամբողջությամբ հայաբնակ էին։ Հենց այս գործողությունների արդյունքում է նվազագույնի հասցվել հայերի տեսակարար կշիռը Շուշիի շրջանում, և Ադրբեջանի պետական այրերի կողմից 1989 թ. ԽՍՀՄ մարդահամարին հղվող շուրջ 90% ադրբեջանցիների ցուցանիշը միայն այդ գործողությունների արդյունքում էր. նման թիվ խաղաղ պայմաններում շրջանում երբեք չի եղել, և սա ընդունում են նույնիսկ ադրբեջանցի հետազոտողները։ 1992 թ. քաղաքի և ամբողջ շրջանի լիակատար ազատագրումից հետո վերը նշված գյուղեր և քաղաք հայ բնակչությունը վերադարձել է։ Վերջին 28 տարիներին քաղաքի հայ բնակչության թվաքանակը ընթացիկ տարվա հուլիսի 1֊ի դրությամբ հասել է շուրջ 4.300֊ի` 1979 թ. համեմատ լինելով 3 անգամ ավելին։ Տեսակարար կշռի ենթադրյալ չափսի մասին խոսելիս մենք պետք է առաջնորդվենք ոչ թե մեր արևելյան հարևանի համար ելակետ հանդիսացող 1989 թ. տվյալներով, որ սովորական պայմաններում չի հաշվառվել, այլ 2020 թ. նախապատերազմական ընթացիկ վիճակագրությամբ` 2015 թ. Արցախի մարդահամարի հաշվարկային հիմքով (4064), երբ ունեինք փաստացի բնակվող հայ բնակչություն։ Ի դեպ, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, որոնց մի մասը վերը թվարկվել են, այս պահին էլ հայաբնակ գոտում են մնացել։
 
Միքայել Մալխասյան
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար