Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հյուսիսային պողոտայում մի խումբ գրողներ եւ գրականագետներ գրքերի վաճառք էին կազմակերպել, որից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է «Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» ակցիային:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում վաճառվում են Հովհաննես Գրիգորյանի գրքերը, կան նաեւ ակցիայի կազմակերպիչ երիտասարդ գրողների և գրականագետների` Հրաչ Սարիբեկյանի, Հովհաննես Եղիազարյանի, Արմեն Ավանեսյանի, Վարդան Հակոբյանի գրքերը:
Նրա խոսքերով, առհասարակ, ակցիայի շրջանակներում գրքերը վաճառվում են զեղչերով, բայց քանի որ սա բարեգործական ակցիա է, գրքերն ավելի թանկ են վաճառում: «Գիրք գնելով մարդիկ մասնակցում են բարեգործությանը»,- ասաց գրականագետը:
Ինչպես տեղեկացրեց Նիկողոսյանը, «Օգնենք Հովհաննես Գրիգորյանին» ակցիային արդեն օժանդակել են Արա Աբրահամյանը` փոխացելով 11.000 դոլար, նախօրեին ՀՀ նախագահը փոխանցել է 10.000 դոլար, իսկ այսօր եւ վաղը Արամ Խաչատրյան համրեգասրահում կկայանա բարեգործական համերգ, որից ստացված ողջ գումարը կրկին կփոխանցվի ֆոնդին: Համերգին ներկա են լինելու Արամոն, Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը եւ այլք, լինելու է նաեւ ասմունք` Գրիգորյանի ստեղծագործություններից: Նշենք, որ բոլոր կատարողները համերգին մասնակցում են Դավիթ Ամալյանի խնդրանք-հրավերով:
«Կարող եմ վստահ ասել, որ մեր նպատակին հասել ենք»,- ասաց Ա. Նիկողոսյանը` հավելելով, որ այս պահին Հովհաննես Գրիգորյանը Հայաստանում բուժման փուլ է անցնում և նրա` Գերմանիա տեղափոխվելը կախված է ինքնազգացողությանից եւ բժիշկների թույլտվությունից:
«Այս պահին բանակցություններ ենք վարում գերմանական հիվանդանոցների հետ, քանի որ իրենց մոտ այնպես չէ, որ երբ գնանք, մեզ նույն օրն էլ վիրահատության օր նշանակեն. նախ անհրաժեշտ է հերթագրվել, իսկ մենք ժամանակ չունենք»,- ասաց գրականագետը:
Ինչպես տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, երեկ մոտ 260.000 դրամ գումար է հավաքվել գրքերի վաճառքից. հիմնականում վաճառվել են հենց Հովհանննես Գրիգորյանի գրքերը:
Անանյանը նշեց, որ բարեգործական ակցիան կարծես թեստ լիներ, որի արդյունքը ցույց տվեց, որ գրողի, մշակույթի նկատմամբ մարդիկ հետաքրքրված եւ սրտացավ են. «Գրիգորյանի ստեղծագործություններում փորձարարությունն ու դասականն իրար են խառնվել: Նրա բանաստեղծությունները կարեւոր էջ են բացում հայ քնարերգության մեջ»:
Հիշեցնենք, որ գրողը տառապում է թոքի քաղցկեղով, եւ Գերմանիայում վիրահատվելու համար անհրաժեշտ էր 50.000 դոլար: