կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 18:57
Հասարակություն

Դրոշիկների ֆաշիզմը

Դրոշիկների ֆաշիզմը

Ծայրամասային, խուլ փողոցներից մեկում է իմ երեխայի մանկապարտեզը: Հենց փողոցի կողմից, դեռ մանկապարտեզ չհասած, քարանում եմ` շենքի պատուհաններին կանգնեցված են ՀՀ եռագույն եւ ՀՀԿ-ի զինանշանով սպիտակ դրոշները: Յուրաքանչյուրից երկուական հատ: Մանկապարտեզի տնօրենին հարցնում եմ` ի՞նչ հաշիվ է: Ասում է` խայտառակություն: Ինքը ՀՀ նախագահի վերջին ընտրություններում ՀՀԿ-ի քվոտայով տեղամասային հանձնաժողովի նախագահն էր իր իսկ ղեկավարած մանկապարտեզի շենքում: «Ընդամենը մեկ օր գործի չեմ եղել ու տես, թե ինչ են արել»,-ասում է նա: Լավ, ենթադրենք, թե այդպես է: Բայց ինչ-որ մեկի մտքով անցել է, չէ՞, իր ՀՀԿ-ական տնօրենի աչքը շոյելու համար անել այդ ՙլավությունը՚` մանկապարտեզին մասնակից դարձնել ցանկացած ազգային տոնակատարության ֆաշիստական հմայքին: Որովհետեւ ի՞նչ է նշանակում ՀՀԿ-ի երկու դրոշը մանկապարտեզի վրա: Պարզ է, որ երեխաների համար դրոշները սոսկ գույներ են: Ու չի բացառվում, որ համայնքային պատկանելության այդ օջախում` մանկապարտեզում, դրոշով փաթեթավորում իրականացրած անձն առնվազն ունեցել է իր վարչական շրջանի ղեկավարի լուռ համաձայնությունը: Ի՞նչ անուն տաս կատարվածին: Ցանկացած գունավոր փաթեթավորում գրավում է երեխային: Բայց սպառնալիքը, որ երեխային կպատմեն դրոշը մարմնավորող կուսակցության դերի եւ նշանակության մասին, մնում է: Ու քո երեխայի փոխարեն մի օր մանկապարտեզից տուն կբերես մի դրոշիկ, որի հանդեպ սերը նկատել չի տա, որ փողփողացող այդ էակը քո ձեռքում է, ոչ թե քո գրկում: Կատարվածի անունն է ավանսով կեղծված հաջորդ ընտրություններ, որը արդեն այսօրվանից հանձին մանկապարտեզի այս աշխատողի հավաքագրում է ներքին օգտագործման իր ստրուկներին: Նշանակում է, որ ինչ-որ մեկը երկիրը տանուլ է տվել իր տնօրենի կուսակցական պատկանելությանը: Որովհետեւ դրոշը նրա համար երկրի յուրաքանչյուր մասում իր շեֆի աչքին փողփողալու առիթ է: «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»,-ասել է Նժդեհը: Հայրենիքներն ընկնում են, երբ ոչ միայն իմ դրոշը քո դրոշը չէ, այլեւ քո դրոշն արդեն մտնում է իմ աչքը մանկապարտեզում: Հայրենիքներն ընկնում են, երբ դրոշը դառնում է տեսադաշտ, մինչդեռ նրա թիկունքում երկինքն է իր ամենաբնական գույներով, որտեղ ինչ-որ բաներ են տեղի ունենում` թռչուններ են թռչում, ամպեր են կուտակվում ու հեռանում: Որովհետեւ երկնքին ձոնված երգն ու ոտանավորը երբեք «բարտեր» չի արվի կլանային ողջ մտածողությամբ երկիր կառավարող ինչ-որ կուսակցության դրոշին նվիրված երգի ու ոտանավորի հետ: Որովհետեւ եթե միտքը արգելակվում է, ապա, մտքի փոխարեն արտահայտվում է դրոշը:  Մանկապարտեզի պատուհաններին փողփողացող խայտառակությունը կանգնեցված է երկիր գերեզմանոցների վրա, որովհետեւ գերեզմանոցները ծնվում են այնտեղ, որտեղ միտք չկա:

 

Սեյրան Հանոյան