կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-20 10:33
Առանց Կատեգորիա

Ելքի բանաձևը

Ելքի բանաձևը

Անկախության հռչակման 20-ամյակի և Հայրենիք-Սփյուռք համաժողովի համընկնումն ու զուգահեռումը Հայաստանի համար արտաքին ու հատկապես ներքին մարտահրավերների համատեքստում հնարավորություն չեն տալիս շրջանցելու հայրենասիրություն և պետականաշինություն գաղափարների վերարժևորման խնդիրները: Որովհետև չնայած անկախության ձեռքբերմանը, անցած 20 տարիներին ոչ միայն չկարողացանք գտնել ազգային միասնականության ապահովման բանալին, այլև ավելի ու ավելի խորացրինք ներքին հակասությունները, անհանդուրժողականությունը, սոցիալական ու քաղաքական բևեռացվածությունը: Եվ գոնե հիմա այս խնդիրների վերարծարծման և ելքեր գտնելու համար անհրաժեշտ է, առաջին հերթին, ստեղծված իրավիճակի` անիմաստ պաթոսից ու պսևդոհայրենասիրության քողածածկույթից զերծ անկեղծ գնահատման, ինքնավերլուծության միջավայր ձևավորել և հասկանալ` ի վերջո, ինչպիսի՞ Հայրենիք ենք ուզում ունենալ, ի՞նչ արժեքների ու նպատակների ենք նպատակաուղղելու մեր աշխարհասփյուռ մարդկային ռեսուրսներն ու ներուժը:

Ահա այս օրակարգն է առաջարկում Հայաստան-Սփյուռք համաժողովին ՀՅԴ-ն` ի դեմս Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի: «Խոստովանենք` դժվար է Հայրենիք-պետականություն, պետություն-իշխանություն, քաղաքական իրավիճակ ու պետական համակարգ հասկացությունների զանազանության գիտակցումը` այս ամենից հեռու հասարակ հայորդու համար` բանվորի, բժշկի կամ նկարչի, ով անում է իր գործը, ապրում է իր առօրյայով եւ, դրան զուգահեռ, պարզապես ուզում է սիրել իր Հայրենիքը, հպարտ լինել իր Հայրենիքով եւ անհրաժեշտության դեպքում օգտակար լինել նրան»,-նշում է նա` նկատելով, որ, չնայած պետությունն արտաքուստ կարևորում է ազգային պետականության շուրջ համահայկական ներուժի և կարողությունների համախմբման անհրաժեշտությունը, սակայն իրենով հպարտանալու, ներշնչվելու և անմնացորդ նվիրվելու հնարավորություն չի տալիս: Պատճառն այն է, որ անկախություն ձեռք բերելուց անգամ 20 տարի անց, ներկայանում ենք որպես աղքատությունը, անգործությունը, տնտեսության քայքայումը, սոցիալական անապահովությունը և, որ ամենակարևորն է` անարդարությունն ու քրեական անպատժելիությունը հանդուրժող երկիր ու պետություն:

Անկախ նրանից` խոսքն աշխահասփյուռ հայությանն է վերաբերում, թե օտարերկրացուն, երկիրն արժանապատիվ է ներկայանում միայն այն դեպքում, երբ պետությունը հոգատար է սեփական ժողովրդի հանդեպ, հարգում ու պաշտպանում է իր քաղաքացու արժանապատվությունն ու իրավունքները, հենվում է արդարության սկզբունքի վրա և բոլորին հավասար պայմաններում ինքնադրսևորվելու, սեփական ունակություններն ու ներուժն օգտագործելու ազատ հնարավորություն է ստեղծում: Այդ սկզբունքների խախտումը կամ ձևախեղումն է, որ հանգեցնում է սոցիալական ծայրահեղ շերտավորման, պետությունից հիասթափության:

«Առանց սոցիալական արդարության, մենք հզոր հայրենիք չենք ունենալու, առանց բարօր ու արդար Հայաստանի մենք մեր պետականության շուրջ ազգային համախմբվածություն չենք ունենալու, առանց արդարության մենք ազգային միասնականություն չենք ունենալու»,- իր ելույթում նշում է Հրանտ Մարգարյանը` հավելելով, սակայն, որ դա հուսահատության չպետք է մղի, այլ հակառակը` առկա արատները վերացնելու վճռականություն պետք է հաղորդի. «Շողշողուն, անհոգ, վարդագույն երկրները բոլոր հայրենասերերն էլ կարող են սիրել, իսկ տառապյալ եւ զրկանքներ կրող երկիրը` միայն իրական հայրենասերները»:

Այդ ներքին դիմադրությունը, պայքարը, սակայն, արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ բխում է համընդհանուրի, պետության շահերից, երբ դրանց անվան տակ մասնավոր հետաքրքրություններն ու շահերը չեն մղվում առաջնային պլան և երբ պետության անհաջողությունները չարախնդության առիթ, քաղաքական ամբիցիաների բավարարման միջոց չեն դառնում, ինչի ազդեցությունից թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական համակարգը չեն կարողանում ձերբազատվել:

Ակնարկելով այս ճանապարհով ինքնահաստատման ուղին բռնած ուժերին` Հրանտ Մարգարյանն իր ելույթում նշում է. «Պայքարը պետք է լինի ոչ թե ընդդեմ, այլ հանուն: Ոչ թե ընդդեմ անձերի, այլ հանուն գաղափարի: Հանուն պետության եւ ժողովրդի բարօրության գաղափարի: Եվ հավատացած եղեք, որ ճիշտ պայքարի դեպքում խանգարող անձերը կդադարեն խանգարել եւ ինքնուրույն ասպարեզից կհեռանան»: Ըստ այդմ, ճանապարհներից մեկը, գուցե ամենակարևորը, քաղաքական դաշտի արհեստական բևեռացվածության չեզոքացումն է: Ու քանի որ այդ հորձանուտը ներքաշված ներկայիս ուժերը կամք ու ցանկություն չունեն ինքնակամ հեռանալու, վերափոխվելու, այդ խնդրի լուծումը մնում է հասարակության ու մտավորականության ուսերին:

«Այդ բեւեռացման մեջ օդ չկա շնչելու, հույս չկա փոփոխությունների, բայց կա այդ բեւեռացման ամենակարեւոր զոհը` հասարակ ժողովուրդը, հայրենասեր մտավորականությունն ու քաղաքական ուժերը, որոնք պարտավոր են սթափվելու, պարտավոր են պոռթկալու` մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու նեղմտությունը, պարտավոր են քով քովի գալու, համախմբվելու, միանալու ու նոր ճամփա բացելու երկրի ու ժողովրդի առջեւ»,- եզրափակում է Հրանտ Մարգարյանը:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ